Հայկական Կարմիր խաչը մարդասիրական օգնություն է տրամադրել կարկուտից տուժած 983 ընտանիքների
Մինչև հուլիսի 15-ը ՀԿԽԸ Աղետներին արձագանքման թիմը կազմակերպեց 4.020 շահառուի (983 ընտանիք) մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը, որը ներառում էր 2.090 սննդի և հիգիենիկ պարագաների ծանրոցներ և հաշվարկված էր շահառու ընտանիքի սննդի և հիգիենիկ կարիքները 2-3 ամսով բավարարելու համար:: Բաշխումը իրականացվեց նախապես մշակված բաշխման չափանիշների և շահառուների ցուցակի համաձայն:
Մարդասիրական օգնության տրամարումը հնարավոր դարձավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի /ԿԽԿՄ ՄՖ/ Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի /ԱԻԱՀ/ կողմից հատկացված 197.155 եվրո միջոցով, որից 157,724 եվրո հատկացրեց Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչությունը՝ նախաձեռնած մարդասիրական արձագանքին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 12-ից 17-ը աղետալի կարկուտի հետևանքով լուրջ վնաս հասցվեց Արմավիրի մարզի 46 գյուղական համայնքներին: Համաձայն Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի հաշվետվությունների՝ ամբողջովին կամ մասնակի վնաս է հասցվել 46 համայնքների գյուղատնտեսական նշանակության դաշտերին ու այգիներին, տուժել է 12.800 ընտանիք, իսկ նախնական վնասի չափը գնահատվում է 28,268,56 միլիարդ դրամ կամ 60 միլիոն ԱՄՆ դոլար:
Եվրոպական հանձնաժողովը ԿԽԿՄ ՄՖ հետ ստորագրել է 3 մլն եվրոյի մարդասիրական աջակցության պայմանագիր՝ աջակցելու Ֆեդերացիայի ԱԻԱ հիմնադրամին: ԱԻԱ հիմնադրամը գումարները հիմնականում տրամադրում է փոքրամաշտաբ աղետների դեպքում, երբ այն չի վերածվում ֆորմալ միջազգային կոչի: Այս մասին հաղորդում է ԵՄ Մամուլի և տեղեկատվության բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել