
Երբ ձվի կեղևը դառնում է արվեստի գործ
Այն, որ ձվի կեղևը կարող է լինել ավելին, քան աղբարկղը նետելու անպետք իր, Անդրանիկը հասկացավ մոտ 4 ամիս առաջ: Համացացնում տեսավ ձվի կեղևի վրա արված «քանդակները» և որոշեց փորձել. «Ինձ միշտ հետաքրքրել է այն, ինչ անծանոթ է, օրինակ սա… փորձել եմ հասկանալ` այդ ինչպես, ոնց…»:
Դրանք հասկանալու համար շատ բան չպահանջվեց. ընդամենը մի փոքր հետաքրքրություն, ձվի կոտրված կեղև, ամուր նյարդեր ու համբերություն: Աշխատանքը սկսվում է` բոլորովին թարմ ձվի վրա նախշեր ուրվագծելով, որոնք թույլ են տալիս ճիշտ տեղում անցք բացել և ներարկիչի միջոցով հեռացնել ձվի պարունակությունը: Այնուհետև դատարկ կեղևը լվացվում է և մեկ օր «հանգստանալուց» հետո միայն պատրաստ լինում գործի:
![]() |
![]() |
Աշխատանքը տևում է միջինը 6 ժամ, իսկ առավել բարդ նախշեր անելիս կարող է տևել մինչև 10 ժամ և ավելի: Այս ամենը ոսկերչական նուրբ սարքերից բացի պահանջում է անընդհատ զգոնություն. կեղևը շատ փխրուն է, և պատկերացրեք` դուք գրեթե վերջացրել եք ձեր աշխատանքը, իսկ այն կոտրվում է: Այս հարցում Անդրանիկի բախտը բերել է. իր ասելով` այսքան ժամանակ կոտրվել է միայն մեկը:
Գործը սկսելիս նրան ոգեշնչում է միտքն այն մարդու մասին, ում նվիրելու է հերթական ձուն: Ու այսպես կեղևները նրա ձեռքի տակ մի քանի ժամում վերածվում են գեղեցիկ զարդանախշերով հուշանվերների, գունավոր լուսամփոփների, որոնցից և ոչ մեկը, սակայն, չի մնում տանը, բայց և չի վաճառում. «Ոչ մի էդպես վաճառված ձու չկա, բոլորը նվեր եմ տվել: Որ տանեմ խանութներ, կվերցնեն, որովհետև ով տեսնում, հավանում է, բայց ավելի լավ է մեկին նվիրեմ, քան վաճառեմ. չեմ սիրում մտնել առևտրի մեջ, իսկ նվիրելուց հաճույք եմ ստանում»:
Թերևս սա է պատճառը, որ Անդրանիկը չկարողացավ ասել գոնե մոտավոր գինը, որով կվաճառեր իր գործերը: Մեր այցելության ընթացքում Անդրանիկը կեղևի վրա Մասիսն էր փորագրում (նկար): Ձվի փոշին կարող է վնասել, այդ պատճառով ակնոցն ու բերանակապը գործի անբաժան մասն են կազմում: Անդրանիկն ասում է, որ այս գործում իրեն հատկապես օգնում է այն, որ քիչ թե շատ նկարել գիտի: Բայց, միևնույն է, սա նրա համար ընդամենը հոբբի է և ոչ գումար աշխատելու միջոց:
«Ես ինձ վրա էդքան վստահ չեմ, որ էս գործով փող աշխատեմ»,- ասում է նա: Այդ պատճառով էլ սեպտեմբերից մեկնելու է Սանկտ Պետեբուրգ` տեղի համալսարանում ատամնատեխնիկի մասնագիտություն ստանալու:
Թեպետ ոգևորված է հայրենասիրական թեամիտկայով և մտադրվել է Մասիսից հետո խաղող փորագրել, սակայն Հայաստանում նմանատիպ գործով վաստակելու հեռանկարներ չի տեսնում: Իսկ ցանկացողներին խորհորդ է տալիս օգտագործել «տնական» ձվի կեղև, լինել համբերատար և չհուսահատվել: Անպայման կստացվի…
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել