Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների հանձնաժողովները հաստատեցին Արցախին տրամադրվող օգնությունը
Ազատության ակտի 907-րդ ուղղումը պահպանվեց
Այսօր Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հաստատեց 2014 ֆինանսավորման տարվա Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների օրինագիծը, որն իր մեջ ներառում է հատուկ զեկույց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):
Սենատի զեկույցը առաջարկեց «նախորդ տարիների գումարի չափին համապատասխան ֆինանսական օգնություն հատկացնել Լեռնային Ղառաբաղի հակամարտությունից տուժածներին և հակամարտությանը առնչվող ընթացիկ կարիքների համար»: Ի լրումն, Հանձնաժողովը կոչ արեց «հակամարտության խաղաղ լուծում»:
«Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շարունակական օգնության տրամադրումը կարևորագույն առաջնահերթություններից է», - Համագումարին հայտնեց սենատոր Մարկ Քիրքը, ով Սենատի Հատկացումների հանձնաժողովի անդամ է:
Սենատի Հատկացումների հանձնաժողովի նախագահող Բարբարա Միկուլսկիին ուղված նամակում Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթան ընդգծեց Հայաստանին և Արցախին ցուցաբերվող ԱՄՆ օգնության կարևորությունը` հաշվի առնելով թուրքական և ադրբեջանական շարունակական շրջափակումները:
Սենատն իր այս քայլով հետևեց Ներկայացուցիչների պալատի օրինակին, որը երեկ հաստատեց օրինագծի իր տարբերակը: Ներկայացուցիչների պալատի օրինագծի տարբերակի տեքստում ասվում էր, որ «հատկացված ֆինանսներով պետքարտուղարը պետք է նախորդ տարիների գումարի չափին համապատասխան օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին, ինչպես նաև հակամարտությանը առնչվող ընթացիկ կարիքների համար»:
Ներկայացուցիչների պալատի Հատկացումների օրինագծում նաև նշվում էին Ազատության ակտի 907-րդ ուղղման հումանիտար և այլ աջակցությունների վեց ավանդական արտոնությունները: 907-րդ ուղղումը հաստատվել է 1992թ. և պահանջում է Ադրբեջանի կառավարությունից «տեսանելի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի նկատմամբ ցուցադրվող բոլոր շրջափակումների վերացման և ուժի այլ կիրառումների դադարեցման ուղղությամբ»:
Ընդհանուր առմամբ, 2013 ֆինանսական տարվա սահմանված մակարդակից Սենատի օրինագծում առկա է հինգ տոկոսի կրճատում, մինչ Ներկայացուցիչների պալատի օրինագծում կրճատումները 19 տոկոս են կազմում:
«Հաշվի առնելով Արցախի շարունակական կարիքները, ես մեծ հաճույքով հայտնում եմ, որ ենթահանձնաժողովի նախագահողի և մեծամասնության անդամի հետ աշխատելու արդյունքում մեզ հաջողվեց ապահովել Ղարաբաղի ֆինանսական օգնության տրամադրումը»,- ԱՀՀ-ին հայտնեց Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի անդամ և կոնգրեսական Ադամ Շիֆը:
Այս տարվա սկզբին Համագումարն իր խոսքում կարևորեց Միացյալ Նահանգների կողմից Արցախին, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող օգնությունը, և խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը Սիրիայում բնակվող հայերին և նրանց, ովքեր արտագաղթում են Սիրիայից: Բացի այդ, Համագումարը մատնանշեց նաև անբացատրելի ներման շնորհումը ադրբեջանցի սպային, ով դաժանորեն սպանել էր հայ սպային ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության զորավարժությունների ժամանակ, և կոչ արեց, որ ենթահանձնաժողովը «դադարեցնի ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին»:
Այս շաբաթ Կոնգրեսի կարևոր հավաքների ժամանակ հավանություն տրվեց Միացյալ Նահանգների արտաքին օգնության առաջնահերթություններին: ԱՀՀ-ն հաղորդեց, որ այցելել է Կոնգրեսի շուրջ 125 անդամների և առձեռն փոխանցել Համագումարի 2013 թվականի նոր մամլո հաղորդագրությունների փաթեթը, որում ընդգծվում է Հայաստանի և Արցախի համար ֆինանսավորման առաջնահերթությունները, ներառյալ Ադրբեջանի մասին Համագումարի նոր փաստաթուղթը:
«Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին Ներկայացուցիչների Պալատում և Սենատում Արցախին հատկացվող այս վճռորոշ օգնությունը ապահովելու համար»,- հայտարարեց ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Վերջինս հավելեց. «Հատկացումների այս գործընթացի ընթացքում ակնկալում ենք շարունակական աշխատանք Կոնգրեսում մեր գործընկերների հետ»:
Լուսանկարում, ձախից՝ Մարկ Քիրք, Ադամ Շիֆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել