HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսարի 125-ամյակի կապակցությամբ պետական հովանավորությամբ լույս տեսան երգիծաբանի «Թատերախաղերը»

Լեռ Կամսարի թատերգությունը

Մարդու իրավունքների անխոնջ պաշտպանը

Լեռ Կամսարն աշխարհ էր եկել մարդու ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար: Երբ մարդու համար մի փոքր վտանգ էր տեսնում՝ անմիջապես նախահարձակ էր լինում: Կլիներ դա խոշոր տերության քաղաքականություն, հզոր իշխանավոր՝ ինչպես իր ծննդավայրի թուրք վալին էր, կամ նորաստեղծ  իր հանրապետության վարչապետը, Ռուսաստանի նորաթուխ Լենինը, հայ եկեղեցու բարձրաստիճան սպասավորները և այլ ուժեղներ: Նրա գրչի տակ բոլորը հասարակ խոցելի մահկանացուներ էին, որոնց պետք էր շտկել և սրբագրել: Ինչի՜ մասին է խոսքը՝ նա հանուն մարդու ընդվզեց նույնիսկ ամենակարող Աաստծու դեմ (Տես՝ «Քրիստոսի երկրորդ ծնունդը» թատերակը):

Քանի որ հանդգնությունը ծիծաղի դրսևորում ուներ, բոլորն այն հանդուրժում էին և սիրահոժար ընդունում: Օրինակ, թուրք վալին կարդալով իր մասին գրածը, ծիծաղի արցունքները սրբելով ասում է.

-Աֆերի՛մ, Կամսար, դու մեծ մարդ կդառնաս: Այսքան ես դեռ չէի ծիծաղել:

Քաջազնունուն ուղղված բաց բողոք- նամակից հետո, վերջինս առաջարկել է Լեռ Կամսարին Խորհրդարանում ընդգրկել, որպես չեզոք պատգամավորների լիդեր: Իսկ կրոնական բարձրաստիճան սպասավորներին ձաղկելուց հետո, գրողը դարձավ Էջմիածնի հոգևոր առաջնորդ եպիսկոպաս Մելիք-Թանգյանի հոգեզավակը, ով նրան նեցուկ եղավ կյանքի դժվարին ոլորաններում:  Ժողովուրդը սիրում և գնահատում էր նրա սրամտությունը և առողջ սարկազմը ամփոփված գրական փոքրիկ պատառիկների մեջ: Եվ չնայած, որ նա արդեն հանդես էր գալիս նաև փոքրիկ երգիծախաղերով, բայց հանրությունը նրանից մեծակտավ ստեղծագործություններ էր սպասում: 1919թ. բուլվարում Չարենցի հետ զրուցելիս, երբ նրանց կողքով մի խումբ դաշնակցական մաուզերիստ է անցնում, պոետը պարտադրում է.

-Դու պետք է սրանց մասին գրես քո «Դոն Քիշոտը»: Պետք է սանձել սրանց ամենաթողությունը,  ինչո՞ւ ես բավարարվում միայն կարճ ֆելիետոններով:

-«Դոն Քիշոտ» կարող է գրել միայն Սերվանտեսը՝ո՞ւմ հետ ես ինձ համեմատում.- ծիծաղում է երգիծաբանը:

-Զուր համեստություն մի արա, որ ուզես գլուխ կբերես,- հորդորում է մեծ պոետը:

«Ինչո՞ւ են բոլորը պարտադրում մեծածավալ գործեր գրել, մտածում է երգիծաբանը, չէ որ գրական երկի արժեքը նրա ծավալով չի պայմանավորված: Ինչպես վարժ լողորդը խորունկ  ջուր է որոնում ազատ լողալու համար, այնպես էլ ընթերցողը անկախ ծավալից՝ խորը մտքերի մեջ է ուզում թաղվել: Երբ ես քիչ  ջրով եմ խեղդում ընթերցողին՝ ավելորդ ջուրը ի՞նչ անեմ»:

Եվ իրոք, Լեռ Կամսարը սեղմ ու ժուժկալ ապրում էր, սեղմ ու լակոնիկ խոսում էր, սեղմ և ամփոփ էր նաև իր գրվածքներում: Մի քանի տողանոց ֆելիետոնում կարողանում էր անդրադառնալ իրար հետ ոչ մի աղերս չունեցող  բազում խնդիրների: Դա գալիս էր մտքի սրությունից և բնածին թամբալությունից: Նյութը գրվում էր միանգամից, առանց մշակման և առանց երկար բարակ տալ առնելուց: Նախապես ինչ-որ նշումներ էր անում, որ չմոռանա գրվելիք նյութը, ապա մի շնչով ավարտում էր առանց սևագրի:

Ահա ինչ ենք կարդում «Արևի» խմբագրությանը ուղարկված նամակում. «Գանք վարձատրության ձևին: Ես տողավարձեն ավելի կգերադասեմ ամսական որոշ վարձատրություն: Նա, ով տողավարձով կգրե, հաճախ երկու անգամ կպտտցնե իր ընթերցողը նույն փողոցին մեջ, և երկու-երեք նախասենյակ մտցնելով, նոր կառաջնորդե դահլիճը...»: 

Լեռ Կամսարը ճեպընթաց դահլիճ առաջնորդող էր: Եթե անցներ գրական մեծ ձևերին այս սկզբունքը չէր աշխատի, բայց մյուս կողմից հասարակությունը ակնկալիքներ ուներ: Եվ գրողը տեղի տվեց: Մի քանի կարճաոտ ծաղրախաղերից հետո գրեց «Կասկածոտ ամուսինը»: Սա թեթև, պղպջակային կատակերգություն  է թեթևաբարո կնոջ մասին: Չնայած, որ պիեսն առանձնակի  խորություն չուներ՝ սակայն, Լեռ Կամսարի կենդանությանը այն միակ բեմականացված և շատ խաղարկված գործն է: Այն 1921թ, ներկայացվել է Թավրիզում, 1923թ. Երևանում և Գյումրիում: 1939թ. սիբիրյան աքսորից հետո, արդեն արևելահայերենի վերածված տարբերակը փորձել է բեմադրել Արմավիրում: Դա բացատրվում է նրանով, որ այն ոչ քաղաքական անմեղ պիես էր և չէր կարող խոցել որևէ գաղափարախոսություն: Առաջին հանրապետության օրերին Լեռ Կամսարը չհասցրեց կամ չկամեցավ ստեղծել քաղաքական սատիրայի իր ծաղրախաղերը և բավարարվեց միայն փոքրածավալ երգիծանովելներով:

«Ես սկսել եմ գրել բոլշևիկյան դարաշրջանից տաս տարի առաջ։ Լավ հիշում եմ, առավոտը դուրս էի գալիս մթնով, իրիկունը մի փոքրիկ պակասություն հազիվ էի տուն բերում։ Բանն այնտեղ հասավ, որ բամբասանքն այլևս հաց չէր տալիս ինձ, և ես մտադրվեցի գովասանքի անցնել։ Այս մտադրության մեջ՝ մեկ էլ տեսա Ռուսաստանում փրթավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, և Լենինն իր Ռոսսինանտի վրա հեծած հրապարակ եկավ։ Ասացի. ես այս Դոն Քիշոտը Սերվանտեսին չեմ զիջի, սրանով էլ պիտի անմահանամ, խոմ օրե՞նք չէ, որ աշխարհի բոլոր Դոն Քիշոտները Սերվանտեսն երգի։ Կապա՞լ է, ինչ է։ Լենինից այս կողմ, ոչ միայն ես, այլև Ռուսաստանի ողջ ժողովուրդն երգիծաբան դարձավ, ու այսօր չես գտնի մի ռուս մուժիկ, որ քեզ մի անեկդոտ չպատմի Լենինի մասին։

Հիմա պակասությունը ոչ միայն չես փնտրի, այլ պակասությունները խիտ անտառի պես ճանապարհդ փակել են, և մեծ դժվարությամբ ես քեզ ճանապարհ բաց անում դրանք չծաղրելու։ Բայց այս էլ ասեմ՝ քննադատությունս ինձ հաց չտվեց, այլ՝ բանտ ու աքսոր։ Հացը ներբող գրողներն էին հնձում։ Ես ստիպված եղա թողնել «արվեսը հացի համար» լոզունգը և ընդունել «արվեստը արվեստի» կամ ավելի ճիշտը՝ «արվեստը ճշմարտության համար» լոզոնգը»։

Տեսնելով բոլշևիկյան աբսուրդը, երգիծաբանն այլևս չէր բավարարվում ու տեղավորվում կարճ ձևերի մեջ: Ուզում էր շատ ասել, երկար խոսել, անընդհատ զգուշացնել, շարունակաբար հիշեցնել,  բարձր բղավել՝ աշխարհի մեկ վեցերորդ մասը կատարվածից ուշքի բերելու  համար: 1926թ. «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրություն, որի խմբագիրն էր Մռավյանը*, Լեռ Կամսարը  ներկայացնում է նույն թվին գրած «Պլենար նիստ» թատերակը:

-Հրաշալի աշխատանք է, բայց հիմա թերթում հնարավոր չէ տպագրել: Այն միայն հինգ տարի հետո հնարավոր կլինի տպագրել, - պատասխանում է պատասխանատու քարտուղար Էդուարդ Չոփուրյանը:

Լա՛վ, էս մեկը թող հինգ տարի սպասի, մտածում է երգիծաբանը, և առանց ջանք ու եռանդ խնայելու, ամբողջ 1926թ.-ը իր երգիծական պարարտ հողը հատկացնում է ծաղրախաղերին, իրար ետևից լույս աշխարհ բերելով մի հրաշալի շարք՝ «Ամենակարճ ճամբան», «Բուխարինի Ռուսաստանը», «Ի՞նչ է կոոպերացիա», «Հիվանդանոց», «Փաստաբանի մոտ», «Հոկտեմբերյան հեղափոխություն», «Կորչ՜ի  անգրագիտությունը», «Պողոս առաքյալը Կորնթոսին մեջ», «Դեպի պրոլետ գրականության հեգեմոնիան»: Մի նախադասությամբ այս երգիծախաղերի էությունը բնորոշելով ասենք, որ դա նորաստեղծ բանվորագյուղացիական երկրի, Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության գրոտեսկն էր: Լեռ Կամսարն այլևս Լենինի գաղափարախոսության գերեզմանափորն էր. «Ու ես զարմանում եմ, թե սովետական կառավարությունը ինչո՞ւ իր կառուցած սոցիալիզմի անունը «կոմեդիա» չի դնում: Նման կատակերգությունն անմեռ պիտի մնար, և հանդիսատես մարդկությունը հավիտյան պիտի քրքջար որպես մի աննախընթաց գործի վրա...»:

1926 թվականը Լեռ Կամսարի համար կարելի է համարել թատերագրության տարի: Ճիշտ է, ոչ մի թատերակ չտպվեց մամուլում և չներկայացվեց բեմերում,  բայց ձեռագրերը ձեռքից ձեռք էին անցնում՝ պոռթկուն ծիծաղ պարգևելով մարդկանց: Գրականագետ Արսեն Տերտերյանը Երևանից Թիֆլիս մեկնելիս, որոշ ժամանակ ունենալով, որոշում է մտնել և հրաժեշտ տալ երգիծաբանին: Լեռ Կամսարը ջերմ ընդունում է նրան.

-Դե որ դեռ երկու ժամ ունես մինչև մեկնելը, արի քեզ թեյ հյուրասիրեմ:

- Ավելի լավ է քո նոր ձեռագրերից հյուրասիրես՝ ժողովուրդն իրար է անցել: Էդ ինչո՞վ ես էդպես զարմացրել:

-Աշի՜,  ձեռք քաշի, ընդամենը արձանագրել եմ բոլշևիկյան խնդալու իրողությունը: Էդ չէ, բայց կուզես, հարազատ գրչեղբայրներիդ մասին մի բան եմ գրել, տամ կարդա, մինչև թեյը պատրաստեմ, բայց տես, շատ չտխրես:

 Տալով  «Պրոլետ գրականության հեգեմոնիան» գնում է թեյնիկը նավթավառին դնելու: Մինչ երգիծաբանը կնոջ հետ հաշտում* կավարտեր թեյախմության պատրաստությունը, հանկարծ մարմնի ընկնելու մի թրմփոց է լսում: Տանեցիները լեղապատառ սենյակ ընկնելով, տեսնում են Արսեն Տերտերյանը հատկին գալարվում է անզուսպ քրքջոցից: Այնքան էր ծիծաղել, որ թախտից գլորվել էր գետնին:

-Թեյը թող մնա հետո, հեսա գալիս եմ, - ասում է նա, վեր կենալով  և տանից դուրս թռչելով: Գնում է կայարան, փոխում է տոմսերը հաջորդ օրվան, ապա վերադառնալով Լեռ Կամսարի մոտ, ամբողջ գիշեր մատիտով արտագրում է պիեսը և հաջորդ օրը մեկնելով իր հետ տանում է այն: 

Այսպես մեկը մյուսից արտագրելով շուտով ամբողջ Երևանը սկսում է քրքջալ իրենց պրոլետ գրողներ հորջորջողների վրա:  Ժողովրդին ուրախ և զվարթ պահելը, և նրա ոտնահարված իրավունքները պաշտպանելը հարկավ գովելի բան է յուրաքանչյուր գրողի համար, բայց  դրա հետևանքով Լեռ Կամսարն  կորցնում էր մարդու  ամենասովորական իր իրավունքները: Նրա գործերը խրձերով մերժում և ետ էր տալիս Մռավյանը: Գավգործկոմի թերացումների մասին ֆելիետոն գրելուց հետո գրողին աշխատանքից ազատում են և իրեն ժամանակավոր տրված տունը աճուրդի են հանում: Բայց գրողն անսասան էր: Տեսնելով, որ բոլոր սուր և լավ գործերը մերժվում են՝ սկսում է իր օրագրությունը` օր ավուր թղթին հանձնելով բոլշևիկյան անիրավությունները հետագա սերունդների համար: Օրագրությունը սկսել է 1925թ. և ավարտել 1965թ. մահվանից մեկ շաբաթ առաջ:

1927թ. աչքի անցկացնելով իր թատերակները՝ արդյո՞ք անդրադարձել է բոլշևիկյան զարհուրանքի բոլոր անհեթեթություններին, տեսնում է, որ բաց է թողել ահասարսուռ պատժիչ օրգաններին, և գրում է «Սաստիկ կոմունիստները» հավերժացնելով Չեկայի զազիր գործերը:

Այլևս չհանդուրժելով իր նկատմամբ կողմնակալ վերաբերմունքը, Լեռ Կամսարը նույն թվականին նամակ* է գրում Սարգիս Լուկաշինին**. «Աշխարհիս սկզբեն չի պատահած, որ ճշմարտությունը որևէ կուսակցության քովն ըլլա ամբողջովին: Եթե հակառակը պնդեք, ըսելով թե ճշմարտությունը բոլշևիկներու  քովն է, պիտի հարցունեմ.

-Բոլշևիկներեն առաջ ճշմարտություն չկա՞ր այս աշխարհիս մեջ: Ճշմարտությունը ես միշտ երկու կուսակցությանց մեջտեղն եմ փնտրած ու միշտ ալ գտած»:

«Ես կանգնած եմ բոլշևիկյան ու դաշնակցական կուսակցություններեն հավասար հեռավորության վրա: Իմ գրվածքներին մեծ մասը դաշնակցությունը կծաղրի, սակայն ոչ անոր համար, իհարկե, որ բոլշևիկները պակասություն չունին, այլ որովհետև վերջիններս առայժմս պակասություն չեն ուզեր ունենալ... հրապարակված:  Ես իմ գրական գործունեության ողջ տևողությանը դաշնակցության հասցեին անուշ խոսք  մը չունիմ, բայց դաշնակցությունը մեկ ժամվա մեջ ինծի պաշտոն տվավ, բան մը, որ կոմկուսակցությունը վեց տարվա մեջ չկրցավ ընել: Դաշնակցությունը, հարյուրավորներ իր կուսակցութենեն դուրս թողուց և ինծի պաշտոն տվավ: Կոմկուսակցությունը կսպասե, որ իր վերջին պիոները պաշտոնի անցնի՝ նոր ավելցուկը տա ինծի»:

«1915 թվին, Վանում, երբ հրաման ստացանք գաղթել, տունը թողնելեն առաջ մայրս ախոռը մտավ ու արձակեց մեր երինջը, որ կապված տեղը սովամահ չըլլա, այլ ազատության մեջ ման գալով մեռնի: Դնենք թե անպիտան մեկն եմ, չարժե կերակրել ու իրավունք չունիմ պահանջելու խորհրդային կառավարութենեն, բայց իրավունք չունի՞մ պահանջելու, որ կառավարությունը մորս չափ կենդանասեր ըլլա (չեմ ըսեր մարդասեր) և մտնելով ախոռ, իմ կապերն արձակե, որ մսուրին փայտը կրծելով չմեռնիմ: Մռավյանը կըսե՝ Քեզի անցագիր չենք տա, իսկ պաշտոնի համար կմտածենք: ... Ո՜վ երինջ, քեզ տված ազատությանը կնախանձեմ...»:

Բայց Լեռ Կամսարի կապանքներն արձակող չկար: Ավելին, պրոլետ գրողները չմարսելով «Դեպի պրոլետ գրականության հեգեմոնիան» թատերակի և մի շարք այլ պամֆլետների սարկազմը, 1931թ, կազմակերպում են երգիծաբանի «զտումը» իրենցից և հասարակությանից: Իսկ 1935թ. նոյեմբերի 25-ին գրողը ձեռբակալվում է: Հիմնավոր մեղադրանքներից մեկը «Պլենար նիստ» ծաղրախաղն էր, որը խուզարկության ժամանակ գտել էին չեկիստները, մեղադրելով գրողին, որ փորձել է իր հակահեղափոխական գրվածքը մաքսանենգորեն «Խորհրդային Հայաստան» թերթ խցկել, սովետական երկիրը անվանարկելու համար: Չեկայի «մաքսանենգորեն» ձևակերպումը, եթե չափազանցություն չէ, ապա զրպարտություն է ՝քանզի Լեռ Կամսարի վերաբերմունքը բոլշևիզմի նկատմաբ անթաքույց էր արդեն լույս տեսած բոլոր գործերում: Իսկ թե այսքանից հետո պատժիչ օրգանները ինչու  կենդանի թողեցին երգիծաբանին, տարակուսանք է առաջացնում: Գրողի մոտ դա նույնպես զարմանք է առաջացրել և շատ անգամներ իր փրկության վարկածները փորձել է հասկանալ և հիմնավորել. «Գրականության մեջ երկու ժանր կա՝ ողբերգություն և կատակերգություն: Այն չափով, որ չափով այս երկու ժանրերն ալ հավասարապես կրնան մարդոց աչքեն արցունք քամել, իրենց էությամբ չեն տարբերվեր իրարմե: Տարբերությունն ձևական է, ու ես երկար խորհեր եմ, թե այդ զույգ ձևերեն ո՞րն է գերադաս: Վերջեն գտեր եմ, որ գերադասը կատակն է: Կատակով մեկի մը կրնաս «մեծ շուն» ըսել, և խաղաղություն ըլլա, բայց լուրջ ձևով եթե «փոքրիկ լակոտ» անգամ ըսես, արյունահեղություն կպատահի: Ես այս տարբերությունն Չեկայում բռնված ժամանակս զգացի: Ինձ հետ ձերբակալված թուղթերուն մեջ կային երգիծական գրվածքներ, որք եթե գրականության երկրորդ տեսակի ժանրով արտահայտված ըլլային, ինծի ամեն օր պիտի գնդակահարեին և օրական երեք անգամ՝ առտու, կեսօրին և իրիկուն՝ ուտելե առաջ: Մինչդեռ այդ գրվածքներու համար ոչ միայն չգնդակահարեցին, այլ «կլյուչնիկեն*» մինչև քննիչն ու դատախազ կխնդային անվերջ: Չնայած այն հանգամանքին, որ այդ գրվածքներում «մեծ շուն» էի անվանած զիրենք: Ո՛չ, կատակերգությունն  ողբերգությունեն գերադաս է, ափսո՛ս, որ մեր կառավարությունն չի ուզեր օգտվել գրական այդ ժանրեն»: 

Դատվարության ողջ ընթացքին դատավորը թաշկինակով հազիվ էր զսպում փռթկոցը, երբ մեջբերում էին հատվածներ «Պլենար նիստից»: Եվ չնայած Լեռ Կամսարը մեղադրվում էր ֆաշիզմի, հակահեղափոխականության, լրտեսության և այլ ընթացիկ մեղքերի մեջ՝ այնուամենայնիվ պատժաչափի դատավճիռը նվազագույնն էր՝ երեք տարի բանտ ապա աքսոր Սիրբիր: Ափսոս որ բռնագրաված «Պլենար նիստի» բնագիրը Չեկան չի պահպանել: 90-ականներին, երբ  դիմեցի Պետական անվտանգության կոմիտե ետ ստանալու բռնագրավված գրականությունը և իրանական անձնագիրը, ինձ պատասխանեցին, որ 46թ, հեղեղի պատճառով այդ բոլորը ոչնչացել է:

-Իսկ ինչպե՞ս է, որ մյուս գրողների ամեն մի գրված փրթիկ պահպանվել է, իսկ Լեռ Կամսարինը՝ ոչ:

-Իսկ ի՞նչ է, դու նրան համեմատում ես մյուս մեծերի հետ,- տեղը դրեցին ինձ:

Հա էլի, ո՞ւմ հետ եմ ոտք մեկնում, արածիցս փոշմանելով ամոթահար մտածեցի ես:

Սիբիրյան Գուլագից վերադառնալուց հետո, նամակ գրելով Միկոյանին* գրողը  ապարդյուն փորձում է վերականգնել իր ազատությունն ու գրելու իրավունքը: Նրան նորից աքսորում են՝ այս անգամ Բասարգեչարի սարերը: Լեռ Կամսարը հիմնավորվում է Տորֆում և դառնում կոլտնտեսության մեղավապահը, քանի որ ուսուցչությունը նրան նույնպես արգելել էին, որ մանուկ սերնդի ուղեղը «չպղտորի»: Շատ էլ, որ գրելն արգելել էին՝ նա բոլշևիկյան արատների մասին լռել չէր կարող: Գաղտնի գրում էր և թաքցնում: Գրելու պահին, երբ կասկածելի ձայներ էր լսում, ձեռագիրը թաքցնում էր թոռան բարուրի մեջ: Գիշերն այն տեղափոխում էր փեթակի կափարիչի տակ: Գյուղի ջահելները տեսնելով, որ գրողը փեթակում ամեն գիշեր ինչ-որ բան է թաքցնում, գողանում են, կարծելով, որ արժեքավոր բան է: Մի քանի օրից նրանց ծնողները վերադարձնում են ձեռագրերը երգիծաբանին ասելով.

-Ա՜յ մարդ,  առ քո շառը ու մեզ փորձանքից ազատիր՝ ո՛չ տեսել ենք, ո՛չ իմացել:

Այսպես գաղտագողի ապրում և մահվան սպառնալիքի տակ ստեղծագործում էր երգիծաբանը մինչ 1951 թ.: Հիմնականում օրագրում էր, չմոռանալով թատերագրությունը: Շատ էր ափսոսում իրենից բռնագրավված «Պլենար նիստի» համար: Փորձում է հիշողությամբ վերականգնել,  դժգոհ մնալով, որ առաջին գրածի պես լավ չի ստացվում: 1945թ. նախաձեռնում է նորը՝ «Պլենում» վերտառությամբ, իհարկե հաշվի առնելով ժամանակային փոփոխությունները: Իսկ 1948-ին գրում է «Քրիստոսի երկրորդ ծնունդը» թատերակը՝ մարտահրավեր նետելով աստվածներին և մեղադրելով նրանց մարդկային բոլոր դժբախտությունների համար: Գրել է նաև «Ուրանոս» վիպակը: 51թվականին Տորֆի, որտեղ աքսորված էր Լեռ Կամսարը, կոլխոզի դիրեկտոր Ստեփանյանը փոխարինվում է նախագահ Հայկազ Հովհաննիսյանով: Որոշ ժամանակ անց մի օր էլ սա թե.

-Ընկեր բռնադատված մեղվապահ, վաղը հյուրեր եմ ունենալու, ինձ այսքան փութ մեղր կտաս:

-Սիրելի կոմունիստ ընկեր, մեղրը համայնական է և չեմ կարող տրամադրել Ձեր անձնական շահերին: Ա՜յ, երբ կքամեմ և կհանձնեմ պահեստ, պետական օրդերով որքան որ Ձեզ հասնում է կգնաք ու կստանաք,- հանգիստ ասում է Լեռ Կամսարը: Չլսված բան՝բարձրաստիճան կոմունիստ նախագահին մերժում է մի ինչ-որ հակաղեղափոխական, աքսորված տարր:

-Լա՞վ ես մտածել, տես չփոշմանես,- ասում է կոմունիստ նախագահը և իր կոլխոզի մեղվապահի աշխատավարձը 800-ից իջեցնում 400-ի, ապա 200-ի, որը նույնիսկ հացին չէր հերիքացնի:

- Կռի՞վ, ուրեմն, կռի՛վ, - Լեռ Կամսարն ըստ իր արատավոր նախկին սովորության, ձեռքը տանում է իր սվին գրչին, և էլ չնայելով, իրեն կարելի գրել, թե՞ չի կարելի,  մի սպանիչ ֆելիետոն է գրում իր կոլխոզի կոմունիստ նախագահ Հովհաննիսյանի «պատվին»:

Գրողի հարսը՝ Օֆելյան, նստելով նույն նախագահի պաշտոնական վիլիսը նույն նախագահի կողքին, հասնում է շրջկենտրոն և «ռումբ» ծրարը ուղարկում Երևան «Խորհրդային Հայաստան»  կոմկուսակցության պաշտոնաթերթին:

Քարը նետված էր... Եկավ քարեը հավաքելու ժամանակը...

Մեկ շաբաթ անց «Խորհրադային Հայաստանի» խմբագիրը 100 ռուբլի ճանապարհածախս ուղարկելով, հեռագրով գրողին հրավիրում է Երևան: Մայրաքաղաքում մեծ շուքով ընդունում են Լեռ Կամսարին և պատվով առաջնորդում Կենտկոմ:  Արվեստի վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանը ջերմ ընդունում է գրողին, ասելով որ վերջինիս գրելու իրավունքը վերականգնված է, և կարդալով ֆելիետոնը և հիացմունքը չթաքցնելով հրահանգում է տպագրել «Խորհրդային Հայաստանում», իսկ որ ամենակարևորն է, թախանձագին խնդրում է մի կոմեդիա գրել:

-Շատերն են գրել, բայց անհաջող, հույսներս քո վրա է: Միայն դու կարող ես իսկական սովետական կատակերգություն գրել,- ասում է նա և ճանապարհում երջանկացած հեղինակին:

Սակայն, առանց Կենտկոմի գրավոր հրահանգի «Խորհրդային Հայաստանը» վախենում է տպագրել և առաջարկում է հեղինակին ֆելիետոնը տանել «Գրական թերթ»: «Գրական թերթը» նորից հիացական փափուկ բարձը դնելով Լեռ Կամսարի գլխի տակ, ասում է, որ լավ կլիներ՝ առաջ «Խորհրդային Հայաստանը» տպեր: Մի ամբողջ տարի, արդեն գործազուրկ գրողին, քանի որ թողել էր Տորֆի մեղվանոցը, գնդակի նման փոխանցում են խմբագրությունից խմբագրություն: Նախնական պայմանավորվածությամբ կոմեդիա գրելու հայտ է ներկայացնում, որ կանխավճար ստանա աշխատանքը սկսելու համար: Արվեստի վարչությունը տհաճ անակնկալ է մատուցում, ասելով որ կվճարի միայն պատրաստի պիեսի համար:  Լեռ Կամսարը չի վհատվում: Հաջորդ օրն իսկ արդեն ներկայացնում է նախապես գրված պատրաստի «Պլենում » թատերակը, որը շառաչուն ապտակ էր ամբողջ կոմունիստական հասարակարգին:

-26թ.-ին ասել էիք, չէ՞, «Պլենար նիստը» կարող ենք տպագրել միայն հինգ տարի անց: Հինգ անգամ հինգ է անցել: Դե առեք, համեցեք...

Եթե խմբագիրներն ու պատասխանատու ընկերները կաշառակեր կոլխոզի նախագահի մասին էին վախենում տպագրել, ապա այս դեպքում սարսափահար ձև արեցին, որ իբր չեն կարդացել և ժամանակ էլ չեն ունենա կարդալու: Ստալինը դեռ կենդանի էր՝ բռնապետության մթնոլորտը մահաբեր և սահմռկեցուցիչ: Այս պատուհաս, անկանխատեսելի մարդուց ինչպե՞ս գլուխները ազատել՝ մտածում էին նրանք, ամեն պատրվակով խույս տալով նրանից:

 «Պլենումը» հարվածում, քար ու քանդ էր անում, խորտակում  բոլշևիզմի հիմքերը:  Ամեն սխալ բան պետք է քանդվի՝ ներում, բեկում չկա՝ չարախնդում էր երգիծաբանը, և դեռ մի բան էլ ինքը նեղացած, նամակներ է հղում Մալենկովին, Միկոյանին, Բուլգանինին* և այլ պաշտոնական ընկերներին իր ոտնհարված իրավունքները վերականգնելու համար: Իր բազմաթիվ դիմումներին երգիծաբանը պաշտոնական ոչ մի գրավոր արձագանք չի ստացել: Միայն խմբագիրները կողմնակի մարդկանց միջոցով խորհուրդ են տալիս ձեռք քաշել քաղաքական սատիրայից:

-Ի՞նչ ես կպել պլենումներից: Վերջին ֆելիետոնդ կոլխոզի նախագահի մասին հիանալի է և սուժետային՝ լավ կոմեդիա կստացվի: Փորձիր:

1953թ. գրում է «Վերադարձը» սակայն իզուր՝ նորից չի ընդունվում:

-Դու մի հրաշալի թատերակ ունեիր պրոլետ գրողների մասին: Անվանական էր, դրա համար էլ չներկայացվեց: Գիտես որ մեզ մոտ միայն դերանուններ կարելի է ծաղրել: Գուցե վերափոխես դարձնելով ընդհանրական, - հորդորում էին բարի կամեցողները: «Պրոլետ գրականության հեգեմոնիան» վերածվեց «Պարտիզան պոետների», սակայն նորից ապարդյուն:

Մերժվեց նաև  հրատարակչություն ներկայացված ֆելիետոնների և մանրապատումների ժողովածուն: Եվ Լեռ Կամսարին ոչինչ չէր մնում քան ամփոփել իր գրական ոդիսականը կամ ինչպես ինքն է որակել գրական մահափորձը «Մահափորձ մի հին հեղինակի վրա» (1957թ.) կենսագրական տրագի-կոմեդիայով, ապավինելով իր ժողովրդի գնահատանքին... Այսպես Լեռ Կամսարն իր ամբողջ կյանքում ծաղր ու ծանակի ենթարկեց բոլշևիկյան ամբողջատիրությունը, իսկ վերջինս ֆարսի վերածեց նրա ամբողջ կյանքը:  Տեսնես երբևէ գրողը հասկացա՞վ, որ ինչքան էլ կուրծք ծեծի հանուն  մարդկային ճշմարտության՝ միևնույն է, բիրտ ուժն է ծնում իրավունքը... Կյանքի մայրամուտին (1965թ.) գրում է իր միակ «Հոգու զավակ» դրաման: Ասում են բոլոր մեծերը պայծառատես են: Դեռ 30-ական թվականներին, երբ իր երեխաները դեռ շատ փոքր էին, իր «Բանտիս օրագրում» նա կանխատեսել էր իր ժառանգների ապագան, որը զարմանալիորեն և ցավալիորեն էլ հետագայում իրականացավ բառ առ բառ՝ ինչպես գրել էր:

Նույնն էր նաև վերը նշված դրամայում: Երբ գրում էր, իր նկարիչ Նաթան որդին դեռ չէր էլ ամուսնացել, բայց նրա ճակատագիրը կրկնվեց նույնությամբ ինչպես «Հոգու զավակում», միայն վերջն ավելի ցավալի էր, քանի որ զավակը գուցե չէր կարդացել կամ չէր ըմբռնել դրամայի խորհուրդը:  Լեռ Կամսարը կանխատեսել էր նաև բոլշևիկյան ամբողջատիրության փլուզումը, իր ստեղծած գրականության արժեվորումը և իր ժողովրդի անկաշառ և անմնացորդ սերն ու գնահատանքը...

Վանուհի Թովմասյան

Հատված «Պլենում» անտիպ թատերակից

Նախագահ.- Ձայնը կպատկանե ներքին գործերու կոմիսար ընկեր Չուպռովին։

Չուպռով.- Ընկերնե՛ր, ներքին գործերի կոմիսարիատ՝ դա Չեկան է, պետական պատժիչ մարմին՝ մեր պետության միակ հենարանը։ Խորհրդային Միությունն, դա ինքնին մի պատիժ է արդէն։

Մեր մեծ Լենինն, խոսելով փարիզյան կոմունայի մասին կըսե.

- Կոմունան պարտվեց որովհետև քիչ կոտորեց։ Մենք բոլշևիկներս չուզելով կրկնել  Փարիզի գործած սխալը սկսեցինք շատ կոտորել, կոտորել մարդկանց անխնա, կոտորել գիշեր ու ցերեկ օրվա մեջ քսանչորս ժամ։ 1921 թվին Հայաստան մտնելով, սկզբում կացինով կսպանեինք։ Հետագային տեսնվեցավ, որ շիտակ է կացինի սարսափը մեծ էր ժողովրդյան վրա, սակայն իր արտադրական էֆեկտը քիչ էր ու չէր համապատասխաներ մեր ինդուստրիալ էպոխային։ Սկսեցինք գնդակահարել մինչև 1925 թվականը։ Այդ թվականին մեր պատժական քաղաքականությունը շրջադարձ կատարեց։ Քաղաքականին զուգորդվեց տնտեսական էֆեկտ ստանալու խնդիրը։ Ճիշտ նույն թվականներին Մոսկվայում հարց դրվեց Ռուսաստանի հյուսիսը՝ բևեռային գոտին յուրացնելու։ Կտրել Սիպիրի անծայրածիր անտառները, աշխատել անդրբևեռային արդյունաբերության մեջ եղավ օրվա լոզունգը և  Միությանս բոլոր ծայրերեն սկսվեց տաժանակիրներու շարաններ դեպի հյուսիս։ Մեր կոմիսարիատը այնուհետև խնամքով սկսեց բանտարկյալներ հավաքել և ղրկել հյուսիս, հետևյալ կարգով։ Ռուսաստանեն կուգային հատուկ այդ նպատակով ընտրված մարդիկ, կհագցնեին մեր բանտարկյալները և Հայաստանի կառավարությանը վճարելով բանտարկյալի կյանքի համար, կառնեին կտանեին «էտապներով»։

Այն չափով, որ ան ատեններ մեր արդյունաբերությունը թույլ էր զարգացած, գերիվաճառությունը... ը...ը, ներողություն, ը... բանտարկյալավաճառությունը դարձավ մեր հանրապետության գլխավոր եկամուտի աղբյուրը։ Օրական հազար, օրական հինգ հազար բանտարկյալ կբառնայինք ապրանքատար վագոնները, որոնք ամիսներով ճամբա երթալով, այնքան կոջլոտեին, որ բեխերն  ու միրուքնին  կճերմակեին այդ կենդանիներու միլիոնավոր ձվիկներով։ Մեր Միության հյուսիսային ձեռնարկությունները սկսեցին բարգավաճել ու եկամուտ տալ մեզի։ Կառավարությունը շեշտը անասուններու վրայեն վերցնելով մարդոց վրա դրավ։ Ստալինն անմիջապես հայտարարեց թե՝ «մարդն ամենաթանկ կապիտալն է» ու  1943 թվին արդեն դեկրետ հայտարարվեց, որ չամուսնացած օրիորդներն ալ կրնան ծնել ամուսնացածներուն հավասար։ Եվ մեր իգական սեռին արգանդները բացվելով սկսեց անվերջ ծնել մեզի «կապիտալ»։ Չեկայի առջև նոր խնդիր էր դրված։ Ինչպե՞ս բանտարկել այդ հոծ մասսան առանց որևէ հանցանք հագցնելու իրենց։ Պետք էր ստեղծել նորանոր հանցանքներ և դնել գործածության մեջ։

Ընկերնե՛ր, ես այժմ կանցնեմ հանցանքներու ստեղծագործության։ Լենինի մահվան ու Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տարեդարձի օրերը կուտային մեր հանցավորներու մեծագույն տոկոսն։ Այն օր, երբ մեռավ Լենինը, եթե մեկը մի փոքրիկ ժպիտ խաղցուներ շրթունքին, անմիջապես կձերբակալվեր մեր օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա։ Ատոր հակառակ, Մեծ հոկտեմբերի տարեդարձի օրը եթե մեկը համարձակվեր տխրել՝ նույն հոդվածի տակ իյնալով «ուղղիչ լագերի» կդատապարտվեր։ Այդ պատճառով, հեղափոխական օրվա մեռելները պար ու ծիծաղով կթաղվեին իրենց հարազատներու կողմե, իսկ Առաջնորդի մահվան օրվա ամուսնացողները լաց ու կական կբարձրացունեին գրկախառնվելիս։

Այս մեկ։ Պատժի երկրորդ աղբյուրն էին մեր թերթերը։  Ինչպես գիտեք խորհրդային թերթը լույս չի տեսներ կարդալու համար՝ այլ ծխախոտ  ծխելու կամ մեջը մթերք փաթթելու շուկա երթալիս։ Իսկ բոլոր օրաթերթերու վրա ամենայն օր անխափան կտպվե մեր մեծ առաջնորդ ընկեր Ստալինի նկարը։

Այն թերթի մեջ, ուր կա Ստալինի պատկերը փաթթել մթերք՝ կդատապարտվեր մեր օրենսգրքի բոլոր հոդվածներովը միասին։ Ըստ այդ հոդվածներու՝ չոր մթերք փաթթողը կդատապարտվեր հինգ տարի ազատազրկման. իսկ թաց՝ օրինակ, թթու  կաղամբ կամ բիբար կամ տոմատ փաթթողը՝ տասը տարվա։ Իսկ եթե մեկը այդ նույն թերթը արտաքնոցը կտանի բնական կարիքի համար՝ այդ մարդը կդատապարտվի քսան տարի ազատազրկման, տաս տարի ձայնազրկության և հինգ տարի գնդակահարության։ Այժմ թույլ տվեք ինծի մի փոքրիկ շեղում, բացատրելու թե ի՞նչ կնշնակե հինգ տարվա գնդակահարությունը։

Ընկերնե՛ր, մեր բոլոր բանտերու մեջ կան «մահվան կամերաներ»։ Այդ կամերաներ կնետվեն գնդակահարության դատապարտվածները մինչև պատժի ի կատար ածելը։ Բանտային աշխատակցին հրամայված է  օրական տասն անգամ բանալին փականքի ծակին մեջ խոթել, բայց չբանալ։ Դատապարտյալը ամեն անգամ պիտի կարծե, թե եկան իրեն գնդակահարության տանելու ու կսկսի դողալ մահվան դողով։ Օրական տասն անգամ այսպես գնդակահարվելով, ամսական երեք հարյուր անգամ կմեռնե մարդը, տարեկան երեք հազար վեց հարյուր, իսկ հինգ տարում՝ հինգ անգամ ավելի։ Ա՛յս է մեր «գերագույն պատիժ» ըսածն, այլապէս ի՞նչ պատիժ է րոպեական գնդակահարությունը  որ, մեր ո՞ր քաղաքացին չի ցանկա այսօր մեռնիլ այդ հանկարծական մահով... ու ազատվել մեր ձեռքեն։ Պետք է նկատել, ընկերնե՛ր, խորհրդային առաջին տարիներում մեր գործը հաջող կերթար։ Ժողովուրդն հինեն պահած էներգիա ուներ իր մեջը հանցանք գործելու։ Մեր իշխանության ժամանակ մատնվելով սովի, թուլացավ-ինկավ ու այլևս հանցանք գործելու ուժ չէր մնացեր վրան։ Պետք էր զոռով քաշել, ոտքի կանգնեցնել ու ստիպել, որ հանցանք գործե։ Մեր պատժիչ ապարատը խոմ չէ՞ր կանգնելու։ Այդ առթիվ մենք տարանք նաև համոզիչ աշխատանքներ, կոչ ընելով անոնց սոցիալիստական զգացմունքին։

Այս բոլորը, ընկերնե՛ր, առօրյա, պատահական հանցանքներու շարքին կպատկանեին։ Ասկե զատ կային նաև ժառանգաբար անցնող հանցանքներ, որոնք մեզի բանտարկյալներու մնայուն կադրեր կմատակարարեին։

Այսպես՝ դաշնակը միշտ դաշնակ կծներ, կուլակը՝ կուլակ, տերտերը՝ տերտեր, սպեկուլյանտը՝ սպեկուլյանտ, որոնք բոլորն ալ ձերբակալության ենթակա էին ամբողջ սերունդներով։ Այսպիսով, ընկերնե՛ր, հանցանքներու թիվը այսպես բազմանալով, մեր կոդեքսը սկսեց հսկայական ծավալի հատորներու հասնել, թղթե կրիզիս առաջ բերել մեր Միության մեջ։ Հարց դրվեցավ խորհրդային արդարադատության առաջ։ Ավելի նպատակահարմար չէ՞ արդյոք, որ փոխանակ  հանցավոր շարժումները արձանագրելու մեր օրենսգրքերու մեջ՝ նշանակել այն շարժումները միայն, որոնք հանցանք չէին։ Սակայն, այս ծրագիրը չիրագործվեց այն պատճառով որ՝ նախ դժվար էր գտնել այնպիսի շարժում, որ հանցանք չնկատվեր, երկրորդ՝ եթե ճարվեր իսկ, այդ շարժումները պետք էր պահեստի ունենալ, ապագայում հանցանքների թիվը մեծացնելու համար։ Որովհետև, օր մըն ալ կրնար լագերային վարչությունը Հայաստանի կառավարութենեն 50000-ի փոխարեն 100000 կալանավոր պահանջել, ի՞նչ պետք էր ընել։ Բայց ընկերնե՛ր, մենք հեղափոխական կուսակցություն չէինք լինի, եթե չհաղթահարեինք այդ դժվարությունը։ Մենք ստեղծեցինք «օսոբի սովեշչենիե»* անուն մարմին մը, որուն թույլ էր տրված ուզած մարդուն, առանց որևէ մեղադրանք առաջադրելու, ուղղակի բռնել ու Սիպիր աքսորել։

Առաջին առթիվ հարկավ ձերբակալվեցան խոշոր ու անճոռնի քիթ ունեցողները, կարճահասակներն ու ծաղկատարները կանանց շարքերեն, իսկ տղամարդոցմե անոնք, որք գեղեցիկ կին ունեին։ Վերջապես, ընկերնե՛ր, Չեկան ըրավ բոլոր հնարավորը երկիրը դատարկելու համար, իսկ այսօր, որ մեր կամքեն անկախ մարդիկ կբազմանան, այստեղ դեր կխաղա միայն ու միայն Դարվինի «բնական ընտրության» տեսությունը։ Խորհրդային Միությունը  կգտնվի այն երկրագունդի վրա, որուն բնության օրենքները պարտադիր են նույնպես։

Ես վերջացուցի։ (Ծափեր)։
1945թ.

---------------------------------------------------------------------------------------------------------------

*Ասքանազ Հարությունի Մռավյան (1885-1929): Սովետական պետական և կուսակցական գործիչ: 1921-23-ին եղել է ՀՍՍՀ արտաքին գործերի, 1923-29-ին՝ լուսավորության Ժողկոմ և Ժողկոմխորհի տեղակալ:

*Միջանցք, նախասրահ:

*Նամակ ընկ. Լուկաշինին.Պատճենը՝ բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորին: «Խաղք ու խայտառակ աշխարհ», «Հայաստան» 2008թ. 259 էջ:
**Սարգիս Լուկաշին (1883-1937): Սովետական պետական, կուսակցական գործիչ: 1921-1925թթ. Եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, ՀՍՍՀ Ժողտնտխորհի, Ժողկոմխորհի նախագահ:

*Բանտապահակ (ռուս.):

*Անաստաս Հավհաննեսի Միկոյան (1895-1978): Սովետական պետական և կուսակցական գործիչ: 1946-55-ին եղել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ,1955-64-ին՝ առաջին տեղակալ:

*Նիկոլայ Ալեքսանդրովիչ  Բուլգանին (1895-1975): Սովետական պետական և զինվորական գործիչ: ՍՍՀՄ մարշալ: 1953թ. եղել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի նախագահի տեղակալ, այնուհետև նախագահ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter