ԱԻՆ-ը աշխատանքի է հրավիրում հաշմանդամություն ունեցող անձանց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատանքի է հրավիրում հաշմանդամություն ունեցող անձանց` փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում աշխատանքի անցնելու համար: Անհրաժեշտ է լրացնել դիմում - հայտ:
ԱԻՆ-ից հաղորդում են, որ այժմ նախարարության համակարգում աշխատում է 15 հաշմանդամություն ունեցող անձ, ևս 10-ը գտնվում են փորձաշրջանի մեջ։ Սայլակավոր հաշմանդամների համար ԱԻՆ «Արտակարգ քաղաքում» ստեղծված են գրեթե բոլոր անհրաժեշտ պայմանները` ազատ տեղաշարժվելու և աշխատելու համար։ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն հայտով դիմած բոլոր սայլակավոր հաշմանդամներն աշխատանքի են անցել ԱԻ նախարարությունում։
Այսօր ԱԻ նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ԱՌՆԱՊ հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի, հաշմանդամների հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների («Փյունիկ», «Փարոս», «Աշխարհն առանց արգելքների») ՄԱԶԾ, ՅՈՒՆԻՍԵՖ, «Փրկենք երեխաներին», World Vision միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Ա. Երիցյանը։ Ողջունելով ներկաներին` նա մասնավորապես ասել է. «Մեզ մոտ աշխատող հաշմանդամները մեր նախարարության լիարժեք անդամներ են` ներառված բոլոր միջոցառումներում, և ունեն մասնագիտական առաջընթացի հնարավորություն։ Մենք նախատեսում ենք նրանց համար աշխատատեղեր ստեղծել նաև ՀՀ մարզերում ստեղծվող ճգնաժամային կառավարման կենտրոններում, որն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է առաջնահերթ լուծել նրանց աշխատանքի վայր հասցնող տրանսպորտի խնդիրը, որի համար ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը։ Մինչ օրս մենք շատ լավ համագործակցություն ունենք թե սոցապ նախարարության, թե քաղաքապետարանի, թե հասարակական ու միջազգային կառույցների հետ։ Ներկայումս մեր աշխատակից հաշմանդամներին սպասարկող 2 միկրոավտոբուսներն արդեն բավարար չեն բոլորին ժամանակին աշխատանքի վայր տեղափոխելու համար։ Միասին մենք ավելին կարող ենք անել ու քայլել առաջ։ Տրանսպորտի խնդիրը լուծելու դեպքում` մենք կարող ենք ավելացնել աշխատատեղերի թիվը»։
Շարունակությունը` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել