Քաղաքապետն ուզում է Երևանն «Անվտանգ քաղաք» դարձնել
Երևանի 60 բանուկ խաչմերուկում ու կանգառում ավարտվել է հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու նպատակով տեսախցիկների տեղադրման գործընթացը: Այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է իրականացնել մշտական վերահսկողություն:
«Անվտանգ քաղաք» հայեցակարգի շրջանակում քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագիր իրականացնել' մեկ ընդհանուր բազայում համատեղելով ոստիկանության և այլ կառույցների տրամադրության տակ գտնվող տեսախցիկները:
Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տեսախցիկներ են տեղադրվում նաև Երևանի մետրոպոլիտենում:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև հետևողականորեն շարունակել ապօրինի, ժամկետանց և չգործող կրպակների ապամոնտաժման գործընթացը: Նա միաժամանակ շեշտել է, որ նոր կրպակների տեղադրման թույլտվություն չի տրվելու:
Հուլիսի 1-ի դրությամբ մայրաքաղաքում արդեն ապամոնտաժվել է 893 ապօրինի, չգործող կրպակ:
Անդրադառնալով մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրին' Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել բակերի մաքրումը բնակիչների ապօրինի հողազավթած, «բոստանային» տարածքներից ու փոխարենը բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտիներ ստեղծել:
Նշված տարածքներում կտեղադրվեն «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տրամադրված մարզագույք ու մանկական ժամանակակից խաղեր:
Այժմ լայն թափով բարեկարգվում են քաղաք մտնող գլխավոր մայրուղիները: Բարեկարգվելուց հետո Երևան-Աշտարակ, Երևան-Զովունի խճուղիների միջնաշերտն ու Արգավանդի խաչմերուկից մայրաքաղաք տանող Իսակովի պողոտայի հարակից տարածքները ամբողջությամբ կկանաչապատվեն ու կծաղկապատվեն:
Նշված տարածքներն ապահովված կլինեն նաև ոռոգման նոր ցանցով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել