
Վերջին 2,5 տարում «Հայանտառը» ժամանակավոր օգտագործման է տվել գրեթե այնքան տարածք, որքան նախորդ 5 տարում
1998-ին «Հայանտառը» Երեւանի կոնյակի գործարանի հետ կնքել էր 15 տարվա պայմանագիր, ըստ որի` տարեկան 2000 խմ կաղնու տակառանյութ պետք է մատակարարեր` 1 խմ-ի դիմաց ստանալով 120 դոլար: Այս մասին «Հետքը» ժամանակին գրել էր: 2001-ից, սակայն, պայմանագիրն այլեւս չի գործել:
Այդ տարվա հունվարի 23-ին կառավարությունը «ՀՀ անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու մասին» թիվ 49 որոշմամբ սահմանել էր. «Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի տարածքներում արգելել հետեւյալ ծառատեսակների` ընկուզենու, հացենու, տանձենու, կաղնու, թխկենու, լորենու եւ թեղու անտառվերականգնման նպատակով հատումները»: Անտառվերականգնման են համարվում հասուն եւ գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման եւ անտառվերականգնման նպատակով իրականացվող հատումները: Ընդ որում` հենց այս հատումների ժամանակ է գոյանում որակյալ շինափայտ:
2005-ին ընդունված նոր Անտառային օրենսգրքով շրջանառության մեջ դրվեց «արտադրական նշանակության անտառ» հասկացությունը: Ըստ օրենսգրքի` այդպիսիք են համարվում բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնցում բնափայտի մթերումն իրականացվում է անտառվերականգնման հատումների միջոցով: Դրանից հետո` 2006-ին, կառավարությունը, փոփոխություններ կատարելով 2001-ի որոշման մեջ, դրանից հանեց «կաղնու» բառը, իսկ արդեն 2007-ին այդ որոշումը համարվեց ուժը կորցրած:
Այդպիսով` վերոնշյալ արժեքավոր ծառատեսակների անտառվերականգնման նպատակով հատումների արգելքը փոխարինվեց լիովին հակառակ երեւույթով` հատման օրինականացմամբ: Այս համատեքստում հետաքրքիր է «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի միտքը, որը նա հայտնել էր անցյալ տարի «Հետքի» հետ հարցազրույցում. «Մեր սոճուտները, օրինակ` Ապարանում, Վանաձորից Դիլիջանի ճանապարհի սոճուտներում երկար տարիներ հատումներ չեն իրականացվել: Անտառագիտական տեսանկյունից դա հանցագործություն է: Անընդհատ անհարկի աղմուկ է եղել, եւ միշտ քննադատվել է: Վերջերս Գերմանիայից մի փորձագետ էր եկել, որը համարվում է Եվրոպայի լավագույն անտառագետներից մեկը, գնաց Կապան ու եկավ ինձ ասաց. «Դու հանցագործ ես, այդքան գերհասուն անտառներ պահելը հանցագործություն է անտառի նկատմամբ»: Մենք կաղնուտներ ունենք, որտեղ բնական վերաճ ընդհանրապես չկա, որովհետեւ տարիներ շարունակ այդ տարածքներում հատումներ չեն եղել»:
Ըստ 2005-ին ընդունված «Անտառի ազգային ծրագրի»`«ներկայումս հանրապետության բնական անտառների մոտ 70%-ը կազմալուծված ու ծերացած է, համեմատաբար դժվարամատչելի հասուն եւ գերհասուն անտառներում կենտրոնացած են փայտանյութի զգալի պաշարներ, որոնք ռելիեֆի կտրտվածության եւ դժվար հասանելիության պատճառով զերծ են մնում անտառօգտագործման շատ տեսակներից: Անկանոն անտառահատումները եւ անտառպաշտպանական միջոցառումների բացակայությունը հանգեցրել են անտառներում կլիմայական պայմանների փոփոխությանը, ինչպես նաեւ հրդեհավտանգության բարձրացմանը (բարձր ջերմաստիճան, առատ լույս, հատումների հետեւանքով թափված ճյուղեր եւ տերեւներ): Դրանք նպաստավոր պայմաններ են ստեղծել վնասատու միջատների եւ հիվանդությունների զանգվածային բազմացման, ինչպես նաեւ ծառուտների չորացման եւ հրդեհավտանգ պայմանների առաջացման համար»:
Սակայն մյուս կողմից հարկ է նշել, որ պաշտոնապես նշվող 460.000 հա անտառային ֆոնդից 257.000 հա-ն (56%) պաշտպանական նշանակության (ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների, բարձր թեքության վրա աճող, կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում գտնվող, հակաէրոզիոն դեր կատարող) անտառներ են, որոնցում Անտառային օրենսգրքով արգելվում է անտառվերականգնման հատումներ կատարել: Այս տիպի անհրաժեշտ հատումների մասին «Հայանտառի» ղեկավարն ասել էր. «Չնայած անտառկառավարման պլաններով նախատեսված է, հիմա նոր կարող ենք իրականացնել, բայց դա իր ետեւից կարող է տարբեր խախտումներ բերել: Այն տարածքները, որտեղ կարելի է իրականացնել անտառվերականգնման հատումներ, անհասանելի են, ճանապարհներ, անտառհատման նոր տեխնոլոգիաներ, տեխնիկա չկա, դրա համար մենք ձեռնպահ ենք մնում գլխավոր հատումներից»:
Եվ չնայած խախտումների վտանգին` հույս էր հայտնել, որ անտառներում հատումները կատարվելու են ոչ թե իրենց, այլ մասնավոր հատվածի կողմից, ինչը նաեւ կնպաստի անտառային բիզնեսի զարգացմանը. «Մեր, նաեւ երկրի խնդիրն է` կայացնել դա որպես բիզնես` հատումը, տեղափոխումը, օգտագործումը: Հույս ունենք, որ այս անտառկառավարման պլանների հաստատումից հետո մենք կգնանք դրան, եւ պետությունը կհայտարարի մրցույթ: Մյուս տարի նախատեսում ենք, որ «Հայանտառը» հատումներով չպիտի զբաղվի» (մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Մ. Մաթեւոսյանը նշեց, որ այժմ միջազգային մասնագետների հետ քննարկում են մրցույթների անցկացման կարգը եւ կառուցվածքային փոփոխություններից հետո գալիք տարի հատման գործառույթները կտարանջատվեն «Հայանտառից»):
Բայց թե ինչ ռիսկեր կարող է պարունակել առանց այդ էլ ծվատված անտառը մասնավորի շահագործմանը հանձնելը, դժվար չէ կռահել: Հեռու գնալ պետք չէ. վերջերս ոստիկանության 6-րդ վարչությունը մի շարք չարաշահումներ բացահայտեց Թեղուտում: «Թեղուտ» ՓԲԸ-ի պատվերով հանքի բացման համար անտառահատում իրականացնող «Կարաստ» ՍՊԸ-ի ու միաժամանակ «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանի ենթակայությունից «կորել էր» 5,6 մլն դրամ ընդհանուր արժեքով 530 խմ վառելափայտ եւ 7 խմ շինափայտ, չնայած, ըստ տեղացիների, բացահայտվածը իրականության չնչին մասն է միայն:
Մեծ հաշվով, «անտառային բիզնես» հասկացությունն իր խեղաթյուրված իմաստով արդեն իրողություն է դարձել մեր երկրում: Եվ հարց է, թե պետության կողմից մասնավոր անձանց վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման տրված տարածքներից քանիսում են իսկապես կատարվում թղթի վրա գրված վեհ նպատակները:
Ըստ մարզերի ներկայացնենք «Հայանտառի» կողմից անտառապատման, կանաչապատման, տնկարանային տնտեսություն հիմնելու, էկոտուրիզմի զարգացման, հանգստի գոտի կազմակերպելու, երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար 2004-2008 եւ 2009-2011 (մինչեւ ապրիլի 1-ը) ժամանակահատվածներում մասնավոր անձանց տրված տարածքների չափերը հեկտարներով:
|
2004-2008
|
2009-2011
|
Արագածոտն
|
10
|
24.3
|
Լոռի
|
10.7
|
22.5
|
Կոտայք
|
68.4
|
28.6
|
Շիրակ
|
19.5
|
-
|
Սյունիք
|
7
|
76.9
|
Վայոց ձոր
|
4.7
|
3
|
Տավուշ
|
58.3
|
7.8
|
Երեւան
|
12.5
|
6 |
Այսպիսով` առաջին 5 տարում մասնավոր անձանց ժամանակավոր օգտագործման է տրվել 191,1 հա տարածք, իսկ միայն վերջին 2,5 տարում` 169,1 հա: Աճման միտումն ակնհայտ է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել