HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակում կկառուցվի նոր բնակելի թաղամաս սիրիահայերի համար

Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ՀՀ տեղափոխված սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Ասուլիսին մասնակցեցին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, ԵՊՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ համաձայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի՝ արդեն մեկնարկել են բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագրի իրականացման աշխատանքները. 2013թ հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմել է Աշտարակի քաղաքապետին, որի հիման վրա Աշտարակի ավագանին 2013թ հուլիսի 23-ին որոշում է կայացրել Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերելու վերաբերյալ:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից հստակեցված բնակարանային պահանջարկի հիման վրա ԵՊՃՇՀ-ն և «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցություն» ՀԿ-ն համատեղ բարեգործական հիմունքներով իրականացնում են «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքները: Նախատեսվում է կառուցել 5-10  երկու մուտք ունեցող չորսհարկանի բնակելի շենք և շուրջ 100 առանձնատուն: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից հաշվառվել է շուրջ 300 սիրիահայ ընտանիք, որոնք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում, նրանցից մի քանիսը հալեպաբնակ են և մշտական բնակության նպատակով վերադառնալու են Երևան: Կազմակերպությունը զբաղվում է սիրիահայերի կարիքների գնահատմամբ և կկազմակերպի բնակարանների բաշխումը:

Նախարարը նշեց, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ: Գումարի մի մասը վճարելու են սիրիահայերը: «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցման նպատակով առաջին նվիրատվությունն արել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը՝ սիրիահայերին օգնելու նպատակով նվիրաբերելով 100 հազար ԱՄՆ դոլար: Բարերարներ Կարեն և Սամվել Կարապետյանները ևս պատրաստակամություն են հայտնել աջակցել այս ծրագրին: Նախարարը նշեց, որ 36 հայ նկարիչներ ևս աջակցում են այս ծրագրին և նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքից ստացված գումարները նվիրաբերելու են սիրիահայերի աջակցության ֆոնդին: Նախարարը կոչ արեց արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչներին ևս իրենց բարեգործական ձեռնարկներով  աջակցել այս ծրագրին: 

ԵՊՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանն ասաց, որ նախագծային քայլերը կատարելիս յուրովի մոտեցում են ցուցաբերելու և նախագծային առաջադրանքի հստակեցման դեպքում նախագծումը ավարտուն տեսք կստանա:

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը նշեց, որ նախատեսվում է ամենաորակյալ կառուցվածքներով և բարձր սեյսմակայունությամբ շենքեր կառուցել: Առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը շնորհակալություն հայտնեց hայրենիքում և sփյուռքում աջակից բոլոր գերատեսչություններին և կառույցներին, ներկայացրեց սիրիահայերին աջակցելու  նպատակով բացված բանկային հաշվեհամարը և կոչ արեց յուրաքանչյուրին իր մասն ունենալ այս ծրագրի կայացման գործում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter