Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակիցները դիմում են ՀՀ արդարադատության խորհրդին. «Դպրոցը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ»
ՀՀ արդարադատության խորհրդին «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից
Դիմում
Հարգելի պարոնայք, 63 տարվա պատմություն ունեցող մեր դպրոցը այսօր հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, սնանկացվել է` շնորհիվ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արշակ Ալավերդյանի և Նաիրա Ավետիսյանի կայացրած, օրինական ուժ ստացած, սակայն անօրինական վճիռների, նրանց կողմից օրենքի բազմաթիվ խախտումների:
Վերջին 5 տարիների ընթացքում դպրոցի ողջ կոլեկտիվը փորձում է արդարադատության ճանապարհով ապացուցել, որ դպրոցը դարձել է կազմակերպված մեծ խաբեության զոհ: Սակայն բոլոր ջանքերը ապացուցելու մեր ճիշտ լինելը ոչ միայն ապարդյուն եղան առ այսօր, այլև մեր առջև ծառացած հիմնախնդիրը ավելի բարդացավ և հանգեցրեց դպրոցի նյութական մեծ վնասների: Ուստի մենք ստիպված ենք դիմելու ՀՀ արդարադատության խորհրդին՝ ներկայացնելու վերոհիշյալ դատավորների կողմից կատարված օրենքի բազմաթիվ խախտումները և պահանջելու նրանց ենթարկել պատասխանատվության:
Վերոհիշյալ դատավորների կողմից կատարված խախտումները հիմնավորելու համար ստորև ներկայացնում ենք իրավական վեճի մանրամասները, որով էլ պայմանավորված են այդ խախտումները:
Սուսաննա Արամայիսի Սարգսյանը նախկինում աշխատել է Վանաձորի թիվ 8 դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցիչ /4 դասաժամ/ և համակարգչային օպերատոր /0.5 դրույք/: Նա աշխատանքից ազատվել է դպրոցի 2004թ. սեպտեմբերի 1-ի թիվ 58 և 59 հրամաններով՝ հաստիքների և աշխատողների թվի կրճատման պատճառով՝ նախկինում գործող ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի համաձայն: Նա դիմել է դատարան և դատարանի վճռի հիման վրա վերականգնվել աշխատանքում: Ի կատարումն դատարանի վճռի՝ դպրոցի տնօրենի կողմից արձակվել են 25.02.2005թ. թիվ 2, այնուհետև հարկադիր կատարողի պարտադրանքով` 18.03.2005թ. թիվ 5 հրամանները: Սակայն, 25.02.2005թ. թիվ 2 հրամանով` աշխատանքում վերականգնվելու և այդ մասին պատշաճ կերպով ծանուցվելու պայմաններում Սուսաննա Սարգսյանը 22 օր չի ներկայացել աշխատանքի և 2005թ. մարտի 24-ին թիվ 6 հրամանով ազատվել է աշխատանքից նախկինում գործող ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 36 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ որպես գործալիք:
Աշխատանքում վերականգնվելու համար Սուսաննա Սարգսյանը 17.04.2005թ. նոր հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` դպրոցի 25.02.2005թ. թիվ 2, 18.03.2005թ. թիվ 5 և 24.03.2005թ. թիվ 6 հրամաններն անվավեր ճանաչելու, դպրոցին իր կողմից 18.03.2005թ. արձակած հրամանին օրինական ձևակերպում տալուն պարտադրելու, իրեն իր նախկին կամ համարժեք այլ աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարի պահանջներով:
Գործը վարույթ է ընդունել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանը, որը պարզ աշխատանքային իրավական վեճի վերաբերյալ դատական գործը արհեստականորեն մասնատել է երկու առանձին վարույթների՝ աշխատանքում վերականգնման և գումարի բռնագանձման:
Նշված գործերից յուրաքանչյուրը դատավոր Արշակ Ալավերդյանը քննել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետի խախտումներով(Մինչև 28.11.07թ-ի ՀՕ-277-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի փոփոխությունը դատարանը գործը պետք է քններ և վճիռ կայացներ հայցադիմումն ընդունելու օրվանից երկամսյա ժամկետում), այն է.
Աշխատանքում վերականգնման 2/155 գործով քննությունն իրականացրել և վճիռը կայացրել է 26.04.2006թ.՝ Սուսաննա Սարգսյանի կողմից դատարան դիմելուց հետո 1 տարի անց, իսկ գումարի բռնագանձման գործը քննել և վճիռը կայացրել է Սուսաննա Սարգսյանի կողմից դատարան դիմելուց հետո 2 տարի 4 ամիս անց՝ 17.08.2007թ-ին՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի պահանջը: Գումարի բռնագանձման վարույթը դատավոր Արշակ Ալավերդյանի կողմից արհեստականորեն ձգձգվել է շուրջ 2,5 տարի՝ հավանաբար «գումար աճեցնելու» միտումով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանը աշխատանքի վերականգնման վարույթով 2/155 գործով 26.04.2006թ. վճռել է.
«Սուսաննա Արամայիսի Սարգսյանին վերականգնել իր նախկին աշխատանքում Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենի 2005թ. մարտի 18-ի թիվ 5 հրամանին համապատասխան:
Վանաձորի թիվ 8 դպրոցից հօգուտ Սուսաննա Արամայիսի Սարգսյանի բռնագանձել 81144 դրամ` որպես հարկադիր պարապուրդի հետևանքով վերջինիս կրած երեք ամսվա վնասի հատուցում:
Պատասխանողի 25.02.2005թ. թիվ 2, 18.03.2005թ. թիվ 5 հրամաններն անվավեր ճանաչելու, պատասխանողին իր կողմից 18.03.2005թ. արձակած հրամանին օրինական ձևակերպում տալու պարտադրելու մասով հայցը մերժել»:
Այդ վճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ 12.05.2006թ.:
Պետք չէ լինել իրավաբան`հասկանալու, որ դատավոր Արշակ Ալավերդյանը չի բավարարել Սուսաննա Սարգսյանի հայցադիմումի ոչ մի պահանջ, այսինքն՝
Անվավեր չի ճանաչել Սուսաննա Սարգսյանի աշխատանքում վերականգնման 25.02.2005թ. թիվ 2, 18.03.2005թ. թիվ 5 հրամանները: Այդ մասով հայցը մերժվել է և հրամանները մնացել են օրինական ուժի մեջ:
Դատարանը չի պարտադրել դպրոցի տնօրենին փոխելու 18.03.2005թ. թիվ 5 լրացուցիչ հրամանը, որին, ըստ հայցվորի պահանջի, պետք է տրվեր «օրինական ձևակերպում»: Այդ հրամանը մնացել է նույն բովանդակությամբ:
Եվ ամենակարևորը՝ դատավոր Արշակ Ալավերդյանը փաստորեն չի վերացրել 24.03.2005թ. թիվ 6 հրամանը, որով Սուսաննա Սարգսյանը ազատված է աշխատանքից որպես գործալիք: Նշված հրամանը նույնպես մնացել է օրինական ուժի մեջ և վերացված չէ որևէ իրավական ակտով առ այսօր:
Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ յուրաքանչյուր հայցապահանջը բավարարելու կամ մերժելու, ինչպես նաև նշում վճիռը բողոքարկելու ժամկետների և կարգի մասին»: Թիվ 2/155 գործով 2006թ. ապրիլի 26-ի վճռի եզրափակիչ մասում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի պահանջը կատարված չէ: Այսինքն՝ վճռի եզրափակիչ մասում գրված չէ, որ վերացված է կամ անվավեր, ուժը կորցրած կամ առ ոչինչ է ճանաչվել Վանաձորի թիվ 8 դպրոցի՝ Սուսաննա Սարգսյանին որպես գործալիքի աշխատանքից ազատման 24.03.2005թ. թիվ 6 հրամանը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանը, վերոհիշյալ վճիռը 12.05.2006թ. օրինական ուժի մեջ մտնելուց և 15.05.2006թ. դպրոցի տնօրենի կողմից թիվ 6 հրամանով կամովին և ամբողջովին կատարելուց հետո՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը, 25.05.2006թ-ին կայացրել է 2/155 գործով վճռի պարզաբանման որոշում, որը ըստ էության լրացուցիչ վճիռ էր և էապես փոխում էր նշված վճռի բովանդակությունը:
Դատավոր Արշակ Ալավերդյանը 25.05.2006թ. թիվ 2/1384 որոշումով պարզաբանել է վճիռը` նշելով. ««Սուսաննա Սարգսյանին վերականգնել իր նախկին աշխատանքում Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենի 2005թ. մարտի 18-ի թիվ 5 հրամանին համապատասխան» նախադասությունը պետք է հասկանալ, որ Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենի 24.03.2005թ. թիվ 6 հրամանը, որով առանց օրինական հիմքի Սուսաննա Սարգսյանը ազատվել է աշխատանքից, վերացվել է, և Սուսաննա Սարգսյանը վերականգնվել է իր նախկին աշխատանքում, այն է՝ Վանաձորի թիվ 8 դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցիչ 4 դասաժամ, պատմության` 6 դասաժամ և 0,5 դրույքով համակարգչային օպերատոր»:
Դպրոցը բողոքարկել է այդ որոշումը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, որը 24.07.2006թ. թիվ 06-2667 որոշումով մերժել է վճիռը պարզաբանելու մասին Սուսաննա Սարգսյանի դիմումը` պատճառաբանելով. «Նման պայմաններում վճռի պարզաբանման դիմումը անհիմն է ու մերժման ենթակա, քանի որ փաստացի, ըստ ներկայացրած հանգամանքների վճիռը կատարվել է»: Այսինքն` ձախողվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի փորձը՝ բավարարելու Սուսաննա Սարգսյանի հիմնական պահանջը, այն է` վերացնելու որպես գործալիքի աշխատանքից ազատման 24.03.2005թ. թիվ 6 հրամանը:
Նույն հարցի կապակցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը 26.03.2007թ. կայացրել է որոշում. «Վերադարձնել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.07.2006թ. կայացված վճռի պարզաբանումը մերժելու մասին որոշման դեմ Սուսաննա Սարգսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը»:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2/155 գործով 26.04.2006թ. վճռի պարզաբանումը այլևս չի գործում, քանի որ դրա վերաբերյալ առկա են օրինական ուժի մեջ գտնվող վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2006թ. և ՀՀ Վճռաբեկ դատարանի 26.03.2007թ. որոշումները: Հետևաբար, Սուսաննա Սարգսյանի աշխատանքից ազատված լինելու հանգամանքը հաստատված է նաև նշված իրավական ակտերով:
Նման պայմանններում դատավոր Արշակ Ալավերդյանը 2/155 գործով 26.04.2006թ. վճռից 1 տարի 4 ամիս անց, այսինքն` Սուսաննա Սարգսյանի կողմից դատարան դիմելուց 2 տարի 4 ամիս անց քննության է առնում գումարի բռնագանձման վարույթը և 2/649 գործով 17.08.2007թ. կայացնում է վճիռ, որը ամբողջությամբ հակասում է իր իսկ կայացրած 2/155 գործով 26.04.2006թ. վճռին: Մասնավորապես.
Սուսաննա Սարգսյանի աշխատանքից ազատված լինելու պայմաններում վճռում է նրա օգտին բռնագանձել չստացած աշխատավարձ:
2/155 գործով 26.04.2006 թ. վճռում /էջ 7, 4-րդ և 5-րդ պարբերություններ/ դատավոր Արշակ Ալավերդյանը, վկայակոչելով դպրոցի տնօրենի 26.04.2006թ. Սուսաննա Սարգսյանի աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքը, նշել է հետևյալը. «Սուսաննա Սարգսայնի ամսական հաշվարկային աշխատավարձը՝ 18.03.2005թ. թիվ 5 հրամանին համապատասխան ունեցած դասաժամերի հաշվարկով կազմում է 28 791 դրամ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրոււթյան վճարների պահումների կիրառմամբ Սուսաննա Սարգսայնի ամսական առձեռն ատանալիք աշխատավարձը կկազմի 27 048 դրամ»: Նշված տեղեկանքի հիմքով էլ դատավոր Արշակ Ալավերդյանը վճռել է հօգուտ Սուսաննա Սարգսյանից դպրոցից բռնագանձել 81 144 դրամ, որպես հարկադիր պարապուրդի հետևանքով վերջինիս կրած երեք ամսվա վնասի հատուցում: Սակայն, 2007թ. օգոստոսի 17-ի գումարի բռնագանձման վճիռը կայացնելիս դատավոր Արշակ Ալավերդյանը «մոռացել է», որ նույն անձի՝ Սուսաննա Սարգսյանի աշխատանքի վերականգնման 26.04.2006թ. վճռում 18.03.2005թ. թիվ 5 հրամանին համապատասխան ունեցած դասաժամերի հաշվարկով Սուսաննա Սարգսյանի աշխատավարձը հաստատված է համարել 27 048 դրամ: Բացի այդ, համաձայն նույն 18.03.2005թ. թիվ 5 հրամանի՝ Սուսաննա Սարգսայնը պետք է ունենար ինֆորմատիկայի 4 դասաժամ, պատմության՝ 6 դասաժամ և համակարգչային օպերատորի 0,5 դրույք: Դատավոր Արշակ Ալավերդյանը, խախտելով իր իսկ կայացրած, օրինական ուժի մեջ գտնվող 26.04.2006թ. վճիռը, գումարի բռնագանձման 17.08.2007թ. վճռում հաշվարկները կատարել է լրիվ այլ դրույքաչաթով և այլ աշխատավարձի չափով՝ առանց վճռի հիմքում ունենալու նոր դրույքաչափի և աշխատավարձի չափի անհրաժեշտ՝ կոնկրետ Սուսաննա Սարգսյանի անունով տրված իրավական փաստաթղթի:
Փաստորեն, Սուսաննա Սարգսյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գումարի բռնագանձման 2/649 գործով ըստ էության տվել է սուտ ցուցմունք իր դրույքաչափի և աշխատավարձի չափի վերաբերյալ: Մասնավորապես, նա իր հայցապահանջում նշել է. «վերոնշյալ դպրոցում մինչ աշխատանքից ազատվելը ես աշխատել և վարձատրվել եմ ինֆորմատիկա առարկայի ուսուցչի 1 /մեկ/ դրույք ծանրաբեռնվախությամբ» և դատարանին է ներկայացրել աշխատավարձի սեփական հաշվարկները: Դատավոր Արշակ Ալավերդյանը, «մոռանալով», որ 26.04.2006թ. վճռով հաստատված է համարել 18.03.2005թ. թիվ 5 հրամանին համապատասխան ունեցած դասաժամերի հաշվարկը, նոր՝ 17.08.2007թ. վճռում 2005թ. փետրվարի 11-ից մինչև 2007թ. օգոստոսի 17–ը ընկած ժամանակլահատվածի համար հաշվարկել է Սուսաննա Սարգսյանի կողմից ներկայացված աշխատավարձի չափը.
2005թ. համար՝ 40 800 դրամ,
2006թ. համար՝ 47 400 դրամ,
2007թ. համար՝ 60 189 դրամ:
Նշված գումարները՝ ըստ տարիների մեկ ամբողջական դրույքին համապատասխան աշխատավարձներ են, որոնք սակայն որևէ կերպ չեն վերաբերել Սուսաննա Սարգսյանին, քանի որ Վանաձորի թիվ 8 դպրոցում նա երբեք չի ունեցել ինֆորմատիկայի ուսուցչի մեկ ամբողջական դրույք:
Սուսաննա Սարգսյանը դատարանում տվել է սուտ ցուցմունք իր դրույքաչափի և աշխատավարձի չափի վերաբերյալ, իսկ դատավոր Արշակ Ալավերդյանը այդ սուտ ցուցմունքը ընդունել և բավարարել է նրա պահանջը՝ առանց Սուսաննա Սարգսյանի դրույքաչափի և աշխատավարձի չափի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ունենալու՝ տրված դպրոցի կողմից, քանի որ միայն դպրոցը իրավունք ուներ տրամադրելու դատարանին աշխատավարձի չափի վերաբերյալ փաստաթուղթ: Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանին վերագրվող, Լոռու մարզպետարանի ֆինվարչության պետ Ս.Հովհաննիսյանի և կրթության վարչության պետ Մ.Սայադյանի կողմից ստորագրված տեղեկանքը (կից ներկայացվում է) ոչ մի կերպ չի առնչվում կոնկրետ Սուսաննա Սարգսյանի դրույքաչափի և աշխատավարձի չափի հետ. այն իրենից ներկայացնում է քաքղվածք ՀՀ կառավարության 12.03.2002թ. թիվ 130 որոշումից և վերաբերվում է 2002-2007թթ. հանրակրթական դպրոցների ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերին: Հետևաբար վերացական բնույթ կրող այդ տեղեկանքը չէր կարող հաշվարկների հիմք հանդիսանալ և դատավոր Արշակ Ալավերդյանն 2/649 գործով 17.08.2007թ. վճռում անգամ չի նշել այդ տեղեկանքի մասին: Այսինքն՝ բարձր աշխատավարձի հաշվարկները դատավոր Արշակ Ալավերդյանի կողմից կատարվել են կամայական: Փաստորեն հարցը լուծվել է «ուզում եմ, տալիս եմ» սկզբունքով:
Դատավոր Արշակ Ալավերդյանի՝ 2/649 գործով 17.08.2007թ. վճռով հերթական խախտումը կապված է ՀՀ աշխատանքային օրենագրքի 265-րդ հոդվածի հետ: Նշված հոդվածի համաձայն. «…Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատավարձ»:
Դատավոր Արշակ Ալավերդյանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սուսաննա Սարգսյանը 2007թ. մարտի 19-ից աշխատում է ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում և ստանում է 87 500 դրամ ամսական աշխատավարձ, որը մոտ երեք անգամ գերազանցում է դպրոցում ունեցած փաստացի աշխատավարձը: Դատավոր Արշակ Ալավերդյանը կոպիտ ձևով խախտել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի վերոնշյալ հոդվածի պահանջը, ըստ որի աշխատողին աշխատանքում վերականգնման դեպքում պետք է տրվեր աշխատավարձի տարբերությունը, եթե աշխատողը կատարել էր ավելի նվազ վարձատրվող աշխատանք, այսինքն՝ աշխատավարձի բացասական տարբերության դեպքում: Մինչդեռ Սուսաննա Սարգսյաի՝ Կրթության ազգային ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում հաշվարկված փաստացի աշխատավարձը /87 500 դրամ/ մոտ երեք անգամ գերազանցում է դպրոցում մինչև աշխատանքից ազատվելը ստացած աշխատավարձը՝ 27 048 դրամ, և մոտ 1,5 անգամ Սուսաննա Սարգսյանի կողմից ներկայացված կեղծ աշխատավարձի չափը՝ 60 189 դրամ: Այլ կերպ ասած` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը՝ Սուսաննա Սարգսյանի հայցապահանջը նշված մասով դատավորը պարտավոր էր մերժել,քանի որ իրավունք չուներ սահմանել աշխատավարձ նշված ժամանակահատվածի համար: Մինչդեռ դատավորը կատարել է հակառակը,ինչն էլ հանգեցրել է պետական միջոցների կազմակերպված հափշտակության:
2007թ. մարտ-օգոստոս ամիսների համար հօգուտ Սուսաննա Սարգսյանի բռնագանձելով ամսական 60 189 դրամ` դատավոր Արշակ Ալավերդյանը դրանով խախտել է նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 139 հոդվածի պահանջը, այն է.
Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից:
Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը չի կարող անցնել շաբաթվա ընթացքում 48 ժամից:
Սուսաննա Սարգսյանը, աշխատելով ԿԱԻ Վանաձորի մասնաճյուղում և այնտեղից իր կատարած աշխատանքի դիմաց ստանալով ամսական 87 500 դրամ, չէր կարող այդ նույն աշխատաժամանակի համար մեկ ամբողջ դրույքով վարձատրվեր որպես հարկադիր պարապուրդի մեջ գտնվող: Աշխատավարձը վարձատրություն է կատարած աշխատանքի համար: Ինչպե՞ս կարող է անձը, հանդիսանալով պետական հիմնարկի ամբողջական մեկ դրույքով աշխատող, տվյալ հիմնարկից ստանալ աշխատավարձ կատարած աշխատանքի համար, և միաժամանակ մեկ այլ պետական հիմնարկից ստասնալ կրկին լրիվ դրույքի աշխատավարձ փաստացի աշխատանք չկատարելու համար: Ինչպե՞ս գնահատել այս աբսուրդ վիճակը՝ դատավորի կողմից օրենքների թերի իմացություն, մասնագիտական թերացումների դրսևորում, թե՞ դատավորի կողմից դատական գործի ելքով անձնական շահագրգռվածության դրսևորում: Ամեն դեպքում դատավոր Արշակ Ալավերդյանի կլողմից կայացված երկու վճիռներում տեղ գտած դատավարական և նյութական նորմերի խախտումները ծանր հետևանքներ են առաջացրել Վանաձորի թիվ 8 դպրոցի համար. Սուսաննա Սարգսյանի աշխատանքում վերականգնման 2/155 գործով 26.04.2006թ. կիսատ-պռատ վճիռը հիմք է դարձել վերջինիս կողմից գումարների անօրինական հայցապահանջների, այդ հայցապահանջները դատարանների կողմից բավարարելու, իսկ ԴԱՀԿ Լոռու մարզային բաժնի կողմից այդ գումարները հօգուտ Սուսաննա Սարգսյանի՝ վճռի հարկադիր կատարման անվան տակ, օրենքի կոպիտ խախտումներով բռնագանձման համար: Մասնավորապես, 2007թ. դեկտեմբերին հարկադիր կատարողի կողմից բռնագանձվել է 2 632 658 դրամ՝ հօգուտ Սուսաննա Սարգսոյանի: Սակայն այդ գումարը եղել է դպրոցի 51 աշխատակիցների աշխատավարձը, որը Նոր տարվա շեմին խլվել է դպրոցի մանկավարժներից, հավաքարարներից, պահակներից և տրվել Սուսաննա Սարգսյանին: 2007թ. դեկտեմբեր ամսվա աշխատավարձը դպրոցի բոլոր աշխատողները ստացել են միայն երկու տարի անց՝ 2009 թվականի նոյեմբերին՝ խիստ խնայողությունների հաշվին:
Նույնը կրկնվել է 2013թ. ապրիլի 23-ին, երբ նորից բռնագանձվել է դպրոցի աշխատակիցների աշխատավարձը՝ 1 811 556 դրամ, իսկ հունիսի 21-ին բռնագանձվել է HSBC բանկում փակ ենթահաշվեհամարի վրա եղած դպրոցի՝ վարձակալությամբ տրվող դասագրքերի 14 տարվա ընթացքում կուտակված 5 500 000 դրամը: Այդ գումարի բռնագանձմամբ դպրոցը զրկվել է այս տարվա սեպտեմբերին և դրանից հետո էլ աշակերտների համար նոր դասագրքեր պատվիրելու հնարավորությունից: Դրանով խախտվել է երեխաների հիմնարար իրավունքներից մեկը՝ կրթություն ստանալու իրավունքը:
Չնայած այն հանգամանքին, որ դատավոր Արշակ Ալավերդյանի 2/649 գործով՝ գումարի բռնագանձման 17.08.2007թ. վճիռը և հայցվորի և պատասխանողի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, այն չի բեկանվել վերաքննիչ դատարանի կողմից. ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել է 2 632 658 դրամ հօգուտ Սուսաննա Սարգսյանի:
Այսպիսով, առանց Սուսաննա Սարգսյանի աշխատանքում վերականգնվելու, վերջինիս իրականում դրույքաչափը և աշխատավարձի չափը չունենալու պայմաններում, դատավոր Արշակ Ալավերդյանի թեթև ձեռքով դպրոցի միջոցների հաշվին, ավելի ճիշտ պետական միջոցների հաշվին՝ գումարի բռնագանձման առաջին հայցապահանջով Սուսաննա Սարգսյանին «նվիրաբերվել» է 2 632 658 դրամ:
Ժողովուրդն ասում է, որ ախորժակը ուտելիս է բացվում:
Պետությանը կողոպտելու հաջողված առաջին փորձը հանգեցրեց երկրորդ փորձին. 2012թ. մարտին Սուսաննա Սարգսյանը նոր հայցապահանջ ներկայացրեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ այս անգամ պահանջելով վերջին 5 տարիների՝ 2007-2012թթ. չստացված աշխատավարձը՝ համապատասխան տոկոսներով: Նա իր հայցադիմումում գրել է. «Փաստորեն, 2007թ. օգոստոսի 17-ից մինչ օրս զրկված եմ ամսական 60.189 դրամ աշխատավարձ ստանալու հնարավորությունից: Հետևաբար 2007թ. օգոստոսի 17-ին հաջորդող ամսվա 2007թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2012թ. մարտի մեկն ընկած ժամանակահատվածում, որը կազմում է 54 ամիս, ես չեմ ստացել 3.250.206 դրամ աշխատավարձ»:
Դրանից հետո Սուսաննա Սարգսյանը փոխել է հայցապահանջի չափը, ավելացրել 2012թ. մարտի 1-ից հետո հաջորդող բոլոր հերթական ամիսների քանակով ամսական 60.189 դրամ՝ համապատասխան տոկոսներով:
Գումարի բռնագանձման նոր հայցապահանջի հիմքում Սուսաննա Սարգսյանը նորից դրել է 2007թ. գումարի բռնագանձման 1-ին հայցապահանջի՝ 2/649 գործով 17.08.2007թ. դատավոր Արշակ Ալավերդյանի վճռի հիմքում ընկած ինֆորմատիկայի ուսուցչի մեկ ամբողջական դրույքի 60189 դրամ աշխատավարձի չափը:
Գումարի բռնագանձման նոր՝ 2-րդ հայցապահանջի քննության ժամանակ որպես Սուսաննա Սարգսյանի սուտը բացահայտող ապացույց, դպրոցի տնօրենը դատարանին է ներկայացրել 2000-2001, 2001-2002, 2002-2003, 2003-2004, 2004-2005, 2005-2006, 2006-2007, 2007-2008, 2008-2009, 2009-2010, 2010-2011, 2011-2012 ուսումնական տարիների բոլոր այն դասարանների դասամատյանները /թվով 59 հատ/, որտեղ դասավանդվել է ինֆորմատիկա առարկան: Այդ մատյանների գրանցումներից հստակ երևում է, թե ինֆորմատիկայի շաբաթական քանի ժամ է ունեցել տվյալ ուսումնական տարում յուրաքանչյուր դասարան, իսկ տարվա տարիֆիկացիայից երևում է, թե դպրոցը տվյալ ուստարում ինֆորմատիկայի դասավանդմամբ քանի դասարան է ունեցել: Դատարանին ներկայացված ՀՀ ԿԳՆ տարեկան Տեղեկագրից էլ երևում է, թե որ դասարաններում է դասավանդվել ինֆորմատիկան: Բացի այդ, դպրոցի տնօրենը դատարանին է ներկայացրել Վանաձորի թիվ 8 դպրոցի 2001-2012թթ. ընթացքում «Ինֆորմատիկա» առարկայի ժամանաքանակի և ուսուցչի աշխատավարձի վերաբերյալ դպրոցի կողմից կազմված և դպրոցի տնօրենի ու հաշվապահի կողմից ստորագրված տեղեկանքը՝ ըստ ուսումնական տարիների, որից երևում է, թե յուրաքանչյուր ուստարում քանի 9-րդ և 10-րդ դասարան է եղել դպրոցում, ինֆորմատիկայի քանի դասաժամ են ունեցել այդ դասարանները և որքան է կազմել ամսական հաշվարկված աշխատավարձը:
Տեղեկանքից պարզ երևում է, որ Վանաձորի թիվ 8 դպրոցը երբեք չի ունեցել ինֆորմատիկայի մեկ դրույքին համապատասխան ժամեր՝ 22 դասաժամ շաբաթական ծանրաբեռնվածություն, և Սուսաննա Սարգսյանը իր աշխատած տարիների ընթացքում երբեք չի աշխատել որպես ինֆորմատիկայի մեկ դրույքով ուսուցիչ: Նրա առավելագույն ժամերը Վանաձորի թիվ 8 դպրոցում եղել են ութը:
Դպրոցի տնօրենը դատարանին է ներկայացրել նաև դպրոցի 2001-2002 ուստարվանից մինչև 2011-2012 ուստարվա տարիֆիկացիաների /ժամաբաշխման/ պատճենները, որոնցից երևում են դասարանների, ինֆորմատիկայի դասաժամերի քանակը և ուսուցչին հաշվարկված աշխատավարձը: Բոլոր պատճենները հաստատված էին դպրոցի կնիքով և տնօրենի ստորագրությամբ, այսինքն՝ միանշանակ բացառվում էին սուտ տվյալները, ինչը նախատեսում է քրեական պատասխանատվություն:
Դատարանին էր ներկայացվել նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղեկանքը այն մասին, որ 2007թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Վանաձորի թիվ 8 դպրոցը ունեցել է ինֆորմատիկայի ութ դասաժամ, որի համար ուսուցիչը պետք է վարձատրվեր 21.887 դրամ:
Տվյալ տեղեկանքից երևում է, որ նույնիսկ եթե Սուսաննա Սարգսյանը վերականգնված լիներ իր աշխատանքում, նա 2007թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ չէր ունենալու ութ ժամից ավելի դասաժամ և չէր ստանալու 21.887 դրամից ավելի բարձր աշխատավարձ այն պարզ պատճառով, որ դպրոցում երբեք չի եղել և 2007թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի չկար դասարանների անհրաժեշտ քանակ ինֆորմատիկա առարկայի 22 ժամ՝ մեկ դրույք լրացնելու համար, որպեսզի նա ստանար 60.189 դրամը:
Դատարանին էր ներկայացվել նաև ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Գ. Տիգրանյանի 24.06.2012թ. տեղեկանքը, համաձայն որի՝ Սուսաննա Սարգսյանը 2007թ. մարտի 19-ից առ օրս աշխատում է Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղում և նրա ամսական աշխատավարձը կազմում է 87.500 դրամ:
Այսինքն, Սուսաննա Սարգսյանը 2007թ. մարտի 19-ից աշխատում է ԿԱԻ Լոռու մասնաճյուղում և միաժամանակ, գումարի բռնագանձման դեռևս առաջին պահանջի արդյունքում ստացել է գումար այն ժամանակահատվածի համար, երբ ինքը ԿԱԻ աշխատակից էր:
Այնուամենայնիվ, 2012թ. հուլիսի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը վճռեց բավարարել Ս. Սարգսյանի հայցապահանջը: Չնայած ԼԴ/0253/02/12 գործով 25.07.2012թ. վճիռը կցվելու է մեր դիմումին, վճռի եզրափակիչ մասը մեջբերում ենք ամբողջությամբ:
«ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ Սուսաննա Սարգսյանի բռնագանձել 3.250.206 ՀՀ դրամ՝ որպես 01.09.2007թ-ից մինչև 01.03.2012 թ. ընկած ժամանակահատվածում չստացած աշխատավարձի գումար:
«Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ Սուսաննա Սարգսյանի բռնագանձել 3.250.206 դրամի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով տոկոսներ 01.09.2007թ. մինչև գումարների լրիվ մարումը:
«Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ Սուսաննա Սարգսյանի բռնագանձել 01.03.2012թ-ից ամսական չստացած 60 189 դրամ աշխատավարձի գումարը և 01.03.2012թ-ից չստացած աշխաստավարձի գումարի վրա հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով տոկոսներ՝ մինչև այդ գումարի լրիվ մարումը:
«Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ Սուսաննա Սարգսյանի բռնագանձել 300 000 ՀՀ դրամ գումար՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
«Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ պետական բյուջեի որպես պետական տուրք բռնագանձել 65 004,12 ՀՀ դրամ և մինչև 3 250 206 դրամ գումարի մարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով 01.09.2007 թ-ից տոկոսներ հաշվարկվող գումարի 2%-ը, 01.09.2007 թ-ից ամսական չստացած 60 189 դրամ աշխատավարձի գումարի և 01.03.2012թ-ից չստացած աշխատավարձի գումարի վրա հաշվարկվող տոկոսների գումարի 2%-ը:
Սուսաննա Սարգսյանի ներկայացրած նոր հայցապահանջը դատարանը քննեց ոչ թե ըստ ներկայացված հանգամանքների, այլ գոյություն ունեցող դատական նախադեպի սկզբունքով՝ հիմք ընդունելով գումարի բռնագանձման վերաքննիչ դատարանի 29.11.2007թ. վճիռը և հաշվի չառնելով Ս. Սարգսյանի կողմից երկու անգամ դատարանին խաբելու փաստը հաստատող ներկայացված բոլոր ապացույցները, հաշվի չառնելով այն կարևորագույն հանգամանքը, որ Սուսաննա Սարգսյանը վերականգնված չէ աշխատանքում, որ մնում է աշխատանքից ազատված որպես գործալիք, որ նա 2007թ. մարտի 19-ից աշխատում է ՀՀ Կրթության ազգային ինստիտուտում և ստանում ամսական 87 500 դրամ աշխատավարձ:
Այսինքն, դատավոր Նաիրա Ավետիսյանը, դրսևորելով կորպորատիվ համերաշխություն դատավոր Արշակ Ալավերդյանի վճիռներին, շարունակեց նրա կողմից սկիզբ դրած խախտումները և Սուսաննա Սարգսյանին պետական միջոցների հաշվին ճոխ «նվիրատվությունները»:
Դատավոր Նաիրա Ավետիսյանը, ինչպես Արշակ Ալավերդյանը, խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ և 265-րդ հոդվածների պահանջները: Նա վճռել է տալ 5 տարվա չստացած աշխատավարձ աշխատանքից ազատված անձին. Սուսաննա Սարգսյանի որպես գործալիքի աշխատանքից ազատման հրամանը վերացված չէ որևէ իրավական ակտով առ այսօր: Այսինք, Սուսաննա Սարգսյանը մնում է աշխատանքից ազատված որպես գործալիք, հօգուտ որի դատավորը վճռել է բռնագանձել 3 250 206 դրամ տոկոսներով և 2012թ. մարտի 1-ից յուրաքանչյուր հաջորդ ամիս ևս 60 189 դրամ աշխատավարձ՝ համապատասխան տոկոսներով:
Եթե նույնիսկ դատավոր Նաիրա Ավետիսյանը անկեղծ համոզված է, որ Սուսաննա Սարգսյանը վերականգնված է իր նախկին աշխատանքում, ապա չստացած աշխատավարձի բռնագանձման հայցը քննելիս նա պարտավոր էր կատարել օրենսդրության այն պահանջը, ըստ որի՝ աշխատողին աշխատանքում վերականգնման դեպքում պետք է տրվեր աշխատավարձի տարբերությունը, եթե աշխատողը կատարել էր ավելի նվազ վարձատրվող աշխատանք՝ աշխատավարձի բացասական տարբերության դեպքում: Մինչդեռ Սուսաննա Սարգսյաը, ինչպես արդեն նշվել է, 2007թ. մարտի 19-ից աշխատում է Կրթության ազգային ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում և նրա ամսական փաստացի աշխատավարձը /87 500 դրամ/ մոտ երեք անգամ գերազանցում է դպրոցում մինչև աշխատանքից ազատվելը ստացած աշխատավարձից /27 048 դրամ/ և մոտ 1,5 անգամ Սուսաննա Սարգսյանի կողմից ներկայացված կեղծ աշխատավարձի չափից՝ 60 189 դրամ: Նշված հիմքով դատավորը պարտավոր էր հայցապահանջը մերժել: Մինչդեռ դատավորը ոչ միայն պետական միջոցների հաշվին միանվագ ճոխ «նվիրատվություն» է արել հանցագործություն կատարած անձին, այլև հաշվիչ է միացրել դպրոցի վրա՝ վճռելով 2012թ. մարտի 1-ից յուրաքանչյուր հաջորդ ամիս հօգուտ Ս.Սարգսյանի բռնագանձել 60 189 դրամ աշխատավարձ՝ համապատասխան տոկոսներով: Դատավարի կողմից դպրոցի վրա հաշվիչ միացնելու հետևանքով դպրոցը բացի սահմանված մնացած գումարներից այսօր՝ 2013թ. հուլիսի 8-ի դրությամբ արդեն իսկ կորցրել է 1.117.107 դրամ:
Հարկ է նշել, որ 24.12.2012թ. Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանը 2012թ. դեկտեմբերին ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ին պատվիրել էր իրականացնել փորձաքննություն` ուսումնասիրելու Վանաձորի թիվ 8 դպրոցի 2005-2007թթ. «Ինֆորմատիկա» առարկայի ժամերի քանակի և հասանելիք աշխատավարձի վերաբերյալ:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի 29.01.2013թ. եզրակացությունից (կից ներկայացվում է) պարզ երևում է, որ Սուսաննա Սարգսյանը Վանաձորի թիվ 8 դպրոցում երբեք չի ունեցել «Ինֆորմատիկա» առարկայի մեկ ամբողջական դրույք /22 դասաժամ շաբաթական ծանրաբեռնվածությամբ/ և նրա 2005թ. փետրվարի 11-ից մինչև 2007թ. օգոստոսի 17 «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցչի աշխատավարձը կազմել է ոչ թե 1660500 դրամ, այլ ընդամենը` 449 784 դրամ:
Դպրոցի ներկայացուցիչներ տնօրեն Կ. Ստեփանյանը և փաստաբան Ա. Սիմոնյանը որպես նոր երևան եկած հանգամանք ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի եզրակացությունը համապատասխան բողոքով ներկայացրեցին ՀՀ Վճռաբեկ դատարան, վերջինս վերադարձրեց նշված բողոքը:
Ստեղծված իրավիճակում, դպրոցը այլևս չի կարող դատական կարգով ապացուցել, որ նշված գումարները Սուսաննա Սարգսյանը պետությունից տարել են և շարունակում են տանել խաբեությամբ, գոյություն չունեցած դրույքաչափի հիմքով:
Սա է Հայաստանի Հանրապետության արդարադատությունը: Այս ամենը ավելի շուտ նման է պետական մակարդակով կազմակերպված ռեկետի, կողոպուտի, բիզնեսի նոր տեսակի հանդես գալուն: Ինչ անուն ուզում եք այս ամենին տվեք, բացի արդարադատությունից: Արդարադատությունը չի կարող կատարվել օրենքի բազմաթիվ խախտումներով, օրենքի կատարումը կոչված անձանց կողմից:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արշակ Ալավերդյանը և Նաիրա Ավետիսյանը յուրովի են հասկացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ի կետը, ըստ որի՝ «Արդարադատություն իրականացնելիս՝ դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին»: Դատավորներ Արշակ Ալավերդյանը և Նաիրա Ավետիսյանը փաստորեն անկախ են նախ և առաջ Օրենքից:
Մենք՝ Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակիցներս, սույն դիմումով ներկայացրել ենք դատավորներ Արշակ Ալավերդյանի և Նաիրա Ավետիսյանի կողմից կատարած այն խախտումները, որոնք ակնհայտ են նույնիսկ ոչ իրավաբանների համար, իսկ Արդարադատության խորհրդի անդամները իրավաբաններ են, որոնք, քննության առնելով այդ դատավորների կատարած խախտումները, կտեսնեն ավելին, քան մենք:
Մենք բոլորս միանշանակ համոզված ենք, որ սույն դիմումի քննարկմանը միջամտելու են ազդեցիկ պաշտոնյաներ: Եթե Սուսաննա Սարգսյանի համար միջամտությունը եղել է այդքան մեծ և հզոր, որ հանգեցրել է իր նախադեպը չունեցող այս խայտառակ վիճակի, ուրեմն կարելի է պատկերացնել, թե ինչ մակարդակի միջամտություն պետք է լինի այս երկու դատավորների կողմից կատարած խախտումները կոծկելու միտումով:
Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նկատմամբ մեր սին հույսերը հաղթահարելով, դիմում ենք ՀՀ արդարադատության խորհրդին և պահանջում, որ ակնհայտ անարդար վճիռներ կայացնելու, դպրոցին սնանկացնելու, շուրջ 250 աշակերտին փաստացի առանց դասագրքերի գումարների թողնելու, դրանով իսկ նրանց կրթության հիմնարար իրավունքը խախտելու, դպրոցի վրա անօրինական ձևով հաշվիչ միացնելու համար Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արշակ Ալավերդյանին և Նաիրա Ավետիսյանին ենթարկեք պատասխանատվության:
Կից ներկայացնում ենք՝
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 2/155 գործով 26.04.2006թ. վճռի պատճենը,
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճռի պարզաբանումը մերժելու մասին թիվ 06-2667 գործով 24.07.2007թ. որոշման պատճենը,
ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-792 /Ա/ գործով 26.03.2007թ. վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը,
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 2/649 գործով 17.08.2007թ. վճռի պատճենը,
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ /0253/02/12 գործով 25.07.2012թ. վճռի պատճենը,
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» 29.01.2013թ. փորձաքննության եզրակացությունը,
26.07.2012թ-ին Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանին ուղղված Վանաձորի թիվ դպրոցի աշխատակիցների դիմումի պատճենը,
Լոռու մարզպետարանի ֆինվարչության պետ Ս.Հովհաննիսյանի և կրթության վարչության պետ Մ.Սայադյանի ստորագրությամբ 2002-2007թթ. հանրակրթական դպրոցների ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի տեղեկանքի պատճենը,
Սուսաննա Սարգսյանի կողմից կազմված 2002-2007թթ. դրույքաչափերի հաշվարկը:
Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակիցներ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել