HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գիսանե Պալյան. «Ոչ ընդդիմադիր արվեստագետները նույնպես հոգնել են այս վիճակից»

Empyray ռոք-խմբի երաժիշտ, կոմպոզիտոր Գիսանե Պալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտանիքում դեռ ուսանող չունի, բայց մտահոգված է, որ բուհերը բարձրացրել են ուսման վարձավճարները եւ ինքը միանում է դրանց դեմ իրականացվող բողոքի ակցիաներին:

«Նախ, սկսենք կրթությունից: Կարո՞ղ են արդյոք տաղանդավոր, բայց անապահով երիտասարդները թույլ տալ իրենց սովորել բուհերում: Այսօր ինչպիսի՞ աշխատավարձեր են ստանում արվեստագետները եւ արդյոք կարո՞ղ են ինքնադրսեւորվել, երբ ոչ մի պետական աջակցություն չունեն եւ միայն իրենց գրպանի վրա կարող են հույսը դնել: Գիտե՞ք, թե որքան աշխատավարձ են ստանում ուսուցիչները երաժշտական դպրոցներում: Ուղղակի մեկ-մեկ ամաչում եմ, որ երաժիշտ եմ... Իմ իմանալով նվազագույն աշխատավարձից քիչ բարձր է նրանց աշխատավարձը»,- ասում է Գիսանե Պալյանը:

Խնդիրն այն է, որ ուսման վարձավճարներն ավելանում են, սակայն դասախոսների աշխատավարձը մնում է անփոփոխ` նույն ցածր մակարդակին:

Գիսանեի կարծիքով` այստեղ կառավարությունն անելիք ունի եւ պետք է ակտիվ աջակցություն ցուցաբերի, քանի որ ցավալի է, երբ այսօր արվեստագետը գումար աշխատելու համար ստիպված մատուցող է դառնում կամ տաքսու վարորդ:

«Խոսեմ իմ ոլորտից: Երաժիշտը կարող է դրսևորել իրեն համերգների, տեսահոլովակների եւ աուդիոձայնագրությունների միջոցով: Այս ամենի համար հարկավոր են մեծ գումարներ: Իսկ ինչպե՞ս կարելի է ձեռք բերել հովանավոր, եթե հայտնի է, որ հովանավորվում է հիմնականում մի ոճի երաժշտություն՝ ռաբիզը: Այստեղից` հետեւություն. երիտասարդների մի մասը վաճառվում է ռաբիզին, հետագայում ռեստորաններում աշխատանք ունենալու համար, մյուս մասը՝ ստիպված սկսում է այլ աշխատանքով զբաղվել եւ իր արվեստը հոբբի է դարձնում»,- նշեց Գիսանեն:

Դիտարկմանը, թե կան երաժիշտներ, արվեստագետներ, որոնք իշխանության «թեւի տակ» լավ էլ առաջ են գնում եւ որեւէ խնդիր կարծես թե չունեն, Գիսանե Պալյանն ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկին քննադատել:

«Վերջին` «Ոչ 150 դրամին», ակցիաները ցույց տվեցին, որ կարծես թե ոչ ընդիմադիր արվեստագետները նույնպես հոգնել են այս վիճակից եւ հարկ լինելու դեպքում, կըմբոստանան ու կմիանան ժողովրդին»,-հավելեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter