Լրագրողներ և քաղաքացիներ. իրավունքների պաշտպանության պրակտիկաներ
«Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպը տիպական է` հասկանալու համար Հայաստանում լրագրողական մշակույթը և քաղաքացիական դիսկուրսների որակները։
Օրվա տեսագրություններից պարզ է դառնում, որ ակտիվիստ Կարեն Հարությունյանի առաջարկը՝ չթույլատրել որոշ հեռուստաընկերություններին լուսաբանել, աջակցություն է ստանում և չի վիճարկվում քննարկման մյուս մասնակիցների կողմից։ Այստեղ գործում է արդարացի բողոքի պոռթկումը և, իհարկե, «լռության պարույրի էֆեկտը», երբ բարձրաձայն հրամցվում է մեկ տարբերակ, ապա այլընտրանքային տարբերակի շուրջ մտքում մտածողները խուսափում են այն բարձրաձայնել (ինքնին այս ակտիվիստական պայքարը հենց այդպիսի լռույթան պարույրի քանդման նախաձեռող օրինակ է Հայաստանում)։ Հավանաբար, հանրային խորհրդի անդամները ևս, լռության պարույրի հոգեբանական և հուզական ազդեցության տակ գտնվելով, սկզբում չեն բարձրաձայնում հանրային վայրում լրագրողների աշխատանքի խոչընդոտման հարցը, և միայն իր ելույթի ժամանակ է Վազգեն Մանուկյանը անուղղակի անդրադառնում դրան. «Այն ժամանակ (25 տարի առաջ) ազատ հեռուսաընկերություններ բացարձակ չկային, գալիս նկարահանում էին, մենք շվվացնում էինք, բայց չէինք քշում»։
Ակտիվիստերի հետագա մեկնաբանություններում հիշատակվում է «բոյկոտի ինքնաբուխ» լինելը, որը բարձրացնում էր ոչ միայն տվյալ, այլ նաև նախորդ շարժումների (ինչպես օրինակ Մաշտոցի պուրակի) լուսաբանման անաչառության և լրատվամիջոցների ազատության խնդիրները։
Լրագրողական համայնքի և լրատվության ազատության հարցերով շահագրգիռ հկ–ները, սակայն, այս քայլը հակաօրինական համարեցին . «...լավատեղյակ լինելով հայաստանյան լրատվական դաշտի թերություններին ու խնդիրներին եւ հասկանալով երիտասարդ ակտիվիստների դժգոհությունը` հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասի հաճախ կողմնակալ լուսաբանումներից, այնուամենայնիվ, անթույլատրելի ենք համարում հեռուստաընկերությունների աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ Գտնում ենք, որ այդ գործողությունները խախտում են ոչ միայն օրենսդրությունը, այլեւ մարդկային տարրական էթիկան»:
Լրատվամիջոցների դեմ ակտիվիստների բողոքի ակցիան, լինելով հընթացս որոշված և չմշակված, իմ կարծիքով խնդիր ուներ ոչ այնքան կոնկրետ քայլի, այլ դրա իրականացման մեթոդների և փաստարկման լեզվի հետ. այն ավելի շուտ հիշեցնում էր մեզ հայտնի կուսակցական կեցվածքներ, քան քաղաքացիական (օրինակ` քննարկման ավարտից հետո հարցազրույցների կոպիտ արգելումը։
Օրենքից դուրս գործողությունները ու քաղաքացիական անհնազանդությունները, իհարկե, քաղաքացիական պայքարի կարևոր մեթոդներ են, մանավանդ համակարգափոխ շարժումների համար։ Դրանցից օգտվելը քաղաքացիական ակտիվիստական խմբերի իրավունքների մեջ է (ինչպես և լրագրողական համայնքի շահերը պաշտպանելը վերոնշյալ հկ–ների պարտավորությունների մեջ է)։ Եվ համեմատելի չէ քաղաքացիների կողմից լրագրողական անաչառության պահանջի նպատակով ցուցադրական ակցիան, օրինակ, պետպաշտոնյաների և կորպորացիաների կողմից լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտման դեպքերի հետ։ Ակտիվիստների բողոքը իդեալական և նախապես մշակված լինելու պարագայում, սակայն, կարող էր և պարտավոր էր ավելի «քաղաքացիական լեզու» ունենալ. օրինակ, հեռանալու պահանջի փոխարեն լռություն բեմադրություն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ լրագրողները չէին հոգնի այդ լռությունը արձանագրելուց։
Այս միջադեպում, սակայն, քաղաքացիական մաշակույթի մեկ այլ չափազանց կարևոր խնդիր է դրսևորվում՝ լրագրողների կողմից սեփական իրավունքների պաշտպանության և լրագրողական սոլիդարության խնդիրը, առաջին հերթին` հեռուստալրագրողների շրջանում։
Քննարկման վայրը լքելու ակտիվիստների պահանջից հետո հեռուստալրագրողներից շատերը պատշաճ ձևով չեն բարձրաձայնում իրենց օրինական իրավունքի մասին։ Հավաքը առաջինը լքում է հանրայինի ներկայացուցիչը։ Ըստ տեսագրությունների` մյուսները հետ են քաշվում, բացի «Շանթի» լրագրողից և օպերատորից, ովքեր փորձում են համառել. «Դուք չեք կարող խնդրել մեզ հեռանալ։ Դուք չունեք իրավունք»։ «Կենտրոնի» լրագրողներն անկեղծ ուրախանում են` դրական խտրականության ենթարկվելով և լուսաբանման թույլտվություն ստանալով։
Լրագրողների այս վարքը անձնական հարց չէ, այլ ցույց է տալիս մեր հեռուստալրագրության մշակույթը։ Լրագրողներից շատերը, հավանաբար, մի կողմից արդարացված են համարում ակտիվիստների բողոքը, ասել է թե՝ «երես չունեն» հակադրվելու, մյուս կողմից իրենք սովոր են իմպերատիվ պահանջների և ոչ թե իրենց մասնագիտական իրավունքի և պարտավորության շրջանակներում աշխատելուն և սեփական մասնագիտական իրավունքները մինչև վերջ առաջ տանելուն։
Բացի տեղում արձագանքելուց, լրագրողները իրենց և գործընկերների իրավունքների մասին հնարավորություն ունեն արտահայտվելու նաև մեդիաթողարկումների միջոցով, որից կրկին ոչ բոլորն օգտվեցին։ «Ազատությունը», Civilnet-ը և «Ա1+»-ը անդրադարձան միջադեպին, նաև իրենց տեսադարաններում տեղադրեցին ակտիվիստների կողմից լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու միջադեպի մանրամասներ ցույց տվող տեսաշարեր (http://www.azatutyun.am/media/video/25063131.html ; http://www.youtube.com/watch?v=IQM3crFtswY#at=644, http://www.youtube.com/watch?v=cZoiO-qCykM&feature=player_embedded): Արմնյուզի կայքում հուլիսի 31-ի և օգոստոսի 1-ի լուրերի բաժնում միջադեպի մասին տեղակատվություն չկար։ Օգոստոսի 1-ի իր գլխավոր թողարկան մեջ հանրայինը ևս չի անդրադարձել միջադեպին, իսկ «Առաջին լրատվականի» հուլիսի 31-ի թողարկումը հնարավորություն չունեցա դիտել, քանի որ կայքում դրա փոխարեն, թերևս տեխնիկական պատճառներով, տեղադրված էր հուլիսի 3-ի թողարկման տեսագրությունը (տե՛ս պատկերը)։
«Կենտրոնի» հուլիսի 31-ի հիմնական լրատվական թողարկման եթերում «վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցների և հանրային խորհրդի հանդիպման ռեպորտաժում առհասարակ հիշատակված չէր միջադեպը։Ըստ իմ հետահայաց դիտարկումների` «Շանթը» մասնակից հեռուստաընկերություններից միակն էր, որ անդրադարձել էր ակտիվիստների կողմից իրենց և գործընկերների աշխատանքի խոչընդոտմանը։ Հարցը մեկնաբանելիս Արամ Աբրահամյանը տարօրինակ համարեց ակտիվիստների այս վարքը՝ խորհուրդ տալով «չբաժանել լրատվամիջոցներին յուրայինների և օտարների»։Այս միջադեպը կրկին մեզ հիշեցնում է, որ մենք խնդիր ունենք առավել ուշադիր լինելու և փոխելու մեր դիսկուրսիվ պրակտիկաները (ինչը մտածողության, մշակույթի արտահայտություն է և վարքային ձևերի հիմք), որից հետո կամ զուգահեռ հնարավոր կլինեն համակարգային փոփոխությունները մեր երկրում։
Աննա Ժամակոչյանը սոցիոլոգ է, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի անդամ, սովորում է «Ժամանակակից արվեստի ինստիտուտի» Արվեստի քննադատություն և մշակութային ուսումնասիրությունների բաժնում։
լուսանկարը` Սոֆա Դանիելյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել