
Ականատեսի վկայությամբ` կալանավորի մահը սպանություն է եղել
«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած Սլավիկ Ոսկանյանի հետ միեւնույն բանտախցում եղել է եւս 3 կալանավոր: Նրանցից մեկը Սլավիկի մահից առաջ եւ հետո մի քանի անգամ զանգել ու հեռախոսային զրույցներ է ունեցել նրա հարազատների հետ: Սկզբում նրանց ներկայացել է Էրիկ անունով (հավանաբար, նրա երկրորդ անունն է):
Առաջին անգամ 2010 թ. հոկտեմբերի 22-ին (Սլավիկի կողմից իր ոտքի մեջ թուք ներարկելուց 4 օր անց) զանգել ու խոսել է Սլավիկի մոր` Տատյանա Ոսկանյանի հետ, ասել է, որ Սլավիկին ուզում են «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխել, նրան տեղափոխելուց հետո կզանգի ու կհայտնի այդ մասին: Կալանավորի հաջորդ զանգը եղել է Սլավիկի թաղման օրը` հոկտեմբերի 27-ին: Այդ օրը նա խոսել է Սլավիկի քրոջ` Սվետլանա Ոսկանյանի հետ: Ասել է, որ շատ բան գիտի, տվյալ պահին չի կարող խոսել, բայց «երբ պահը գա, կխոսի»:
Սլավիկի թաղումից մեկ շաբաթ հետո էլ նրա կնոջ` Շուշան Ոսկանյանի հետ է խոսել` ներկայանալով իր անուն, ազգանվամբ` Կոլյա Միրզոյան:
Վերջինս Շուշանին պատմել է, որ Սլավիկի կողմից ոտքը վնասելու պահին ինքը բանտախցում չի եղել, գնացել է սպորտդահլիճ, իսկ վերադառնալով` իմացել է, որ Սլավիկը թուք է ներարկել ոտքին: Ինքը չգիտի` որտեղից, ինչ ճանապարհով է Սլավիկի մոտ ներարկիչ հայտնվել:
«Ասեց` շատ բան ունեմ պատմելու, բայց քանի դեռ էստեղ եմ, չեմ կարող խոսել: Ազատվելուց հետո կգամ ու լրիվ կասեմ: Կպատմեմ` ոնց ա էղել, ինչ ա էղել. ոնց ինքը մահացավ, ում մեղավորությունն էր դա, ինչ էր կատարվում բանտում, ով ինչ էր ընդեղ անում: Ասեց` Սլավան շատ վատ էր, տանջվում էր, մենք էինք տղաներով գրկում տանում զուգարան, բերում: Ասեց` դատախազը էկավ տեսավ, բայց ասեց` ոչ մի տեղ չենք տանելու, դու արժանի չես բուժվելու, ըստեղ ես մնալու»,- Կոլյա Միրզոյանի հետ իր հեռախոսային զրույցն է վերարտադրում Շուշանը:
Դատապարտյալն այսքանն է պատմել Սլավիկի հարազատներին: Սակայն 2010 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հասցեագրած իր նամակ-դիմումում Կոլյա Միրզոյանը մանրամասներ է հաղորդել Սլավիկի մահվան եւ դրան նախորդած դեպքերի մասին:
Նա Սլավիկի մահը որակել է որպես «սպանություն Վանաձորի բերդում» եւ որպես մեղավորներ մատնանշել «Վանաձորի գլխավոր դատախազին, բերդի պետ Մխոյանին եւ անվտանգության պետ Մկրտչյանին»:
Կոլյա Միրզոյանի նամակը սոտրեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ պ. Ա. Հովսեփյանին Վանաձորի ՔԿՀ-ի դատապարտյալ Կոլյա Էրիկ Ասկյարի Միրզոյանից
Դիմում
Մեծարգո պարոն Ա. Հովսեփյան
Ես` դատապարտյալ Կոլյա Ասկյարի Միրզոյանս, հայտնում եմ Ձեզ այն մասին, որ Վանաձորի բերդում ինչ է տեղի ունեցել: Պարոն Հովսեփյան, 2010 թվի հոկտեմբերի 11-ին բերեցին ինձ մոտ ազգությամբ ոչ բոլորովին հայ` կեսը ռուս, կեսը հայ: Պարոն Հովսեփյան, ես Վանաձորի բերդի 11 խցիկից եմ: 2010 թվի հոկտեմբերի 24-ին մահացավ Ոսկանյան Սլավիկը: Մահվան պատճառը. 2010 թ. հոկտեմբերի 6-ին Սլավիկը, կատարելով ավազակային հանցանք եւ այդ օրը, թե մի քանի օր առաջ կամ հետ Ոսկանյան Սլավիկին ճնշումներ գործադրելով` բացի ավազակային հարձակումից նաեւ կատարել ես սպանություն, նշված սպանությունը չունի ոչ մի ապացույց, որով մեղադրում էին: Եվ առանց ապացույցի դրել են սպանության հոդված: Պարոն Հովսեփյան, բերդի պետ Մխոյանը ինձ ընդունեց եւ ասաց` Կոլյա, Սլավիկը մեզ պետք է: Նաեւ անվտանգության պետ Մկրտչյանին ասացի, որ Ոսկանյան Սլավիկը թուք է սրսկել ոտքից: Մկրտչյանը ասաց` ինչ ուզում ա անի:
Պարոն Հովսեփյան, Ոսկանյան Սլավիկը ինձ հետ 11 խցիկում էր: Պետի, դատախազի, Մկրտչյանի կարգադրությամբ Սլավիկին բուժքույրերը ներարկեցին երակից չթույլատրվող դեղորայք հեղուկ, սրսկումից հետո անց 2 օր Սլավիկը դեպի վատը: Սկսեց իր մոտ մահվան պրոցեսներ. ոտքը ուռել էր, թարախակալվել էր, սեւացել էր: Եվ այսպիսով` Վանաձորի գլխավոր դատախազի, բերդի պետի, Մկրտչյանի կարգադրությամբ սպանեցին Ոսկանյան Սլավիկին: Պարոն Հովսեփյան, չնայած այս իմ բողոքով ես վտանգում եմ իմ կյանքը, ես վախենալու չունեմ, ես ունեմ համապատասխան անվտանգություն:
Պարոն Հովսեփյան, 1-3 ժամվա ընթացքում կազմակերպված գրեցին, ջնջեցին, ոնց որ անասուն էր սատկել: Պարոն Հովսեփյան, Ոսկանյան Սլավիկի մահվան պատճառը մեղավորներ` բերդի պետ Մխոյան, անվտանգության պետ Մկրտչյան, Վանաձորի գլխավոր դատախազ: Պարոն Հովսեփյան, բերդի պետը իր բերնով ինձ ասաց` Կոլյա, Սլավիկին խոսցրա, մեզ ինքը պետք է: Ոչ մի ուշադրություն չդարձրին, որ Սլավիկը թուք եւ թանաք է ներարկել ոտքին, պետը, դատախազը, անվտանգության պետը ասացին` ինչ ուզում ես արա, միեւնույնն է ոչ մի օգնություն չի լինի մինչեւ մեզ չասես այն, ինչ մեզ է պետք: Պարոն Հովսեփյան, որ օգնություն ցուցադրեին, Սլավիկը չէր մահանա: Տեսնելով, որ Սլավիկը դիմել է իրեն բարդ վնասվածքի, պետք է ոտքը հեռացնեն, պետը անվտանգության պետ Մկրտչյանի եւ գլխավոր դատախազի կարգադրությամբ, բուժքույրեր Նինան, Նոնան ներարկեցին անալգին, դիմեդրոլ եւ ուրիշ ինչ-ինչ դեղեր ներարկեցին երակային, եւ անցնելով 3 օր, Սլավիկը մահացավ:
Մի խոսքով` հոկտեմբերի 24-ի առավոտ ժամը 11-ին խցիկից տարան: Եվ մեզ ասեցին` Սլավիկը մահացավ: Անցել էր ընդամնեը 4 ժամ, իսկ 3 օր շուտ որ օգնեին, Սլավիկը կապրեր: Այսպիսով` Վանաձորի պետ, ռեժիմի պետը զբաղվում են այն կալանավորի հետ, որոնց դրսից բերել են բերդ, որը վիզ վերցրեց այն, ինչը չեն արել, կապրեր, որը ոչ կմահանա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել