HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

35 տարեկանի ճգնաժամը

Ստեփան Գյոզալյան 

Сила правительства держится
 на невежестве народа, и оно
знает это и потому всегда будет
бороться против просвещения.
Пора нам понять это.

 Л. Н. Толстой

«Տարեցտարի պետբյուջեի հաշվին մշակվում են նոր մրցութային ծրագրեր, որոնք միտված են երիտասարդ գիտնականներին խրախուսելու համար: Այս տարի այդ ծրագրերը նախատեսված են հատուկ երիտասարդ գիտնականների համար, որոնց տարիքը չպետք է գերազանցի 35-ը»,- նշել է Գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչութան պետ Լևոն Մարդոյանը mardik.am-ի հետ զրույցում:

Կառավարությունը, չմոռանալով, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», գտել է գիտության ֆինանսավորման ավելացման «ճշմարիտ» ճանապարհը: Երիտասարդներին մրցույթներ անելու համար 100 մլն դրամ է տալիս, հետո մի 150 էլ՝ նշելով, որ այդ 150-ը այն 100-ը չի… ու պըրծ: Դե ավագ սերունդն աշխատավարձից բացի թոշակ էլ է ստանում. հերիք է իրենց: Մնաց միջին սերունդը, էն էլ, կարելի է ասել, չկա: Էդ մի քանի հոգու պատճառով հո ամբողջ գիտության փողերը չե՞ն ավելացնի…

Ժամանակ առ ժամանակ մի քանի այլ մրցույթ էլ են անցկացնում: Ժամանակ առ ժամանակ մասնավորն (Ծառուկյան հիմնադրամ, Տաշիր հիմնադրամ, Գարեգին Նուշիկյան…) էլ էր մասնակցում մրցույթների կազմակերպմանը եւ ֆինանսավորմանը, բայց արդեն էլ դժվար թե խառնվի: Ասե՞մ` ինչու նման մտավախություն ունեմ: Դե իշխանության մի կարկառուն մինիստր ու մի իշխանամետ կարկառուն գծատեր պնդում էին, որ «բարեգործությունը չարեգործություն» է, որ բարեգործություն կլիներ, եթե այդ գումարը տային իրենց… ու դա բոլոր իշխանական ալիքներով հպարտորեն 2 օր ցուցադրում էին: Ցուցադրում էին, որ ի՞նչ անեին…

 Ընդհանրապես, էս վերջերս վերեւներում շատ են համը հանում: 48 գծատերերի գրությունը հիմք ընդունելով` մի չոբանավարի հիմնավորում են մեջտեղ գցում ու տրանսպորտի գները մեծահոգաբար 50 տոկոս ավելացնում… 100 տոկոս չավելացնելու համար էլ ակնկալում էին ժողովրդի օրհնանքին արժանանալ: Բայց մի քիչ ագահություն արեցին. չսպասեցին ամսի 1 գա կամ գոնե երկուշաբթի… Ժողովուրդն էլ դա չներեց. բա ամսի 20-ից գին կբարձրացնե՞ն, արա…

Ու պարզվում է, որ մինչ այդ այդ 48 երեւելիները, ի բարօրություն ազգի, վնասով էին աշխատում… Մարդիկ էլ ընկած նրանց անուններն են փնտրում, որ մեկ առ մեկ շնորհակալություն հայտնեն, նրանք, ինչպես իսկական ասպետ, համեստություն են անում… Օրինակ` ամենավաղեմի ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը կամ նորելուկ մի այլ պատգամավոր, ում «աներձագ» են ասում, համառորեն պնդում են, թե ո՛չ իրենք, ո՛չ իրենց հարազատները գիծ չունեն… Էս երախտապարտներն էլ փնտրում, փորփրում, դոկումենտներ են գտնում, ինտերնետներով տարածում, որ լայն մասսաներն իմանան ում մեծարել… Երեւելիներից շատերն էլ, կրկին համեստությունից ելնելով, ուզում են չերեւելի լինել. գծերը ուրիշի անունով են գրանցում ՝ դժվար դրության մեջ դնելով երախտապարտներին:   

Ու այսքանից հետո ի՞նչ հույսով է 5886 հոգիանոց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը պահանջում գիտության ֆինանսավորման ավելացում: Ախր կառավարության համար հետաքրքիր չեք: Ախր ձեր հիմնավորումները չոբանավարի չեն, ախր դուք ու ձեր գիտնականները, ինչքան էլ գործ անեք, ինչքան էլ արտասահմաններում անուն ու հարգանք ունենաք, մեկ է, դուք երեւելի չեք դառնա… Երեւելին կիսվում ա, իսկ դուք՝ մենակ պահանջում… Չեք տեսնու՞մ, որ կառավարության վրա ձեր Impact Factor-ը (ազդեցության գործակիցը) 0 ազդեցություն ունի…

Երեւելիներն էլ հո էդ 48 հոգին չեն: Նրանք շատ են: Նրանք իշխանության բոլոր օղակներում են: Նրանց մեծ մասը չերեւելի է: Ի հօգուտ ժողովրդի են ծախսում իրենց համեստ աշխատավարձները՝ դղյակներ, բենթլիներ, օբյեկտներ, օֆշորներ, դուբայներ… Ու այս երեւելի ու չերեւելի կոմբինատորները՝ «Ապրում եմ ինչպես Աստված կամ ինչպես կիսաստված, որը վերջ ի վերջո միեւնույն բանն է»:

Այս երեւելի կառավարության համար որեւէ անտառաճանաչ «չոբան»` հորանջելով ճանճերին քշող, պերերիվին մի 2 բաժակ գցող, մի 2 ամսից գործից վռնդվող պահակն ու 30, 40, 50 տարվա գիտնականն ու ինժեները նույն արժեքն ունեն, նույն աշխատավարձն են ստանում: Հնարավոր է` մի քանի հազար դրամի տարբերություն լինի, որը սակայն «վերջ ի վերջո միեւնույն բանն է»…

Այսպիսի աշխատավարձի դեպքում գիտնականի աշխատանքը դառնում է պարզապես հոբբի: Պատրա՞ստ ես դու նման հոբբիական աշխատանքին, իմ՝ 35-ին մոտ, երիտասարդ գիտնական բարեկամ:  35-ը, ինչպես պարզվում է, նոր, դեռեւս չբացահայտված անցումային տարիք է, արմատական որոշումներ կայացնելու տարիք… Գիտության ոլորտում «լինե՞լ, թե՞ չլինել»  դիլեմային ռաստ գալու տարիք… Դյուրին չէ «տանել գոռ բախտի պարսաքարերը եւ սլաքները», բայց ինչ էլ որ որոշես, ես քո կողմից եմ, իմ երիտասարդ գիտնական բարեկամ ու ցանկանում եմ քեզ` եթե ոչ անձնագրով, գոնե հոգով եւ մարմնով ընդմիշտ լինես մաքսիմում 34 տարեկան… Չնայած, ի՞նչ եմ ասում. ընդմիշտը կոկա-կոլան է…

Եռհինգն է մոտենում, եռհինգն է մոտենում,
Ջահել չենք մենք մնում՝ տարիքն է լրանում,
Ակլադից ավել էլ փող չենք ստանալու,
Բա ի՞նչ ենք անելու, բա ո՞նց ենք անելու…

Եռհինգից հետո այս պետությանը
Կարծես թե պետք չէ լավ գիտնականը:
Ավելի լա՞վ չէ թողնել, նստել տանը,
Սա է ճիշտ կյանքը, սա է իրականը…

 Ու կրկին, որպեսզի տխուր նոտայով չավարտեմ, ուզում եմ ասել մի նոր, հեռանկարային հնարավոր զարգացման մասին: Հումանիտարների համար նոր դաշտ է բացվում, նոր թեմա՝ «35 տարեկանի ճգնաժամը»: Կարելի է նոր գիտական ուղղություն, ինչու՞ չէ, նոր գիտական դպրոց հիմնել, հոդվածներ ու մենագրություններ գրել, սիմպոզիումներ գումարել: Այսպիսով, համաշխարհային գիտական ժառանգության մեջ Հայաստանն իր ուրույն տեղը կունենա՝ որպես  «35 տարեկանի ճգնաժամ»-ի տեսության նախահայրենիք

Հ.Գ.1

Հոբբին կարող է լավ միջոց լինել սթրեսի դեմ պայքարելիս։ Այն օգնում է ինքնադրսևորվել, գտնել համախոհ ընկերների և հաճախ նաև գիտելիքներ ձեռք բերել։

Հ.Գ.2  Մինչ հոդվածը գրում էի, այն «աներձագի» փեսան, ում աներձագն էր «աներձագը», նույնպես հայտարարեց, որ գիծ չունի, եւս մի փաթեթ մրցույթներ հայտարարվեցին, ՊԳՖԱ-ի անդամների թիվն էլ 5886-ից դարձավ 5889…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter