HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի վերակառուցումը ընթացքի մեջ չի մտնում

Նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցի վերակառուցման աշխատանքները Ալավերդու քաղաքապետարանը նախատեսել է իրականացնել քաղաքի զարգացման 2013-2016 թթ. քառամյա ծրագրով:

Այս տարվա ապրիլի 30-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին հայտնել է, որ մկնդեղի գերեզմանոցի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման 50 տոկոս ֆինանսավորումը ընկերությունը վերցնում է իր վրա: Այսուհանդերձ մկնդեղի գերեզմանոցի վերակառուցումը Ալավերդիում ընթացքի մեջ չի մտնում: Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը «Հետքին» հայտնեց, որ մկնդեղի գերեզմանոցը՝ որպես բնապահպանական ռիսկեր պարունակող կառույց, բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել:

Վերջին քննարկումը տեղի է ունեցել ապրիլի 30-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրինության հետ: «Ինչպես միշտ, հարցը բախվել է իրավահաջորդի խնդրին: Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ մենք փոխադարձ համաձայնության եկանք ընկերության տնօրենի հետ, որպեսզի մի կողմ դրվի իրավահաջորդի հարցը, խնդրին այլ մոտեցում ցուցաբերվի և փորձ չարվի վերակառուման խնդիրը գցել միմյանց վրա»,- հայտնեց քաղաքապետը:

Վերջինս գտնում է, որ գերեզմանոցի վրա նախատեսած ցանկացած աշխատանք կարող է սկսվել միայն նախագծահետազոտական աշխատանքներից հետո, քանի որ այդ դեպքում հայտնի կդառնա վերակառուցմանն անհրաժեշտ ներդրումների ծավալը, որի համար էլ ինքը կբանակցի կառավարության կամ դոնոր կազմակերպությունների հետ: Արտավազդ Վարոսյանը տեղյակ է մկնդեղի գերեզմանոցի վտանգներին և համոզված է, որ այդ վտանգները անտեսելու դեպքում թունավոր թափոնակուտակիչում կառաջանան ավելի մեծ վտանգներ, հետևապես՝ ավելի մեծ ծախսեր: Այդ պատճառով էլ նա համայնքի անունից պատրաստակամություն է հայտնել վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ֆինանսավորման մյուս 50 տոկոսը, որը կազմում է 4,5 մլն դրամ, վերցնել քաղաքապետարանի վրա:

Այսուհանդերձ, թե ինչու գործը տեղից չի շարժվում, Արտավազդ Վարոսյանը պատճառաբանեց. «Համայնքում որևէ լուրջ ծրագիր հնարավոր է իրականացնել բացառապես կառավարության աջակցության դեպքում: Նման խնդիրները վերջին 2 տարիներին համայնքներում լուծվում են ՀՀ կառավարության հրատապ ծրագրերով: Այսօրվա դրությամբ հրատապ ծրագրով 2013 թ.-ին գումար հատկացնելու մասին կառավարության որոշում դեռևս չկա, և մենք տեղեկություն չունենք, թե հերթական փուլով ինչքան գումար կհատկացվի համայնքին, որպեսզի այն, համադրելով համայնքային բյուջեի հնարավորությունների հետ, կարողանանք նախկինում նախատեսած հրատապ լուծում պահանջող ծրագրերը բաշխենք ըստ առաջնահերթությունների»: Արտավազդ Վարոսյանը հայտնում է, որ սրանով հանդերձ մկնդեղի գերեզմանոցի վերակառուցման խնդիրը օրակարգից չի հանվում, եթե մինչև տարեվերջ հրատապ ծրագրով գումարները հատկացվեն, Լոռու մարզպետի համաձայնությունը ստանալուց հետո նախագծային աշխատանքները ընթացքի մեջ կմտնեն: Հակառակ պարագայում քաղաքապետը գտնում է, որ պետք է ռեզերվային տարբերակ ունենալ:

«Եթե նույնիսկ մինչև տարեվերջ այդ հնարավորությունը չլինի, նախատեսված գումարների մի մասը մենք կնախատեսենք 2014 թ.-ի համայնքային բյուջեից»,- ասաց նա: Այդ դեպքում ծրագրի իրականացման հավանականությունն ավելի է մեծանում, քանի որ պոտենցիալ ֆինանսավորողները՝ դոնոր կազմակերպությունները, նման դեպքում ավելի պատրաստակամորեն են մասնակցում կարևոր ծրագրերի ներդրումներին:

Հիշեցնենք, որ Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության հետևանքով առաջացած մկնդեղի գերեզմանոցը 2010 թ.-ի ԵԱՀԿ դրամաշնորհային ծրագրով մոնիտորինգի է ենթարկվել ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության  մասնագետների կողմից:

Էկոլոգանոոսֆերային կենտրոնի մոնիտորինգի արդյունքներով՝ գերեզմանոցի տարածքից կա արսենի (մկնդեղի) արտահոսք, որի ակտիվ դրսևորմանը խոչնդոտում է միջավայրի թթվայնությունը: Արսենի պարունակություն է արձանագրվել գերեզմանոցից հոսող ջրերում: Առավել վտանգավոր է գերեզմանոցի և նրա շրջակա հողերում գրանցված արսենի պարունակությունը: Այստեղ հողի բոլոր նմուշներում գրանցվել են արսենի բարձր պարունակություններ`10.93-ից մինչև 29,83 ՍԹԿ գերեզանցմամբ: Հողերում սնդիկը ՍԹԿ-ն գերազանցում է 4-6 անգամ: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ նմուշարկված երկու հատակային նստվածքներում արսենի պարունակությունը գերազանցել է հողերի ՍԹԿ-ն` համապատասխանաբար 14,97 և 12,29 անգամ: Արձանագրված ցուցանիշներով առաջարկվել է արսենի (մկնդեղի) հոսքերի կանխման համար գերեզմանոցի տարածքւմ իրականացնել պատնեշավորման և ջրահեռացման աշխատանքներ: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն հանձնախմբի մոնիթորինգի արդյունքներով՝ մինչև 8 բալ երկրաշարժի դեպքում գերեզմանոցի կառույցի կոնստրուկցիաներում կարող են առաջանալ ուժեղ վնասվածքներ: Ելնելով դրանից՝ հանձնախումբը առաջարկել է իրականացնել մկնդեղի գերեզմանոցի վերականգնման հրատապ աշխատանքներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter