Համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշներն աճել են
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվել են 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Ըստ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության՝ համայնքների ընդամենը եկամուտներն առաջին կիսամյակում կազմել են 44 մլրդ 359 մլն 664 հազար դրամ`նախատեսված 45 մլրդ 460 մլն 841 հազարի դիմաց (Երեւանը ներառյալ)` 97,6 տոկոս կատարողական, ինչը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճել է 9,5 տոկոսով:
Ըստ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի, ով զեկուցել է կոլեգիայի նիստում, համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96,3 տոկոս, արձանագրվել է 14,3 տոկոս աճ`2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Չնայած անցած տարվա համեմատ գրանցված աճին` սեփական եկամուտների հավաքագրման մասով հանրապետական միջին ցուցանիշից ցածր արդյունքներ են գրանցվել Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում:
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարել է քննարկումներ կազմակերպել սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներ ունեցող մարզերում, տեղում ուսումնասիրել պատճառները եւ հետեւողական աշխատանքներ տանել ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
Կոլեգիայում անդրադարձ է կատարվել նաեւ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքի մարման ընթացքին եւ համայնքներում ընթացիկ պարտքերի կուտակման պատճառներին: Քննարկվել է, մասնավորապես, Սեւան քաղաքում աշխատավարձի գծով կուտակված ընթացիկ պարտքի հարցը:
Փոխվարչապետը հանձնարարել է մեկ անգամ եւս ուսումնասիրել Սեւանի քաղաքապետարանում աշխատավարձի ընթացիկ պարտքի առաջացման պատճառները, հարցը քննարկել Գեղարքունիքի մարզպետի եւ քաղաքապետի հետ:
Նա անթույլատրելի է համարել համայնքների կողմից ընթացիկ պարտքերի կուտակումը եւ նշել, որ հնարավորինս պետք է բացառել նոր պարտքերի կուտակումը` հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի շուրջ 2,3 մլրդ դրամ պարտքից մարվել եւ հուլիսի 15-ի դրությամբ մնացել է ընդամենը 57 մլն 720 հազար դրամ պարտք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել