Ավագանին մեկ օրում երկու նիստ հրավիրեց՝ հեթական եւ արտահերթ
Վանաձոր քաղաքի ավագանու հուլիսի 24-ի հերթական նիստի օրակարգը ներառում էր 12 հարց։ Ավագանին քվեարկությամբ հաստատեց Վանաձոր համայնքի 2013թ. բյուջեի 6 ամսվա կատարողականը։ Վանաձորի քաղաքապետարանը 2013թ. առաջին կիսամյակում բյուջեն եկամուտների գծով կատարել է 95,2%-ով, սեփական եկամուտների հավաքագրման մասով՝ 86,8%-ով, վարչական բյուջեի եկամուտների մասով՝ 95,9%-ով։
Վանաձորի ավագանին վերանայեց աճուրդ-վաճառքի ներկայացված երկու շենքերի շուկայական արժեքները: Այս շինությունները, որոնցից մեկը կիսակառույց է, մյուսը՝ կիսաքանդ շինություն, մեկ անգամ արդեն ներկայացվել են աճուրդի, սակայն աճուրդները չեն կայացել։ Շուկայական արժեքների փոփոխությունից հետո շենքերը գնահատվել են եւ ավագանու միաձայն որոշմամբ աճուրդի կդրվեն նոր շուկայական արժեքներով։ Թեւոսյան 13 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը գնահատվել է 3 մլն դրամ, իսկ Ֆիդայիների 12 հասցեում գտնվող կիսաքանդ շինությունը՝ 10 մլն 500 հազար դրամ։
Վանաձորի ավագանու անդամներն ուղերձ հղեցին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ուղերձով ավագանին առաջարկում էր փոփոխություն կատարել ՏԻՄ օրենքի 7-րդ հոդվածի Դ կետում, որը ծխախոտի եւ ոգելից խմիչքների մասին է։ Ըստ ավագանու անդամների՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքը պարունակում է դրույթներ, որոնք խոչընդոտում են փոքր բիզնեսի զարգացմանը։
Ավագանին քվեարկությամբ հաստատեց Վանաձոր քաղաքում «Նեցուկ ՀՁ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությունը։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի խնդիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծումն է։ «CDI International» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հանձն է առնում «Նեցուկ ՀՁ»-ի ֆինանսական ծախսերի մի մասը, գումարների մյուս մասը կփոխհատուցի քաղաքապետարանը։
Հուլիսի 24-ին Վանաձորի ավագանին հերթական նիստն ավարտելուց անմիջապես հետո սկսեց արտահերթ նիստը՝ օրակարգային երեք հարցերով: Փոփոխությունները վերաբերում էին քաղաքապետարանի ու ենթակա հիմնարկների աշխատողների աշխատավարձերին, որոնք հաստատվեցին միաձայն։
Մարիամ Գալոյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել