HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրա՞նցք, թե՞ աղբատար

Մարի Չաքրյան

Օրերս Եղվարդի «Օրհուս» կենտրոնի աշխատակիցները  և կամավորները շրջեցին Եղվարդում՝ նպատակ ունենալով ջրի մոնիթորինգի պարզագույն սարքի միջոցով պարզել, թե ինչ որակի ջրեր են հոսում ոռոգման համակարգերով ու սելավատարերով: Քանի որ ոռոգման սեզոնը դեռևս չի բացվել, ոռոգման ներտնտեսային համակարգերում ամեն ինչ գտանք` բացի ջրից, իսկ սելավատարերով էլ, ինչպես պարզեցինք, կոյուղաջուր է հոսում: Անիմաստ համարելով այդ ջրերի նմուշարկումը` ուղղակի լուսանկարեցինք մեր տեսածը:

Այնուհետև կենտրոնը նախաձեռնեց Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, ինչպես նաև ներտնտեսային ոռոգման համակարգերի ու սելավատարերի վիճակի վերաբերյալ հասարակական քննարկում: Քննարկմանը մասնակցեցին Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալը, «Եղվարդ» ՋՕԸ ղեկավարը, Հիգիենիկ համաճարակային կենտրոնի ներկայացուցիչը, Վետերանների միության նախագահը, լրագրողներ, ջուր օգտագործողներ, երիտասարդներ: «Եղվարդ» ՋՕԸ ղեկավար Մ. Հովհաննիսյանի հավաստմամբ, ամեն տարի մի քանի մլն դրամ է ծախսվում մայր ջրանցքն ու հատկապես ներտնտեսային համակարգերը կենցաղային աղբից ու գոմաղբից մաքրելու նպատակով, աղտոտվածության աստիճանն այնքան մեծ է լինում, որ բանվորներն անգամ հրաժարվում են մաքրել ջրանցքները նախատեսված գումարով՝ պահանջելով բարձր վարձատրություն:

Եղվարդ քաղաքի ոռոգման ջրի ներտնտեսային ամբողջ համակարգի ընդամենը  5 տոկոսը կազմող հատվածից միայն 2 օրվա ընթացքում դուրս է բերվել ու տեղափոխվել 12 բեռնատար մեքենա աղբ: Սակայն դա չի նշանակում, որ այս հատվածում գործն ավարտված է. մինչև ջրանցքով ոռոգման ջրի հոսելը, նորից աղբ կկուտակվի, աղբի կուտակումը կշարունակվի նաև դրանից հետո:

Դրա հետևանքով ոռոգման սեզոնի ընթացքում 3 օրը մեկ ՋՕԸ ախատակիցները ստիպված են լինում կասեցնել ջրի հոսքը ու վերացնել հատկապես ջրանցքի ծածկված հատվածներում առաջացած աղբի խցանումները:

Ջրանցք են թափվում նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի թափոնները: Ավելին՝ ոռոգման ջուրը քաղաքի տարբեր հատվածներում հարստանում է նաև կոյուղաջրերով, հողագործներն այդ ջրով ջրում են իրենց դաշտերն ու մեզ հրամցնում քիմիական նյութերով, տարաբնույթ հիվանդածին մանրեներով ու հարուցիչներով, այլևայլ վտանգավոր նյութերով պարարտացված գյուղմթերքները:

Նույն,`անգամ ավելի վատթար վիճակում են Եղվարդի սելավատարերը, որոնք տեղափոխում են ամեն ինչ, բացի անձրևաջրերից:

Խնդիրը միշտ եղել է ու շարունակում է մնալ չլուծված:

Չնախատեսված վայրում աղբ թափելու համար նախատեսվում է տուգանք 50 000 դրամի չափով: Այս մասին զգուշացումներ կան Եղվարդ քաղաքի տարբեր տեղերում, սակայն դեռևս ոչ ոք չի տուգանվել:

Համայնքի ղեկավարի տեղակալ Կ. Հարությունյանի պնդմամբ, դա շատ դժվար ապացուցելի գործընթաց է: Նա նաև տեղեկացրեց, որ բնակիչները հրաժարվում են վճարել աղբահանության համար ամսական մեկ անձի համար նախատեսված 100 դրամը, հավաքագրվում է հաշվարկված գումարի հազիվ 10 տոկոսը:

Այնուհանդերձ համայնքի ղեկավարությունը ձեռք է բերել աղբատար շրջիկ մեքենա, որն առաջիկա օրերին կշահագործվի: Սակայն, միջոցառման մասնակիցներից մեկի կարծիքով, դա էլ վերջնական լուծում չի կարող լինել, քանի որ Նոր Հաճնի օրինակով, ուշացած աղբ թափողներն իրենց բեռը կթողննեն ուղղակի փողոցի կենտրոնում կամ նորից կնետեն ջրանցքն ու սելավատարը:

Հնչեցին բազմազան առաջարկություններ: Քննարկման մասնակիցները եկան այն հետևության, որ պետք է մշտական բացատրական և ուսուցողական աշխատանք տանել հասարակության հետ, կազմակերպել պարսավանքի կոչերով ակցիաներ: «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ նախագահը խոստացավ իրենց անդամների ուժերով առաջիկայում կազմակերպել նման միջոցառումներ: Թե փոքրաթիվ երիտասարդներին ինչքանով կհաջողվի բարձրացնել հասարակության գիտակցության մակարդակը, տեսանելի կլինի մոտալուտ ապագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter