
Չկա այդպիսի օրենք, որից օգտվելով՝ վկան չպատասխանի կին փաստաբանի հարցերին
Փաստաբան Լուսինե Սահակյանն իր գործունեության 17 տարիների ընթացքում չի հիշում մի դեպք, որ վկան կամ դատավարական կողմերից որեւէ մեկն առանց վկայակոչելու սահմանադրական իր իրավունքը՝ խուսափի կամ կտրականապես հրաժարվի իր հարցերին պատասխանելուց միայն նրա համար, որ ինքը կին է: Հուլիսի 16-ին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Եսայանի սպանության գործի դատաքննության ընթացքում, վկա Վարդան Ղուկասյանի դրսեւորած վարքը փաստաբանի համար որեւէ տրամաբանական բացատրություն չունի:
«Ինձ համար տրամաբանական ոչ մի բացատություն չունի ընդհանրապես Ղուկասյանների հետ կապված ոչ մի գործողություն, որ իրականացնում է դատարանը,- նշում է Լուսինե Սահակյանը,- երկու ամիս է՝ սպասում էինք, թե երբ պիտի նրանք բարեհաճեն ներկայանալ: Դատարանը երկար ժամանակ բերման որոշում չէր կայացնում Մանյա եւ Վարդան Ղուկասյանների նկատմամբ եւ այդպես էլ ի վերջո չկայացրեց: Տարօրինակ բաներ են կատարվում այս դատարանում: Վկա Վարդան Ղուկասյանը դատարանի դահլիճում վիրավորում է կողմերին, հայհոյում՝ մեղադրական կողմն ասում է. «Ես չեմ լսել», դատավորն ասում է. «Ես չեմ լսել»: Վկան առանց թույլտվության, առանց հարցաքննությունն ավարտելու հեռանում է դատարանից, եւ դատարանը ոչ մի գործողություն չի ձեռնարկում: Վկան հրաժարվում է պատասխանել իմ հարցերին եւ դատավորը միակ ելքը տեսնում է հարցը հանելը: Եվ հիմա արդեն 2-րդ նիստն է, դատարանը չի կարողանում ապահովել Վարդան Ղուկասյանի ներկայությունը, որպեսզի կարողանանք շարունակել հարցաքննությունը»:
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել էր 2013 թ.-ի հունվարի 15-ին: Անցած 6 ամիսների ընթացքում դատակոչված 42 վկաներից դատավարական կողմերը հնարավորություն էին ունեցել հարցաքննելու 30-ից ավելի վկայի: Հունիս ամսին, երբ դատակոչված վկաներից հերթը հասավ Վարդան, Մանյա եւ Գեւորգ Ղուկասյաններին, դատաքննության քիչ թե շատ սահուն ընթացքը մտավ փակուղի:
Պատճառները տարբեր էին: Սկզբում այն տպավորությունն էր, որ դատարանը չի շտապում ծանուցել Ղուկասյաններին եւ դրա համար նրանք չեն ներկայանում դատարան: Հետագայում, երբ ի վերջո Ղուկասյանները պատշաճ ծանուցվեցին, դատարանի ստացած պատասխանն էր հուսահատեցնող՝ Վարդան եւ Մանյա Ղուկասյանները բուժման նպատակով գտնվում են հիվանդանոցում անհայտ ժամկետով:
Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբանները դատարանին ապացույցներ ներկայացրեցին, որ գոնե Վարդան Ղուկասյանն, իր այսպես կոչված ստացիոնար բուժման ընթացքում հասցրել է 2 անգամ լինել տեղական հեռուստաընկերության ուղիղ եթերում եւ անգամ մասնակցել Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի հրդեհի մարման աշխատանքներին: Պաշտպանական կողմը պահանջեց դատարանից բերման որոշում կայացնել Մանյա եւ Վարդան Ղուկասյանների նկատմամբ:
Հունիսի 4-ին դատարանում ցուցմունք տվեց նախկին քաղաքապետի եղբայրը՝ գործով դատակոչված վկա Գեւորգ Ղուկասյանը: Վերջինս բավական քաղաքավարի կեպով խնդրեց դատարանին արգելել լրատվամիջոցներին կատարել տեսալուսանկարահանում՝ միաժամանակ չառարկելով լրագրողների ներկայությանը նիստերի դահլիճում: Գեւորգ Ղուկասյանը պատասխանեց թե մեղադրող, թե պաշտպանական կողմի հարցերին եւ առանց որեւէ սկանդալային պահվածք դրսեւորելու՝ հեռացավ դատարանից:
Հուլիսի 16-ին իր շքախմբով դատարան ներկայացավ նաեւ վկա Վարդան Ղուկասյանը: Այդ օրը նա միակ վկան էր ում հարցաքննեց դատարանը: Նիստի սկիզբը վերածվեց շոուի, իսկ ավարտը՝ սկանդալի:
«Ճիշտն ասած՝ լրիվ անհասկանալի մնաց, թե վկան ինչու չէր ցանկանում պատասխանել իմ հարցերին: Ի՞նչ էր դա, սկզբու՞նք ՝ չպատասխանել կին փաստաբանին, թե՞ պարզապես չէր ուզում պատասխանել, որովհետեւ հարց տվողը կին էր, թե՞ որ ես Հարություն Սարգսյանի պաշտպանն էի,- վկայի տարօրինակ պահվածքն է մեկնաբանում Լուսիեն Սահակյանը,- որպես կին փաստաբան իմ հարցերին չպատասխանելու նման նախադեպ ընդհանրապես չի եղել: Հնարավոր է, որ իմ հարցերին չպատասխանի ամբաստանյալը՝ օգտվելով իր իրավունքից, բայց վկան իրավունք չունի չպատասխանելու իմ հարցերին, եթե իհարկե նա չի օգտվում իր կամ հարազատի վերաբերյալ ցուցմունք չտալու իր սահմանադրական իրավունքից»:
Վկան դատարանում նախազգուշացվում է ցուցմունք չտալու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին: Եթե վկան արդեն իսկ ցուցմունք է տվել նախաքննական մարմիններին, ապա դատարանում եւս պարտավոր է պատասխանել կողմերի հարցերին: Փաստաբանն ասում է, որ վկան այս դեպքում կարող էր օգտվել իր իրավունքից եւ ցուցմունք չտար, օրինակ որդու վերաբերյալ: «Եվ դա իրավաչափ է,- նկատում է փաստաբանը,- եթե նա հղում կատարեր այդ նորմերին, նա իրավունք ուներ չպատասխանելու, բայց նա ուղղակի չցանկանցավ պատասխանել իմ հարցերին, որի իրավունքը չուներ»:
Վկա Վարդան Ղուկասյանը դատարանում հայտարարեց, որ չի ցանկանում պատասխանել «էս կնոջ» հարցերին, որովհետեւ նա «դեւ» է: Նա համառորեն լռում էր, երբ հարց էր հնչեցնում Լուսինե Սահակյանը: Կպատասխանե՞ր պաշտպանական կողմի հարցերին վկան, եթե նույն ձեւակերպումը հնչեր տղամարդ փաստաբանի՝ Հունան Բաբայանի կողմից, Լուսինե Սահակյանը դժվարացավ պատասխանել այս հարցին: Նա վկայի կողմից ցուցաբերած գենդերային խտրականության այս դրսեւորումը տրամաբանական չի համարում, եթե հաշվի առնենք, որ քաղաքապետի պաշտոնում նա մեծ հաճույքով պատասխանում էր կին լրագրողների հարցերին, թեեւ վերջիններիս էլ կոչում էր «սատանաներ»:
«Մենք չէինք ավարտել իր հարցաքննությունը, բացի այդ էլ՝ չմտածեցինք գնալ ինչ-որ զիջումների, որ ասենք նույն հարցը տար Հունանը Բաբայան: Դրա համար էլ հիմա այդ առնչությամբ կարող ենք միայն ենթադրություններ անել,- ասում է Լուսինե Սահակյանը,- եւ հետո, դա սկզբունքային հարց էր. վկան իրավունք չուներ իմ հարցերին չպատասխանելու, առավել եւս՝ հարցեր ուղղելու ինձ, ոնց որ փորձում էր անել: Ես իրեն հարց էի ուղղել, ինքը հակադարձում էր, որի իրավունքը չուներ»:
Վկան իրավունք չունի ընտրելու` ում հարցերին պատասխանի՝ կին, թե տղամարդ փաստաբանի: «Եթե օրենքը սահմաներ, որ վկան կին փաստաբանի հարցերին իրավունք ունի չպատասխանելու, միգուցե մենք նաեւ այդ տակտիկան կիրառեինք եւ տղամարդ փաստաբանը տար նույն հարցը: Սա կարելի է ասել գենդերային խտրականության դրսեւորում էր վկայի կողմից,- փաստաբանը ծիծաղում է,- ուրիշ բացատրություն չունեմ: Ես բազմիցս շփվել եմ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ աշխատանքի բերումով, ունեցել եմ պաշտպանյալներ, մասնակցել եմ, բնականաբար, դատական պրոցեսների, եւ նրանք հարգանքով են վերաբերվում կին փաստաբանին: Ուզում եմ ասել, որ անգամ այդ աշխարհում նման օրենքներ կամ հասկացություններ չկան: Իմ համոզմամբ՝ չպատասխանելը զուտ Վարդան Ղուկասյանի սուբյեկտիվ դիրքորոշումն էր»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել