Շինաշխատանքների կատարման պայմանագրերը կնքվում են հիմնականում «խնամի- ծանոթ- բարեկամ» սկզբունքով
Արմավիր քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ կատարելու համար Արմավիրի մարզպետարանը, ի դեմս աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանի, պետական գնման պայմանագիր է կնքել «Լեգենդա» ՍՊԸ-ի հետ:
«Լեգենդա» ՍՊԸ-ն պատկանում է Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանի ազգականին` Սեդրակ Խլղաթյանին: Նա ՍՊԸ-ի 90 տոկոս բաժնետերն է: Չի բացառվում, որ ընկերության իրական սեփականատերը հենց Արմավիրի քաղաքապետը լինի, քանի որ նա 1996-2002թթ. ընկերության սեփականատերերից է եղել, իսկ հայրը` Խաչիկ Խլղաթյանը սեփականատեր է եղել 1999-2003թթ.: Ուշագրավ է, որ այս ընկերությունում սեփականատեր է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը` 1996-1999թթ.:
Հենց Ռուբեն Խլղաթյանն ու Նահապետ Գեւորգյանն են եղել «Լեգենդա» ՍՊԸ-ի հիմնադիրները:
Նշենք, որ պայմանագրի գինը կազմում է մոտ 59 մլն 166 հազար դրամ, իսկ աշխատանքների կատարման վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է: Նշված գումարով ընկերությունը պետք է վերանորոգի Արմավիր քաղաքի Մաշտոցի թիվ 3, Երեւանյան թիվ 40ա եւ Հունան Ավետիսյան թիվ 28 բազմաբնակարան շենքերի տանիքները:
Պայմանագիրն այնքան «տնավարի» են կնքել, որ խառնել են պայմանագրով ստանձնած պարտավորությունների սկիզբն ու վերջը: Թեեւ պայմանագրին կից օրացույցային գրաֆիկի վերջում նշված է, որ պայմանագրի կատարմանը ժամկետի ավարտն այս տարվա օգոստոսի 30-ն է, սակայն, Երեւանյան թիվ 40ա շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների սկիզբը նշված է 30.08.2013թ., իսկ ավարտը` 30.08.2012թ. : Իսկ Հունան Ավետիսյան թիվ 28 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման սկիզբը նշված է հենց աշխատանքների կատարման ավարտի օրը: Ստացվում է, որ ընկերությունն այդ շենքում մեկ օրում է իրականացնելու 20 մլն դրամից ավելի վերանորոգման աշխատանքները:
Արմավիրում ավանդույթ է, որ խոշոր շինարարական աշխատանքները պետք է կատարեն մարզպետ Աշոտ Ղահրամանյանին կամ իշխանություններին մոտ կանգնած ընկերությունները: Օրինակ` Ջրառատի, Վարդանաշենի, Մրգաշատի թիվ 2, Շենավանի, Արմավիրի թիվ 9 դպրոցների վերանորոգման, ինչպես նաեւ Հայթաղ գյուղի խմելու ջրի ներտնտեսային ցանցի վերանորոգման աշխատանքներն իրականացնում են մարզպետի մտերիմ Միսակ Տեր-Պողոսյանի ու նրա եղբոր ընկերությունները: Իսկ Էջմիածնի Ներսիսյան վարժարանի մասնակի վերանորոգումն իրականացնում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունը:
Վերը նշված շինաշխատանքների կատարման համար գումարը պետբյուջեից հատկացրել է կառավարությունը եւ որպես մեկ անձից կատարված գնում` մրցույթներ չեն հայտարարվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել