Արմինէ Առաքելեանը հիշում է իր ամենաազդեցիկ հանդիպումներից մեկը
Ցանկանում եմ կիսվել՝
Երբ թիրախը նոր որակի կյանք կառուցելն է ու պատասխանատվության ինստիտուտն աշխատեցնելը, բարկության, քենի, թույնի, հաշվեհարդարի, աշխարհին թշնամի տեսնելու ոգին չի տանում դեպի այդ թիրախի կենսագործումը, այլ ընդհակառակը` թուլացնում ու քայքայում է դրան ձգտող անհատին և/կամ խմբերին: Հիմնական է` գիտակցել ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` թե՛ սեփական թե՛ հավաքական իմաստով, վերականգնել այն և դրական միտումով նպաստել կառուցվածքային ու մշակութային փոփոխություններին:
Հիշում եմ կյանքիս ամենաազդեցիկ հանդիպումներից մեկը Ռուանդայում (1994-98) աշխատելու ընթացքում, երբ թիրախը նոր որակի կյանքի կառուցման և պատասխանատվության ինստիտուտ աշխատեցնելուն նպաստելն էր: Ցեղասպանությունից մի քանի ամիս հետո էր և աշխատանքիս գծով զրուցում էի 11-12 տարեկան մի աղջնակի հետ, անունը Անժ (Հրեշտակ) էր:
Երբ մեր միջև վստահությունը հաստատվեց, նա բացվեց ու սկսեց մանրամասն պատմել, թե ինչպես է ականատես եղել իր ընտանիքի կոտորմանը, իսկ հետո ենթարկվել խմբակային ամենադաժան բռնաբարության: Հարցրի` ինչպե՞ս ես ուզում շարունակել, չե՞ս ցանկանում պատժել նրանց, ովքեր ընտանիքդ կոտորել են, իսկ քեզ բռնաբարել են... Այդ մանուկ-կին դարձած էակի պատասխանը ապշեցուցիչ էր, ես լսեցի նրան ամենայն համեստությամբ, արցունքերս զսպելով ու սթափվելով:
Նա ասաց. «Ես քեն չեմ պահում, քանզի եթե թողնեմ, որ այդ թույնն իմ մեջ աճի, այլևս չեմ կարողանա շարունակել ապրել ու սիրել, իսկ ես ՈՒԶՈՒՄ եմ ապրել, ՈՒԶՈՒՄ եմ սիրել, ամուսնանալ, երեխա բերել: Ես պատրաստ եմ նրանց արդարադատության կանչել ու պատասխանատվության ենթարկել, որպեսզի նրանք այլևս չկարողանան ուրիշին անել այն, ինչ արեցին իմ ու ընտանիքիս հետ»:
Բայց նա ինձ հավատացնում էր, որ դա անձնական հաշվեհարդարի համար չէ, այլ անպատժելիությանը վերջ տալու համար:
«Ես փորձում եմ նրանց իմ անձնական կյանքից հանել, հանուն մտքիս ու հոգուս առողջացման և նոր որակի կյանք ստեղծել կարողանալու համար»: Ես թեև հուզված էի, բայց այնպես սթափվեցի… ու մի բան ցնցվեց իմ ամբողջ էույթան մեջ, և դա մարդու ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ գիտակցությունն էր (անկախ նրա տարիքից, սեռից, ազգությունից, կրոնից...), այդ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ վերականգնելու ունակությունը, դրական միտումի ոգին ու վճռականությունն էր` նույնիսկ ամենադաժան ոտնհարումների ենթարկված լինելու պարագային:
Արմինէ Առաքելեան, 1.08.2013
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել