HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչը մասնակիորեն բավարարել է Ծառուկյանի գործարանի դեմ գերմանացի ներդրողի բողոքը

Հուլիսի 26-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ս.Մկրտչյանի, մասնակիորեն բավարարեց գերմանացի ներդրող, «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հայցն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի: Վերաքննիչը բեկանեց առաջին ատյանի դատարանի վճռի այն մասը, որը վերաբերում էր «Անիկոմ» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությաբ բաժնետոմսերի դիմաց շուկայական արժեքին համարժեք` 142.324.653,93 դրամ փոխհատուցում տրամադրելուն,  ինչպես նաև «ԻստԻնվեստոր»-ի օգտին 14.8 մլն դրամ գումարը` որպես բաժնետոմսերի համախմբման հետևանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար բռնագանձելուն:

Հիշեցնենք՝ գերմանացի ներդրողը սկսել է պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ՝ կոմբինատում ունեցած իր բաժնետոմսերից զրկվելու պատճառով: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արայիկ Մելքումյանի, վճռել էր «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի` «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ում ունեցած 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով: Միևնույն ժամանակ վճռել էր «ԻստԻնվեստոր»-ի օգտին բռնագանձել 14.8 մլն դրամին մոտ գումարը` որպես բաժնետոմսերի համախմբման հետևանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանն, ըստ էության, հայցի պահանջը նույնացրել է գումարի բռնագանձման պահանջի հետ (որպիսին գործի քննության ամբողջ ընթացքում հայցվորի կողմից չի ներկայացվել), մինչդեռ այն հանդիսանում է պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջ: Վերաքննիչ դատարանը իր որոշման մեջ նշել է, որ գումարի բռնագանձման և որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջները հանդիսանում են իրավունքի պաշտպանության առանձին եղանակներ:
Վերը նշվածի հիման վրա դատարանի կողմից հայցապահանջի շրջանակներից դուրս գալու վերաբերյալ «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչների փաստարկները Վերաքննիչը համարել է հիմնավորված: Հաշվի առնելով այն, որ պետական տուրքի բռնագանձման հիմքը հանդիսանում է հայցի առարկան, հետևաբար Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել նաև հայցապահանջի շրջանակներից դուրս գալու հետևանքով պետական տուրքի գումարը դատարանի կողմից սխալ հաշվարկելու և բռնագանձելու վերաբերյալ «Իստինվեստորի» ներկայացուցիչների փաստարկները:

Հայցվորի կողմից ներկայացվել են չորս ինքնուրույն ոչ գույքային պահանջներ, որոնց համար հայցվորը նախապես վճարել է 16 000  դրամ որպես պետական տուրք գումարը: Այդ մասով պետական տուրք բռնագանձելու հարցը վերաքննիչը համարել է լուծված: Հաշվի առնելով նաև այն, որ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքը ՙԻստԻնվեստոր՚ ՍՊԸ-ի կողմից նախապես վճարվել է` վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրք բռնագանձելու հարցը նույնպես համարել է լուծված:

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև գործը ողջամիտ ժամկետում քննելու հայցվորի բողոքին: Գործը դատարան է ներկայացվել 2009 թվականի դեկտեմբերին, իսկ գործով կայացված վճիռը հրապարակվել է 2013 թվականի մարտին: Դատարանը նշել է, որ հայցադիմում ներկայացնելու օրվանից մինչև վճռի հրապարակումն անցել է շուրջ 3 տարի 4 ամիս, որից շուրջ 2 տարի մեկ ամիս գործը գտնվել է կասեցված վիճակում: Վերաքննիչը եզրակացրել է, որ դատարանի կողմից թույլ չի տրվել գործի ողջամիտ ժամկետում քննության «ԻստԻնվեստորի» իրավունքի խախտում, իսկ դատարանի կողմից կատարված բոլոր դատավարական գործողություններն ուղղված են եղել գործի լրիվ և բազմակողմանի քննությանը, կողմերի դատավարական իրավունքների ապահովմանը, գործով օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելուն, այլ կերպ ասած՝ արդարադատության շահերի ապահովմանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից դատական նիստերը մի քանի անգամ վերսկսելը և նիստերից մեկում գործին լրացուցիչ ապացույցներ կցելու, և դրանք հայցվոր կողմին չտրամադրելու վերաբերյալ Վերաքննիրը նշել է, որ դատարանի կողմից հայցվորը չի տեղեկացվել կոմբինատի ներկայացուցչի կողմից նոր ապացույցներ ներկայացնելու և դրանց ծանոթանալու վերջինիս իրավունքի իրականացման կարգի մասին: Այս իմաստով վերադաս դատարանը գտել է, որ թույլ է տրվել ՙզենքերի հավասարության՚ սկզբունքի խախտում: 

Միևնույն ժամանակ վերաքննիչը նշել է, որ կոնյակի կոմբինատին փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու «ԻստԻնվեստորի» պահանջն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ հայցվորի` տրամադրվածից ավելի չափով փոխհատուցում ստանալու իրավունք ունենալու փաստը չի հաստատվել գործի քննությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter