HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլը» դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

Ելնելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ հայտարարագրերի վերլուծության և հրապարակման, ինչպես նաև բարձրաuտիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտման գործառույթներից՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (հոդված 43) և էթիկայի հանձնաժողովի՝ սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դրույթից (հոդված 44), Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

- Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են, արդյոք, ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվել և համադրվե՞լ են, արդյոք, նրա և նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ:

- Համադրվե՞լ են, արդյոք, Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ, ի՞նչ հետևություններ են արվել:

- Ուսումնասիրվե՞լ են, արդյոք, մամուլում տեղ գտած հրապարակումները, և եթե այո, դիտարկվե՞լ են դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները: Չե՞ն օգտագործվել, արդյոք, պաշտոնեական դիրքը և լիազորությունները` առաջացնելով շահերի բախման ռիսկ, և եթե այո, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` դիմե՞լ է, արդյոք, Տարոն Մարգարյանը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին` կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին պարզաբանում ստանալու նպատակով:

Ընդ որում, եթե վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ հարուցվել է վարույթ, և եղել են ուսումնասիրություններ, ԹԻՀԿ-ը խնդրում է տրամադրել դրանց արդյունքները, իսկ եթե ոչ` ապա հիմք ընդունելով իր դիմումը՝ հանձնաժողովի լիազորությունների շրջանակում պարզել մամուլի հրապարակումներում նշված փաստերի համապատասխանությունը իրականությանը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարուցել վարույթ՝ պարզելու.

1. ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետը գտնվե՞լ է, արդյոք, շահերի բախման իրավիճակում, կամ եղե՞լ է նման ռիսկ,

2. ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել, արդյոք, պաշտոնեական դիրքը և լիազորությունները:

Գույքի և եկամուտների աղբյուրների օրինականությունը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի լիազորություների շրջանակում պարզելու անհնարինության դեպքում ԹԻՀԿ-ն առաջարկում է դիմել իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի ու եկամուտների և դրանց ձեռքբերման աղբյուրի օրինականության վերաբերյալ կասկածները և մամուլում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները սկիզբ առան պարոն Մարգարյանի կողմից իր գույքի և եկամուտների հայտարարագիրը (2012թ. մարտի 1-ից մինչև 2013թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) որպես Երևանի ավագանու թեկնածու ԿՀԸ ներկայացնելուց հետո: Մինչդեռ, ըստ ՀՀ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2011 թ. և 2012 թ. գույքի և եկամուտների հայտարարագրի, պարոն Մարգարյանը, որպես սեփականություն, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք կամ եկամտի այլ աղբյուր՝ աշխատավարձից բացի: Համադրելով Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած և պաշտոնապես հրապարակված հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ ողջ շարժական և անշարժ գույքը ձեռք է բերվել 2013 թ. հունվար –փետրվար  ամիսներին:

Ի լրումն վերոնշյալի՝ ԹԻՀԿ-ն ս. թ. հուլիսի 20-ից ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված, և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27.1-րդ և 42.1-րդ հոդվածներով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված տեղեկացված լինելու իրավունքը, դիմել է քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել.

- Երևան քաղաքում ավտոբուսային  և միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցանկը՝ ըստ երթուղիների:

- Ուղեվարձի բարձրացման հայտեր ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների ցանկը:

- Ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետի որոշման հիմնավորումները:



Մեկնաբանություններ (1)

ԳԵՂԱՄ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ոտնձգության մասին որ ՀՀԿ-ի պապիկ Գալուստը իմանա դրանց կաշին կքերթի,դրսի ուժերը այդպես էլ չհասկացան որ ապահով Հայաստանում իրենք անելիք չունեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter