Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Տոլմայի փառատոն
Հուլիսի 14-ին` ժամը 18:00-22:00-ն, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպում է աննախադեպ միջոցառում՝ Տոլմայի փառատոն:
Միջոցառման նպատակն է մասսայականացնել հայ ավանդական կերակրատեսակները և ամրագրել հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցն, ինչպես նաև տոլման ներկայացնել որպես հայկական կերակրատեսակ՝ հերքելով այն թյուր կարծիքը, թե իբր այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի:
Ինչպես հայտնում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, փառատոնն անցկացվելու է մրցույթի ձևով: Մրցույթային մասին կմասնակցեն ինչպես Հայաստանի առաջատար ռեստորաններ, այնպես էլ անհատներ Երևանից և մարզերից` ընդհանուր առմամբ 20 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը տեղում կպատրաստի ավանդական տոլմայի իր տարբերակը՝ յուրօրինակ բաղադրատոմսով: Հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:
Հրավիրված են նաև մասնակիցներ Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից և Վրաստանից: Հաղթողներին կհանձնվեն մրցանակներ մի քանի անվանակարգում: Նախատեսվում է մրցույթը զուգակցել «Կարին» ազգագրական համույթի երգ ու պարով:
Փառատոնի պատվավոր հյուրերն են լինելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցող հայ և օտարազգի անվանի դերասանները, ռեժիսորները, ինչպես նաև պաշտոնատար անձինք, որոնք, ընդգրկվելով ժյուրիի կազմում, որոշելու են փառատոնի հաղթողներին:
Միջոցառմանը հրավիրվելու են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, պատգամավորներ, հասարակական-քաղաքական և մշակույթի գործիչներ, տարբեր ՀԿ-երի, դեսպանատների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել