HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՊԲ հրամանատարի պատասխանը ՌԴ արտգործնախարարին. «Լավրովի հայտարարությունը երբեք չի կարող իրականություն դառնալ»

ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը օրերս ՀՀ եւ ԼՂՀ մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 2013 թ. առաջին կիսամյակում ՊԲ-ում գրանցված արդյունքներին եւ պատասխանել լրագրողների հարցերին: 

Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կատարվածի վերաբերյալ, որում քրգործով իբրեւ մեղադրյալ ներգրավված է նաեւ ՊԲ գնդապետ Արտակ Բուդաղյանը, նախարարը նշեց. «Արտակ Բուդաղյանն այսօր մեր բանակի հպարտությունն է, եւ մեր լավագույն զորմասերից մեկի հրամանատարն է: Նրա զորամասը ճանաչվել է լավագույն զորամաս, եւ որեւէ խոսք չի կարող լինել նրա ծառայողական պարտականությունների մասին: Ինքն իր ծառայությունը կատարում է, եւ այս պահին նրա համար որեւէ խոչընդոտ չկա: Բայց ոչ մի քաղաքացի չի ազատվում պատասխանատվությունից: Ինքը կրելու է իր պատասխանատվությունը եւ կրելու է պատվով»:

Հակոբյանը վստահ է, որ նախաքննությունն ընթանալու է արդար ուղղությամբ, եւ բոլոր մեղավորները ստանալու են իրենց պատիժները՝ անկախ դիրքից ու պաշտոնից: Նա նշեց, որ Բուդաղյանի հետ մի քանի անգամ զրուցել է դեպքից հետո, սակայն մանրամասներ չհայտնեց՝ շեշտելով, որ դա ոչ թե հրապարակելու, այլ իր անձնական կարծիքը ձեւավորելու համար է:

Ադրբեջանի վերջին ռազմական գնումների մասին ՊԲ հրամանատարն ասում է, որ չնայած այդ ամենը մտահոգիչ է, սակայն ԼՂՀ-ն էլ շարունակում է նոր զինատեսակներով հարստացնել բանակի շարքերը: Ըստ նախարարի՝ եթե նախկինում հակառակորդին մեր սպառազինությամբ զիջում էինք գուցե 20 անգամ, ապա այսօր ուժերի հարաբեկացությունը չի գերազանցում 2-ը: Այսինքն՝ թշնամին առավել է միայն կրկնակի: Ընդ որում՝ որոշ ուղղություններում մենք ենք գերազանցում հակառակորդին: Դա, Հակոբյանի հավաստմամբ, մեզ հնարավորություն է տալիս ասել, որ Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ վերսկսել եւ հաղթել: 

ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյան չի մեկնաբանում ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը «ադրբեջանական տարածքների» մասին. «Մոսկվայի քայլը կարող է մեկնաբանել միայն Մոսկվան: Իմ խնդիրն այն է, որ իրենց ստացածը (գնված սպառազինությունը- հեղ.) հաշվառենք, դնենք մարտի դաշտում իրենց գործողությունների հավանական վայրերում եւ դրան համահունչ միջոցներ կիրառենք, որպեսզի այդ զենքն իրենք արդյունավետ չկիրառեն: Իսկ Լավրովի հայտարարությունը երբեք չի կարող իրականություն դառնալ: Դուք լսեք մեր պետական այրերին, որոնք իրավունք ունեն նման հայտարարություն անելու: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կարող է որոշել Ադրբեջանի ժողովուրդը, եւ դա որեւէ կապ չունի Արցախի հետ: Իրենց ամբողջականությունը թող իրենք ապահովեն: Արցախը Ադրբեջանի հետ որեւէ կապ չունի արդեն 20 տարուց ավելի»:

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը, նախարարի համոզմամբ, ժամանակի հարց է: Ադրբեջանի կողմից ռազմաշունչ հայտարարություններին նա պատասխանում է ձեռք բերված տեղեկություններով. «Մենք այս վերջին 3 ամսվա ընթացքում Ադրբեջանի հակաօդային պաշտպանության 4 դիվիզիոնի հրամանատար ենք «փոխել»: Այսինքն՝ ամեն անգամ իրենք իմանում են մեր՝ ուղղաթիռներով Ստեփանակերտ գալու մասին, ինչը պատճառ է դառնում հրամանատարներին ազատելու: Մեր ինքնաթիռներն ու ուղղաթիռները սահմանին շատ մոտ են թռչում, իսկ իրենք դեռ 15 կմ-ից ավելի մոտեցած չկան: Եթե հնարավորություն ունենան խփելու, կխփեն: Եթե քաղաքացիական ինքնաթիռ պիտի խփեն, ասեմ, որ մենք օրական 260-280 քաղաքացիական ինքնաթիռ ենք ուղեկցում Ադրբեջանի տարածքում, որոնք մտնում են մեր կրակային խոցելիության գոտու մեջ: Բայց երբեք նման բան չենք հայտարարում: Երբ մեր օդանավակայանը պատրաստ լինի շահագործման, կշահագործենք առանց որեւէ մեկին հարցնելու»:   

Մ. Հակոբյանը շեշտում է նաեւ, որ հիմնազուրկ են բոլոր այն խոսակցությունները, թե մոտակա ժամանակներում պարտադիր ժամկետային զինծառայության 2 տարի ժամկետն ավելացվելու է: Նման բան չի նախատեսվում:

«Հետքի» այն դիտարկմանը, որ վերջին հատվածում «Շուշի» քրեակատարողական հիմնարկում ավելացել է զինծառայողների թիվը, նախարարը պատասխանում է, որ տեղեկություն չունի, թե ինչքան մարդ կա այնտեղ: «Բայց դատապարտված զինծառայողների ընդհանուր թվի նվազում ունենք: Չնչին է, բայց նվազում է»,- ավելացնում է նա:

Անդրադառնալով նորամուծություն հանդիսացող կարգապահական վաշտերին էլ՝ ասում է, որ դեռ չեն կարող գնահատական տալ, բայց բոլոր դեպքերում այնպես պետք է անեն, որ զինծառայողը չցանկանա հայտնվել այնտեղ:  

Ներկայացնենք այս տարվա առաջին կիսամյակում ՊԲ-ում գրանցված մի քանի տվյալ.

1.Հակառակորդի կողմից կատարվել է դիվերսիայի 2 փորձ. երկուսն էլ մինչեւ մեր դիրքեր հասնելը կասեցվել են:

2.Կրակոցների քանակը նվազել է մոտ 2300-ով:

3.Ժամկետային զինծառայողների մահվան դեպքով ելքերը կրճատվել են 2 անգամ, վիրավորվելու դեպքերը 22-ից հասել են 15-ի:

4.Գրանցվել է համածառայողի կողմից սպանության 1 դեպք, թշնամու կողմից սպանության 2 դեպք, երբ մեր զինծառայողները խախտել են անվտանգության կանոնները: Ինքնասպան է եղել ժամկետային 2 եւ պայմանագրային 1 զինծառայող:

Մեկնաբանություններ (1)

Patriot
Hramanatar jan, arajin@ azgin azateq mer nerqin tshnamuc, che vor na ir qaylerov miayn tshnamu jraracin e jur lcnum, isk Artaki nman treq@ misht el patrast en kianqi gnov pashtpanel hayreni hor@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter