Նորից դժգոհում են Գագիկ Ծառուկյանի բարեգործական «պազիկներից»
«Քինգ դե Լյուքս» ընկերության վարորդները հերթական անգամ որոշել են իրենց բողոքն արտահայտել Գագիկ Ծառուկյանի «բարեգործական պազիկների» դեմ: Նրանք որոշել են դիմել ծայրահեղ քայլի` փակել միջպետական մայրուղիները:
Ընկերության գործադիր տնօրեն Արթուր Դալլաքյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Քինգ դե Լյուքսը» դեմ չէ բարեգործությանը, սակայն դեմ են «անօրինական բարեգործությանը»: Նա հանդիպել է բողոքող վարորդներին եւ խնդրել է մի քանի օր համբերել, քանի որ նամակներ են ուղարկել պատկան բոլոր մարմիններին եւ սպասում են պատասխանների:
Արթուր Դալլաքյանն ասաց, որ եթե չստանան իրենց համար ընդունելի պատասխաններ, ապա ինքը եւս միանալու է դժգոհող վարորդներին:
«Պետք է լինի օրենքի դաշտում գործող բարեգործություն, որը պետք է հաստատվի նաեւ կառավարության կողմից: Այսօր վարորդը կորցնում է իր աշխատատեղը, որովհետեւ նորմալ չի կարողանում իր աշխատանքը կատարել: Եթե այսպես շարունակվի, բնական է, որ կրճատվելու են աշխատատեղերը, վարորդները կրճատվելու են, դրա համար էլ իրենք բողոքում են»,-ասում է Արթուր Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ «Քինգ դե Լյուքս» ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանի սանիկին` Արթուր Հարությունյանին եւ շահագործում է Չարենցավան Երեւան, Աբովյան-Երեւան երթուղին: Հենց այդ երթուղով էլ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը անվճար ուղեւորափոխադրում է իրականացնում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներով:
Արթուր Դալլաքյանը նշեց, որ ընկերությունը վերջերս 2 մլն 500 հազար դոլարի ներդրում է արել եւ նոր ավտոբուսներով է երթուղին շահագործում եւ հիմա պատրաստ չեն այդ ներդրումները գետնին հավասարեցնել, ինչ է թե ՊԱԶԻԿ-ներով բարեգործություն են անում:
«Քինգ դե Լյուքսի» գործադիր տնօրենն ասաց, որ դեմ է ճանապարհները փակելուն, բայց խնդիրն այնքան է խորացել, որ ինքն էլ չգիտի, թե ինչ է հետագայում լինելու:
««Բարեգործական երթուղի» բառակապակցություն մոլորակի վրա գոյություն չունի: Բարեգործությանը մենք էլ ենք կողմ, որ պետք է լինի, բայց միայն ու միայն օրենքի շրջանակներում: Եթե ինչ-որ հիմնադրամ ցանկանում է բարեգործություն անել, ապա պետք է դա անի ինչ-որ մի խավի համար, գումարներ նրանց տրամադրի, որպեսզի նրանք էլ օգտվեն կանոնավոր ուղեւորափոխադրումներից: Մոլորակում նման երեւույթ գոյություն չունի, ինչ կատարվում է մեր տարածքում»,- հավելեց Ա. Դալլաքյանը:
Տնօրենի փոխանցմամբ` այս վիճակը շարունակվում է 1.8 տարի, եւ բարեգործության անվան տակ փորձում են ընկերությանը վնաս հասցնել այն աստիճանի, որ վերջինս չկարողանա իր ստեղծած աշխատատեղերը պահպանել ու զարգանալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել