Ծառայությունների գներն աճել են 5 %-ով
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013 թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5 %-ով, ինչը հիմնականում բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների` 12.1 % հավելաճի արդյունք է: Սա պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների` 2013 թ. հուլիսի 7-ից ուժի մեջ մտած աճի հետ: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ նույն աղբյուրի՝ 2013 թ. հուլիսին հունիսի համեմատ խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի, բնական գազով ավտոմեքենայի լիցքավորման և բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների ընդհանուր աճը կազմել է 14.5 % : Վերոհիշյալ ծառայությունները, սպառողական զամբյուղում ունենալով 11.26 % տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.64 տոկոսային կետով:
2013 թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի` 0.1 %, բուժսպասարկման` 0.4 %, հանգստի կազմակերպման` 0.4 %, հանրային սննդի` 0.4 % ծառայությունների սակագների հավելաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում նշված ժամանակահատվածում արձանագրվել է ծառայությունների սակագների 4.7-5.7 % հավելաճ: Ամենաբարձր հավելաճային ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում, իսկ Երևանում ծառայությունների սակագներն աճել են 4.9 %-ով:
2013 թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակն աճել է 0.4 %-ով: Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում նշված ժամանակահատվածում սպառողական գներն աճել են 0.2-1.2 %-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մարտունի քաղաքում:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2013 թ. հուլիսին 2012 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 34.9 % գնաճ, իսկ 2013 թ. հունիսի համեմատ` 13.4 % գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սմբուկի` 61.9 %, կանաչ լոբու` 47.9 %, կանաչ պղպեղի` 42.3 %, ճակնդեղի` 33.7 %, լոլիկի` 31.3 %, գազարի` 21.4 %, խառը կանաչեղենի` 13.8 % գնանկումով: Օրինակ՝ 2013 թ. հուլիսին նախորդ ամսվա համեմատ կաղամբի գինը նվազել է 12.6 %-ով, կանաչ սոխինը` 10.0 %-ով, կարտոֆիլինը` 6.6 %-ով, գլուխ սոխինը` 3.1 %-ով, սնկինը` 2.9 %-ով, սխտորինը` 0.2 %-ով:
2013 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 10.5 %-ով, իսկ 2013 թ. հունիսի համեմատ` 2.2 %-ով: Հացամթերքի ապրանքախմբում 2013 թ. հուլիսին 2012 թ. հուլիսի համեմատ գրանցվել է 9.2 %, իսկ 2013 թ. հունիսի համեմատ` 0.4 % գնաճ: Վերջինս հիմնականում հնդկացորենի` 0.4 %, բարձր տեսակի հացի` 0.4 %, լավաշի` 0.4 %, ձավարի` 0.5 %, սպիտակաձավարի` 0.7 %, մակարոնեղենի` 0.7 %, թխվացքաբլիթի` 1.1 %, բրնձի` 1.7 %, մանկական շիլայի` 3.1 % գնաճի արդյունք է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել