HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ֆինանսական հետախուզության «Էգմոնտ» խմբի ներկայացուցիչներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի ներկայացուցիչներին` նախագահ Բոուդվին Վերհելստի գլխավորությամբ: Նրանք Հայաստան են ժամանել 2011 թ. հուլիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում կառույցի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Ուրախ եմ, որ «Էգմոնտ» խումբն իր հերթական նիստը որոշել է անցկացնել Հայաստանում: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում ընդունել բազմաթիվ երկրների պատվիրակություններ, քննարկել ֆինանսական հետախուզության մարմինների առջև ծառացած խնդիրները, առկա պրոբլեմները և հետագա անելիքները: Հայաստանը բավական լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, և համոզված ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնն այսօր համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին: Հայաստանի իշխանությունները մշտապես մեծ ուշադրություն են դարձրել փողերի լվացման խնդիրներին, և մեր երկրի վարկանիշն այդ տեսակետից միշտ համարվել է բարվոք»:

Բոուդվին Վերհելստը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Էգմոնտ» խմբի գործունեության ուղղությունները: Նա անդրադարձել է կառույցի ընթացիկ լիագումար նիստում քննարկվող հարցերին, մասնավորապես, առկա մարտահրավերներին, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության և տեղեկատվության փոխանակման միասնական ցանցի ձևավորման հեռանկարներին:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ փորձի փոխանակումը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում կնպաստի ֆինանսական հետախուզության անդամ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter