HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊՆ բժշկական հանձնաժողովը հասարակական խորհրդի որոշումը հաշվի չի առնում

Այս տարվա հունիսի 21-ին Էդգար Հակոբյան շտապօգնության կանչով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այնտեղ ախտորոշել են սրտամկանի «հիսի խրձի աջ ոտիկի պաշարում»: Այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամն է, ինչ Էդգարի առողջության վատացման պատճառով շտապօգնություն է հրավիրվում: Նա բողոքում է սրտի հատվածում ծակոցներից եւ ցավերից: Սակայն պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) այս տարվա հունիսի 18-ին որոշում է կայացրել, որ 21-ամյա Էդգարը պիտանի է ծառայության՝ սահմանափակումներով:

Էրեբունու զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը նրա մոտ ախտորոշել է «սրտամկանի հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարում»: Էդգարը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ախտորոշման արդյունքները զինկոմիսարիատը ներկայացրել է ԿԲՀ-ին, վերջինս էլ միայն այն նայելով կայացրել է որոշումը:

ԿԲՀ որոշումը Էդգարը բողոքարկել է պաշտպանության նախարարությանն առնընթեր հասարակական խորհուրդ: Էդգարի բողոքը խորհուրդը բավարարել է եւ միջնորդություն է ուղարկել ԿԲՀ նախագահին եւ Էրեբունի վարչական շրջանի զինկոմին՝ կատարել կրկնակի բժշկական զննության եւ փորձաքննություն: Կրկնակի բժշկական զննության պատճառը մեկն է՝ պարզել Էդգար Հակոբյանի մոտ սրտամկանի հիսի խրձի աջ ոտիկի մասնակի, թե ամբողջական պաշարում է: Եթե ամբողջական պաշարում է, ապա պաշտպանության նախարարի այս տարվա ապրիլի 8-ի 410-Ն հրամանի (զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին) 26-րդ հոդվածի «գ» կետով սահմանվում է, որ նման հիվանդություն ունեցող զորակոչիկները ժամանակավորապես պիտանի չեն ծառայությանը:

Այսօր Էրեբունի վարչական տարածքի զինկոմը Էդգար Հակոբյանին տարել է ԿԲՀ, որպեսզի հանձնաժողովը որոշումը վերանայի եւ տղային ուղարկի նոր հետազոտման, սակայն Էդգարի ասելով՝ սրտաբանները հաշվի չեն առել հասարակական խորհրդի որոշումը՝ պատճառաբանելով, թե «դա այնքան էլ կարեւոր որոշում չէ, դրա անունը մի տուր, զորակոչը ամսի 30-ին վերջանում է եւ չենք կարող ուղեգիր տալ, քանի որ չի հասցնի ստուգվել»:

Էդգարը դարձյալ պնդել է, որ իրեն ուղարկեն կրկնակի բուժզննության եւ նշանակեն փորձաքննություն, քանի որ նման միջնորդությամբ հանդես է եկել նաեւ ՊՆ հասարակական խորհուրդը: Բժիշկներն էլ իրենց հերթին են պնդել, որ նման բան չենք կարող անել եւ «որոշումը մնում է անփոփոխ»: Ստացվում է, որ ՊՆ առնթեր հասարակական խորհուրդը ձեւական կառույց է եւ բժշկական հանձնաժողովները որեւէ կերպ հաշվի չեն նստում նրա կարծիքի հետ:

Էդգարն ասաց, որ իրեն այսօր պարտադրել են ստորագրել հուլիսի 30-ին բանակ գնալու ծանուցումը: Նա հրաժարվել է ստորագրել, քանի որ նպատակ ունի բողոքարկել ԿԲՀ որոշումը, մինչդեռ պնդել են, որ ստորագրի, հակառակ դեպքում թույլ չեն տա տարածքից դուրս գալ:

Էդգար Հակոբյանը հույս ունի, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարձագանքի հրապարակմանը եւ իրեն կուղարկեն կրկնակի բուժզնման եւ փորձաքննության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter