Ստեփանակերտցիները կձեռնարկե՞ն «Չեմ վճարելու 100 դրամ» ակցիա
Գազի թանկացումից հետո Արցախում նույնպես բարձրացել է գազալցակայանների գազի գինը: Դրա եւ էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում էլ հացը թանկացել է 10 դրամով: Մնացած ուղղություններում, ըստ ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի, շոշափելի թանկացումներ դեռ չեն երեւում:
Բայց ահա տրանսպորտի ոլորտում ամեն ինչ շատ նման է երեւանյան իրականությանը:
«Մեր տրանսպորտային ընկերությունները վաղուց են պայքարում տրանսպորտի գնի թանկացման հետ կապված: Ստեփանակերտում կա երկու փոխադրող. մեկը՝ պետական, մեկը՝ մասնավոր: Պետականին մենք լուրջ գումարներ ենք հատկացնում՝ վնասները փոխհատուցելու համար: Անխուսափելի է տրանսպորտի թանկացումը: Բայց քանի որ աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը նախատեսել ենք հունվարի 1-ից, մինչեւ դա կֆինանսավորենք այդ ընկերությունների վնասները»,- ասում է Արցախի վարչապետը:
Նրա տեղեկացմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետի հետ բազմաթիվ քննարկումներ, խորհրդակցություններ են արել ու որոշել են դեռեւս հետաձգել: Նույն խնդիրը կա գյուղեր-Ստեփանակերտ երթուղիներում:
«Վնասի պատճառով ընկերությունները խուսափում են սպասարկում իրականացնել, ինչից հետո գյուղացիները բողոքում են, որ անկանոն ռեյսեր են կատարում: Կամ եթե ընկերությունները մեքենան ձեռք բերած են լինում վարկով, բարդություն է առաջանում վարկը փակելու ուղղությամբ,- նշում է Ա. Հարությունյանը,- կառավարությունը կամ կարող է փոխհատուցել, կամ հաստատել այնպիսի սակագին, որը տնտեսվարողին հնարավորություն է տալու աշխատել առանց վնասի»:
6 ամիս առաջ ներկայացված հայտով փոխադրողները ցանկանում էին ուղեվարձը 70 դրամից բարձրացնել մինչեւ 100 դրամ: Այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ից սակագինը պիտի դառնար հենց այդքան: Բայց, ինչպես վարչապետն է ասում, իրենք «դիմադրեցին» եւ հետաձգեցին սակագնի բարձրացումը: Նա նշում է, որ սակագինը 100 դրամից ավելի չպիտի լինի: Կառավարության հաշվարկներով՝ թանկացումներից հետո ուղեվարձը պետք է կազմի 85-90 դրամ:
Արա Հարությունյանը շեշտում է, որ Ստեփանակերտը չպիտի համեմատենք Երեւանի հետ, քանի որ դրանք տարբեր մասշտաբներ եւ տարբեր տնտեսություններ են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել