Բանկային «քարտահենություն» Ֆրանսիայում. երկու հայի նկատմամբ քննություն է սկսվել
«Ֆրանսպրեսը» հաղորդում է, որ անցյալ շաբաթ երկու մարդու նկատմամբ քննություն է սկսվել Նիցցայում բանկային քարտերով խարդախություն կատարելու մեղադրանքով: Նրանք բանկոմատների վրա կիրառել են skimming տեխնոլոգիան, որի միջոցով, օգտագործելով ստացականները, պատճենում են քարտատերերի քարտային տվյալները եւ դրանք վերականգնում այլ՝ կեղծ քարտերի վրա: Քննիչները երեկ ասել են, որ քարտերի միջոցով կեղծիքները կատարվել են Լիոն, Մարսել եւ Նիցցա քաղաքներում:
Լիոնի ոստիկանության կողմից հայտնաբերված 30-ամյա ռուսախոս երկու հայերը ձերբակալվել են հանցանքի վայրում, երբ «Նիցցայի Մասենա հրապարակի մոտակայքում փորձել են շատ լավ պատրաստված skimmer (հիշողությունը կարդացող սարք) մտցնել բանկոմատի մեջ»,- նշել են ոստիկանության տնտեսական եւ ֆինանսական բաժանմունքում, որը վարում է քննությունը:
Բարձր տեխնոլոգիաների այս համակարգը թույլ է տալիս հանցագործին վերցնել հաճախորդների քարտային տվյալները եւ գաղտնաբառը, երբ վերջիններս բանկոմատից գումար են հանում: Առնվազն 50 հաճախորդի քարտային տվյալ է կեղծվել հայ զույգի կողմից:
American Express եւ GIE ընկերություններն արդեն բողոք են ներկայացրել: Բայց ընդհանուր վնասի չափը դեռ հայտնի չէ, քանի որ չարագործները պետք է հավաքագրված տվյալներն ուղարկեն արտասահման, որպեսզի դրանք կրկնօրինակվեն կեղծ քարտերի վրա: Դրանք հետագայում օգտագործվում են այնպիսի երկրներում, որտեղ չեն գործածվում պլաստիկ քարտեր, օրինակ՝ Ասիայի հարավ-արեւելքում կամ դեռեւս ԱՄՆ-ում:
Ձերբակալված երկու հայերը մեղադրվում են կազմակերպված խարդախության եւ բանկային քարտեր կեղծելու սարքավորումներ պահելու մեջ:
Լուսանկարը՝ http://www.lamontagne.fr-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել