HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մտորումներ շարժում կազմավորելու մասին. դիմադրության ու համերաշխության մշակույթի խթանումը

Շարժում կազմավորելը պարզ գործ չէ: Բազմաթիվ են շարժման վերահսկողությունից վեր գտնվող գործոնները, սայթաքելու հնարավորությունները, անհայտները: Ուսուցողական ձեռնարկ էլ չկա: Հաճախ չկա անգամ հստակ պատկերացում այն մասին, թե ինչ պիտի ստացվի վերջում:

Այս առումով որևէ շարժման երկարաժամկետ հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով այն ունակ կլինի ինքնավերլուծության և «փրաքսիսի»՝ տեսության և գործնականի համատեղմանը: Այն, ինչի ականատեսն ենք այսօր Երևանում, իր նախադեպը չունի: Անթերի չէ, բայց ոչինչ, լավ է: Ինչ-որ բաներ ստացվեցին ու վատ չստացվեցին: Մեկ շաբաթից էլ քիչ տևած պայքարում ուղեվարձի թանկացումը կասեցվեց (թող և ժամանակավոր): Բայց սա ոչ թե շարժման ծնունդ է, այլ ավելի կարևոր բան. սա շարժման հասունացման գործընթաց է:

Իր կատարած ամեն քայլով այս շարժումը դառնում է ավելի փորձառու ու ավելի ինքնավստահ: Տրանսպորտի վարձավճարի 50% թանկացումը կասեցնելու ֆոնին տեսնում ենք, թե ինչպես են ուրվագծեր ստանում կազմակերպվելու և շարժում ձևավորելու նոր ձևեր: Դրանով իսկ կազմավորվում է դիմադրության ու համերաշխության մշակույթ, որոնք համակարգային սոցիալական փոփոխության հիմնաքարերն են: Վերջին հաղթանակի լույսի ներքո միանգամայն տեղին է թվում ինքնավերլուծությունը:

Այսօրվա շարժումը առանձնանում է իր յուրահատուկ հատկանիշներով: Այն չունի միանձնյա առաջնորդ կամ ղեկավարող կազմակերպություն: Այս հանգամանքն, անշուշտ, կարելի է համարել և՛ առավելություն, և՛ սահմանափակում, սակայն անհերքելի է առնվազն, որ այն իրավունքի զգացումով զինող և հզորացմանան անփոխարինելի աղբյուր է: Ամեն մեկն առաջնորդ է, ամեն մեկը հետևորդ է, և այս երկու դերերի համատեղումից բխում է կրկնակի պատասխանատվություն: Եվ որ ավելի կարևոր է, սա ամրապնդում է այն գաղափարը, որ այսօրվա Հայաստանի խնդիրների լուծման համար պետք չէ փրկիչ քաղաքական գործչի սպասել կամ կույր կողմնակալությամբ հետևել որևէ ուժի: Լուծումը հավաքական կամքն է՝ նախաձեռնելու, ոտքի կանգնելու և առերեսվելու անարդարությանը, ինչ-որ նոր բան փորձելու:

Այս իմաստով միայն մասնակցությունն այսօրվա շարժմանը արդեն գործոն է ավելի ուժեղ քաղաքացիություն ձևավորելու համար: Այն ծառայում է որպես ուսուցողական հարթակ  քաղաքացի-ակտիվիստների նոր սերնդի համար: Վերջիններից շատերի համար սա առաջին շարժումն է` սեփական մասնակցությամբ: Հաղթանակի համն առնելը նշանակում է, որ շատերը հավանաբար կվերադառնան` հաջորդ փուլին մասնակցելու: Նրանք ավելի փորձառու և, հուսանք, ավելի զորեղ կլինեն, քան էին, երբ միանում էին այս մեկին:

Շարժումը նորարարական է իր կառուցվածքով. այն համադրում է դրսից  վերցված տեխնիկաներ և իրապես «տեղական արտադրության» լուծումներ: Այն ոչ ֆորմալ խմբերի ազատ, ճկուն կերպով համակարգվող ցանց է, ուր մարդկանց միավորում են  արժեքներ, գաղափարներ, նպատակներ ու պահանջներ և ոչ թե կազմակերպություններ: Այն գործում է և՛ օնլայն, և՛ օֆլայն տիրույթներում: Ցրված լինելով մի շարք ֆեյսբուքյան խմբերով ու էջերով մեկ, ուր անվերջ քննարկվում են մարտավարություններ ու ռազմավարություններ` այն միաժամանակ տեսանելի է քաղաքով մեկ իրականացվող ակցիաների, ինչպես նաև ամեն երեկո Մաշտոցի պուրակում «Օքյուփայ»-ի ոգով արվող ընդհանուր հավաքների ձևով:

Ընդ որում, ի տարբերություն «Օքյուփայ»-ի և ի պատիվ մեր ակտիվիստների` շարժումն այս դեպքում ինքնանպատակ չէ: Այն «իրազեկվածությունը բարձրացնելու» կամ «սրբազան պատերազմի» համար չէ: Այն ուղղված է միանգամայն շոշափելի և կոնկրետ բաների հասնելուն: Այսպիսի կառուցվածքի շնորհիվ շարժումը նպաստում է այնպիսի նոր արժեքների ձևավորմանը, ինչպիսիք են հորիզոնականությունը, ձայների հավասարությունը և ինքնակազմակերպումը: Այլ կերպ ասած` սրանք են խաղի կանոնները, և այլ կերպ խաղալ չի կարելի: Ցանկացած մեկն, ով կփորձի խաղալ այլ կանոններով, միանգամից որակվում է որպես սադրիչ և վտարվում: Առաջին հայացքից սա խիստ կոշտ մոտեցում կարող է թվալ, բայց ներկայիս հայկական իրականության մեջ, ուր և՛ պետության կողմից ներդրված, և՛ մասնավոր շահեր հետապնդող բազմաթիվ սադրիչներ կան, հենց այս մեխանիզմի շնորհիվ բավականին էֆեկտիվ կերպով կանխվել են կոոպտացիայի և սաբոտաժի փորձեր:

Այս շարժումը հիմնված է կոնկրետ խնդրի վրա, հանրության լայն շերտերի շահերի վրա և կողմնորոշված է դեպի նպատակ: Ասվածն ակնհայտ է թվում, սակայն այս երեք գործոնների միաժամանակյա ներկայությունն, ըստ էության, անսովոր և համեմատաբար նոր բան է: Ընդ որում, բուն խնդիրն իր բովանդակությամբ գրեթե երկրորդային է: Իհարկե, Հայաստանում հրատապ խնդիրների պակաս չկա, բայց այստեղ ավելի էական է հենց փաստը, որ շարժումը հիմնված է կոնկրետ խնդրի վրա: Պաոլո Ֆրեյրեի խոսքերով՝ ճանապարհը բացում են քայլելով: Իսկ քայլում են` ամեն անգամ մեկ քայլ դնելով:

Ընդհանուր բնակչությանն առնչվող կոնկրետ խնդրի լուծումը հենց այդպիսի քայլ է: Ի տարբերություն վերջին շրջանի քաղաքացիական մոբիլիզացման մյուս փորձերին` այսօրվա շարժումը վերացական կամ հռետորական բնույթ չունի: Այն ունի նշանակետ և պրագմատիկ է: Հենց սկզբից այն կարողացավ հստակ կերպով ձևակերպել իր նպատակներն ու պահանջները՝ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ: Ոչ մի պահ վարանում չի եղել այն հարցում, թե ինչին են հետամուտ կամ ինչու: Այսպիսի ընդունակությունը պաշտպանում է շարժումը հնարավոր կոոպտացիայից, ինչպես նաև հանրության շրջանում և մեդիայում հնարավոր շփոթություններից: Բացի այդ, այն ձևավորում է փոխադարձ վստահություն ակտիվիստների միջև: Քանի որ մասնակցությունն ինքնակամ է, ապա միանգամայն իրավացի կլինի ենթադրել, որ շարժման բոլոր մասնակիցները հետամուտ են նույն պահանջներին և առաջնորդվում են միևնույն արժեքներով:

Այս շարժումը ներմուծել է բազմաթիվ նորարարական, մարտավարական հնարքներ: Էլ չկան Ազատության հրապարակի՝ արդեն հնացած ու անարդյունավետ հանրահավաքները: Դրա փոխարեն այժմ  Մաշտոցի պուրակն է: Հարթակից դասախոսություններ լսելու փոխարեն մարդիկ հիմա հավաքվում են` քննարկումներ, կրթական դասընթացներ անելու, ոգևորվելու, իրական գործ անելու: Սա ձևավորում է համերաշխության մշակույթ տարբեր, անգամ անհամատեղելի խմբերի միջև, որոնց դաշնակից դառնալը դժվար էր պատկերացնել:

Այստեղ գործընթացը կարևոր է ճիշտ այնքան, որքան արդյունքը: Այս գործում յուրաքանչյուրը փոխլրացնող և մասնակցային սկզբունքով  ներդնում է այն, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում: Այլ կերպ ասած` շարժումը դառնում է մարդկանց այնպիսի միավորում, որի անդամները լրացնում են միմյանց լավագույնս արված գործը: Սա շահեկան ռազմավարություն է, քանի որ շարժման մասնակիցներին տալիս է տեր լինելու զգացում: Այստեղ է, որ սկսվում է անհաղորդ, ցինիկ հանդիսատեսից ակտիվիստի փոխակերպումը, որովհետև տեր լինելու զգացում ունենալը ձևավորում է արդարացի շահագրգռվածություն արդյունքի հարցում:

Մարտավարությունների այս բազմազանությունը շարժման վառելիքն է: Դրանք ապահովում են ներգրավման բազմակի մակարդակներ, ինչպես նաև շարժում մուտք գործելու տարբեր կետեր մարդկանց տարբեր խմբերի համար: Եթե հետաքրքրություն և ժամանակ ունես, կարող ես երևալ ընդհանուր հավաքներին, միանալ քո շրջակայքում ապրող մյուս մասնակիցներին, որ հետո կազմակերպես տեղական ակցիաներ: Եթե մեքենա ունես, կարող ես մասնակցել «անվճար մեքենա» նախաձեռնությանը՝ համախոհդ դարձած անծանոթներին տուն տանելով: Եթե աշխատանքից ուշացող ուղևոր ես, մասնակցել ես` նոր ուղեվարձը մուծելուց հրաժարվելով: Յուրաքանչյուր մակարդակում կարող ես ցույց տալ դիմադրության քո ձևը: Ի վերջո, պարզ իրողություն է. որքան ավելի շատ մասնակցության ձևեր, այնքան ավելի շատ մասնակիցներ:

Այս շարժումը մարդկանց չի հորդորում կույր հավատ տածել դատարկ խոստումների հանդեպ: Փոխարենը, այն կազմակերպեց այնպիսի քաղաքացիական մասնակցություն, որտեղ մարդը անմիջականորեն ընդդիմանում էր ուղեվարձի թանկացմանը՝ վճարելով նախկին վարձը: Սա միանգամայն իրագործելի հորդոր էր, որը ուղղակիորեն ներգրավեց բոլոր ազդակիրներին, այսինքն՝ նրանց, ում այս խնդիրն առնչվում էր: Հենց միայն բարձրացված ուղեվարձը չվճարելով՝ միջին, հոգսերից կքած և իրավազրկված քաղաքացին միացավ շարժմանը և անմիջապես քաղեց դրա օգուտները:

Ինչպես մի հին ասացվածք է հուշում, «անմիջական գործողությունը բարիքի է հասցնում»: Իսկապես, շարժման ամենամեծ ուժը թերևս անմիջական գործողության արդյունավետ օգտագործումն է: Երբ կողքին նստած ուղևորը ևս հրաժարվում էր ավել վճարել, համերաշխության կապեր էին հաստատվում: Սա նաև նվազեցնում էր դիմադրության «անձնական գինը», քանի որ դրան գնալու ռիսկն արդեն ցրված, բաժանված էր բոլորի միջև: Ի վերջո, երբ ամբողջ ավտոբուսը հրաժարվում էր վճարել, անհատական դիմադրության ռիսկը դառնում էր զրոյական: Այստեղ է, որ սկսում է արմատավորվել դիմադրության մշակույթը: Արդեն հազարավոր ավտոբուսներում բազմաթիվ սովորական քաղաքացիներ ապրել են համատեղ դիմադրության ակնթարթը: Եվ այսպես, ի՞նչ կարելի է անել պայքարի հաջորդ փուլում՝ դիմադրության համատեղ զգացումը շարունակելու համար:

Ինչպես վերը նշվեց, գործընթացն ավելի նման էր շարժման հասունացման, քան ծնունդի: Ծնունդն անցյալ տարի էր, երբ Մաշտոցի պուրակը փրկվեց վաճառակետերի տարածք դառնալուց: Անշուշտ, շատ այլ շարժումներ էին նախորդել Մաշտոցի պուրակին, բայց  վերջինիս հաղթանակը առանձնակի էր, հստակ: Անցյալ տարի այդ կանաչ տարածքը փրկելն ինքնանպատակ էր: Այսօր այդ կանաչ տարածքը միջոց է` նոր նպատակի հասնելու համար:

Մաշտոցի պուրակի հաղթանակը մի քանի ուղենիշ ձևավորեց, դարձավ բազմակողմ հաղթանակ, և սա է դրա ռազմավարական կարևորությունը: Անցյալ տարվա հաղթանակը ստեղծեց ազատագրված տարածք` հետագա շարժումների ձևավորման համար, որոնք արդեն բուն պուրակի հետ կապ չունեն: Պուրակն անցյալ տարի պաշտպանող ակտիվիստները կամա թե ակամա դրեցին այսօրվա շարժման հիմքերը՝ համալրելով դրա գործիքաշարը:

Այս շարժումով նախնական քայլեր են արվում վարորդների անկախ արհմիություն հիմնելու ուղղությամբ, ինչը բազմակողմ նպատակի ևս մեկ հիանալի օրինակ է: Նման միությունը ոչ միայն զգալիորեն կբարելավի ավտոբուսների և երթուղային տաքսիների վարորդների կյանքը, այլև կդրդի նրանց էլ ավելի մեծ մասնակցություն ունենալ շարժման մեջ, հատկապես երբ նրանց իրավունքներն են պաշտպանվում: Իսկ որ ամենակարևորն է, կազմակերպված փոխադրող աշխատուժը կարող է աննախադեպ լծակներ ստեղծել հետագա քաղաքացիական մոբիլիզացիաների համար: Որքան ավելի շատ լինեն այն բազմակողմ նպատակները, որոնց այսօրվա շարժումը կկարողանա հասնել, այնքան հնարքներով ու ուժեղ կողմերով ավելի համալրված կլինի նրա զինանոցը պայքարի հաջորդ շրջափուլում, ինչ էլ որ վերջինս լինի:

Անշուշտ, ամեն ինչ չի ստացվում ուզածի պես, բայց ոչինչ: Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի հրաժարականները պահանջելը ռազմավարական առումով հիմնավոր որոշում է: Այն, որ հանրային պաշտոնյաներին ստիպում են իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրել, նշանակում է, որ հաջորդ անգամ սոցիալապես անցանկալի և տնտեսապես անհեռանկարային քաղաքականություններ առաջ տանելիս նրանք մեկի փոխարեն երկու անգամ կմտածեն: Այնուհանդերձ, այս նպատակին հասնելու միջոցը, այն է՝ քաղաքապետարանի առջև անժամկետ նստացույցը,  շարժմանն ավելի չի մոտեցրել նպատակին, ինչը հասկանալի է:

Նախ և առաջ, նստացույցն ապահովում է ներգրավման միայն մեկ մակարդակ՝ նպատակին հասնելու համար: Իսկ որքան ավելի քիչ են ներգրավման հնարավոր մակարդակները, այնքան ավելի փոքր թվով մարդ կներգրավվի: Բացի այդ, անհատների պաշտոնազրկումն արդեն հիմնված չէ բուն խնդրի վրա կամ լայն շերտերի վրա: Սա, անշուշտ, չի նսեմացնում արվածի ռազմավարական նշանակությունը: Այնուհանդերձ, սա նշանակում է, որ մինչ որևէ արդյունավետ մարտավարական հնարք կիրառելը, շարժումը ստիպված է հանրությանը իրազեկել«ինչու»-ների և «ինչպես»-ների մասին:

Առանց արդյունավետ մարտավարության արվածի ռազմավարական կարևորությունն այլևս դեր չունի, քանի որ նպատակին հասնելը դառնում է անհավանական: Իսկ շարժումների իրականացման մեջ նպատակներին չհասնելը հազվադեպ է նշանակում ստատուս-քվոյի պահպանում. այն կարող է նշանակել նահանջ, վատնած ռեսուրսներ, կոտրված ոգիներ: Այս հարցում կարող են օգնել այսօրվա շարժման կառուցվածքն ու հիմքում ընկած արժեքները՝ ինքնակազմակերպման շնորհիվ ներմուծելով նոր գաղափարներ:

Այո, շարժումները պարզ բան չեն: Բայց դրանք նաև յուրահատուկ են: Անթիվ նոր ակտիվիստներ սովորել են սեփական իրական փորձի վրա: Նրանք տեսել են, թե ինչ է հաղթանակը: Շատերի կյանքում անցյալ շաբաթվա փորձառությունն իսկապես շրջադարձային է եղել: Այս ընթացքում նաև նոր ընկերություններ են հաստատվել ու հին կարծրատիպեր կոտրվել: Շարժումների կազմավորումը Հայաստանում իր նոր փուլում է, և այլևս հետդարձ չկա: Երևանցիների շրջանում արդեն սկզբնավորած է համերաշխության ու դիմադրության մշակույթը: Որքան ավելի ինքնավերլուծող և նպատակաուղղված դառնա շարժումը և՛ մտածողության, և՛ գործողության մակարդակներում, այնքան այն ավելի արդյունավետ այն կկարողանա այս մշակույթը պահպանել ու վերածել համակարգային սոցիալական փոփոխության:

Բաբկեն Տեր-Գրիգորյան

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ, ապրում է Երևանում

Մեկնաբանություններ (5)

Mher
Great article!
Maro Matosian
This article has been circulating among activists as testimony that it offers much food for thought for the young people of Armenia who are starting to realize that they can change things and they should take ownership of their rights as citizens. These are very exciting times in Yerevan where people power works and where still there is much more to accomplish. I only wish the article be translated into Armenian so it may have a wider circulation on Facebook where all activists are closely following the media. Thank you Babken der-Grigorian for a very accurate analysis of the situation.
Yeprem
I would suggest that the above article and other literature be presented in person to those wishing to get a better grasp of movement dynamics. The author should be present at such discussions and explain in simple terms what he wished to convey by the article.
Tlkatintsi
Issue based activism allows for spontaneity when it comes tactics, but not strategy. Furthermore, strategic thinking and planning goes a long way to picking ones targets and battles based on a rational and objective appraisal of ones resources, and prevents activists from falling into the trap of reacting to issues whenever and wherever they appear rather than taking a pro-active approach to problem solving.
NM
'Through this process everyone contributes whatever they are best at, in a complementary and participatory way. In other words, the movement becomes a collective of people complimenting each other’s best work. This is strategically beneficial because it gives participants a sense of ownership in the movement. It is here, where the shift from cynical spectator to activist begins, because feeling a sense of ownership means developing a vested interest in the outcome.' For a country that has been overcome by cynicism and passivity over the years, this is an incredibly empowering moment - I salute everyone involved.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter