HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի կանաչապատման համար ֆինանսական միջոցները չեն բավարարում

Տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման մեջ մեծ ներդրումների հավակնություն ունեցող Գորիսն այսօր լուրջ խնդիրներ ունի, որոնց թվում նաեւ քաղաքի կանաչապատումն է: Քաղաքում չկան ծաղկապատ տարածքներ, հողաշերտի վրա ստեղծված գազոնային շերտեր, բարեկարգ պուրակներ, այգիներ, փոխարենը գերիշխում են մոլախոտերով, փշերով ողողված փողոցները, անմշակ պուրակները` անգամ կենտրոնական հրապարակներում:

 «Անցած տարվա 9 հարյուր հազար դրամի փոխարեն 2013թ. տեղական բյուջեից սանմաքրման աշխատանքների համար հատկացվել է 1 մլն 300 հազար դրամ»,- ասում է Գորիսի համայնքային իշխանության աշխատակազմի Ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հարություն Հովհաննիսյանը: 

Գորիսում աղբահանությունը, սանմաքրումն ու մաքրման աշխատանքներն իրականացնում է «Գորիս» ՏՆՏ ՓԲԸ-ն: Այս տարի ընկերությունը համայնքային բյուջեից հատկացված գումարով աշխատանքներ է կատարել մի քանի կենտրոնական փողոցներում՝ Մաշտոցի, Անկախության, Արցախյան խճուղու, որի ընդհանուր ծավալը կազմում է 200 քառակուսի մետր տարածք:

«Հատկացված գումարը չի բավականացնում լայնածավալ աշխատանքներ իրականացնելուն: Քաղաքի սանմաքրման համար անգամ քսան բանվորը չի կարող մեկ տարվա մեջ քաղաքը մաքրել մոլախոտերից: Մինչդեռ մեր տնտեսությունն այլ խնդիրներ եւս ունի, մասնավորապես՝ աղբահանության կազմակերպումը: Չենք հասցնում, աշխատանքները ծախսատար են»,- ասում է «Գորիս» ՏՆՏ ՓԲԸ-ի տնօրեն Սեյրան Գեւորգյանը: 

Ս. Գեւորգյանի կարծիքով` մոլախոտերի, վայրի բույսերի առկայությունը պայմանավորված է նաեւ քաղաքի մայթերի երկայնքով հոսող առուների առկայությամբ, որոնք խցանումների պատճառով նպաստում են դրանց փարթամ աճին:  

Քաղաքում չկան մշակված կանաչապատ տարածքներ: Գորիսն ունի երկու զբոսայգի եւ երկու հրապարակ, որոնք անհրաժեշտ է բարեկարգել: «Այս տարի համայնքային բյուջեով նախատեսվում է միայն Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակի բարեկարգումը»,- տեղեկացնում է համայնքային իշխանության աշխատակազմի քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Խիկար Միրզոյանը: Նա նաեւ նշում է, որ ֆինանսական սուղ միջոցների պատճառով բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվի նաեւ քաղաքային պատկերասրահին հարակից պուրակում, ինչպես նաեւ այդ տարածքում գտնվող շատրվանների ջրավազանում: 


Մարիամ Մաթեւոսյան 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter