HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց  Լոռու մարզի  Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ Արմեն Գեւորգյանն իր աշխատանքային այցը սկսեց  Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնքից, որտեղ  մարզի առաջնահերթ խնդիրների լուծման  ծրագրով կառուցվել է խմելու ջրագիծ` համայնքն ապահովելով շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Ջրագիծը կառուցվել է երկու փուլով`  առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով հատկացվել է  56 մլն դրամ: Մարզպետարանի պատասխանատուները փոխվարչապետին տեղեկացրին, որ հետագայում նախատեսվում է ջրագծի հնարավորություններն օգտագործել հարեւան երկու համայնքները  եւս խմելու ջրով ապահովելու նպատակով:

Նորաշեն համայնքում ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան տանիքը, այս աշխատանքների համար առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել էր  6 մլն դրամով: 

Այնուհետեւ Արմեն Գեւորգյանը Նորաշեն համայնքից մեկնեց Սարչապետ համայնք: Համայնքի դպրոցի շենքը, որտեղ տեղակայված է նաեւ մանկապարտեզը, ծրագրի երրորդ եւ չորրորդ փուլերով հատկացված 25 մլն դրամով ապահովված է ջեռուցման համակարգով, իսկ համայնքին հատկացված  5 մլն դրամ սուբվենցիայով հնարավոր է եղել մանկապարտեզը կահավորել նոր գույքով:  

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց շենքային պայմաններից եւ  նշեց, որ  ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման, այնպես էլ այլ ծրագրերով  արվում է  հնարավորը` համայնքները կրթական բարեկարգ հաստատություններով ապահովելու ուղղությամբ:

Արմեն Գեւորգյանը ծանոթացավ նաեւ հիմնանորոգված Նորաշեն-Սարչապետ միջհամայնքային ճանապարհի աշխատանքներին, որոնք իրականացվել են պետբյուջեից հատկացված 157 մլն դրամով:

Լեռնահովիտ համայնքում փոխվարչապետը  եղավ նորակառույց համայնքային կենտրոնում: Կենտրոնի  հին շենքը հիմնովին քանդվել էր երկրաշարժից հետո, եւ համայնքապետարանը գործում էր տնակային պայմաններում: Համայնքային կենտրոնի նոր շենքը  նույնպես կառուցվել է առաջնահերթ խնդիրների լուծման  ծրագրով`երրորդ փուլով  հատկացվելով 40 մլն դրամ:  Փոխվարչապետին տեղեկացվեց, որ համայնքում տարբեր ծրագրերով ենթակառուցվածքների վերականգման այլ աշխատանքներ եւս իրականացվել են`մասնավորապես,   հիմնանորոգվել են խմելու ջրագիծը  եւ մշակույթի տունը: 

Լոռու մարզ  կատարած այցի ընթացքում փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ նաեւ համայնքների բնակիչների հետ,որոնց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին  գյուղտեխնիկայի ձեռք բերմանը եւ  գյուղմթերքի իրացմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը , խմելու ջրի խնդիրներին:    

Փոխվարչապետը  Տաշիրի եւ Ստեփանավանի քաղաքապետերի հետ քննարկեց  նաեւ Ստեփանավան եւ Տաշիր քաղաքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, համայնքի ղեկավարների կողմից ներկայացվեցին առկա հիմախնդիրները: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter