Շինհրապարակների կազմակերպման պահանջները չկիրառող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության
2012 թ. Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ ամրագրվել են շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները` ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը:
Ընդ որում, այս հարցում փորձ է արվում միասնական մոտեցում ցուցաբերել, ինչի վկայությունը Երևանի բազմաթիվ շինհրապարակներում պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատումներն են`Երևանի զինանշանով և «Ավելի բարեկարգ Երևան» մակնշումով: Այս ամենը նպատակ է հետապնդում շինարարական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ չխաթարել քաղաքային միջավայրին բնորոշ տարրերը:
Շինհրապարակների սահմանազատման այլընտրանքային հնարավորություն էլ է տրվել: Կառուցապատողները կարող են պաստառների վրա ներկայացնել կառուցվող շինության լուծումները, ճարտարապետական տեսքի էսքիզները և այլն: Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերությունները, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն վարչական պատասխանատվության` 30000-ից մինչև 100 000 դրամի չափով:
«Կառուցապատող ընկերություններին այս մասին ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել է: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք»,- տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել