
Հայաստանի երկաթուղու 115-ամյակի առթիվ Գյումրիում բացվեց երկաթուղային տեխնիկայի բացօթյա թանգարան
Գյումրիի երկաթուղային կայարանը օգոստոսի 4-ին լեցուն էր մարդկանցով, եւ նրանք որեւէ տեղ չէին պատրաստվում մեկնել, թեպետ բոլորն էլ անհամբեր սպասում էին ժամանող գնացքին: Եվ ահա հնչում է զանգը: Հեռվից հայտնվում է ոչ թե էլեկտրական գնացքը, այլ շոգեքարշը, ինչպես հեռավոր 1899թ-ին: Մեքենավարը Մկրտիչ Խաչատրյանն է, ով 1959թ-ից աշխատում է երկաթուղիում եւ այս կյանքում հպարտանում է երկու բանով՝ իր ծագումով (բնիկ գյումրեցի է) եւ երկաթուղայինի պատավավոր կոչումով:
Գյումրիում օգոստոսի 4-ին մեծ հանդիսությամբ նշվեց երկաթուղայինների օրը: Միջոցառման կազմակերպիչները որոշել էին գյումրեցիներին տեղափոխել հեռավոր ալեքպոլյան ժամանակաշրջան՝ էլեկտրագնացքը փոխարինելով շոգեքարշով: Կայարանի հրապարակում, ինչպես այն հեռավոր տարիներին, ուղևորներին էր սպասում ֆայտոնը: Հին Գյումրվա տարազներով աղջիկներն ու տղաները շրջում էին կայարանի մատույցներում՝ ողջունելով հավաքվածներին:
Կառամատույցում վետերան երկաթուղայինները ողջունում էին մեկը մյուսին տոնի առթիվ եւ «բարի տեսանք» ասելով՝ ողջագուրվում: «52 տարի անընդմեջ աշխատել եմ երկաթուղային տրանսպորտում,-ասում է 83-ամյա երկաթուղային Ալեքսանդր Պետրոսյանը,- 1947թ-ին միջնակարգս ավարտեցի, ընդունվեցի երկաթուղային ուսումնարան, 1949թ-ին ավարտել եմ ու անմիջապես անցել աշխատանքի երկաթուղիում: Եղել եմ դեպուտատ, ունեմ բազմաթիվ պարգեւներ: Այսօր եկել եմ եւ տոնակատարությանը մասնակցելու, որ կազմակերպվել է մեր տոնի առթիվ, եւ իհարկե ընկերներիս տեսնելու»:
Բազմավաստակ երկաթուղայինը հիշեց, որ խորհրդային տարիներին տոնը նշում էին մեծ հանդիսությամբ, իսկ Հայաստանի անկախացումից հետ նման շուքով նշվող տոնակատարություն դեռ չի հիշում: «Սա առաջին դեպքն է,- անկեղծացավ Ալեքսանդր Պետրոսյանը,- եւ պիտի շնորհակալություն հայտնեմ կազմակերպիչներին, որ այս պահին, հետ գնալով անցյալ, վերապրեցի ամբողջը. կարծես իմ ողջ աշխատանքային գործունեությունը, անցյալի հուշերը գնացքի նման անցան աչքերիս առաջևով»:
Լյուքսեն Մուրադյանն 50 տարի է, այս ոլորտում է: Թոշակի անցնելուց հետո դասավանդում է Գյումրու տեխնիկական պետական քոլեջում, որը նախկին երկաթուղային տեխնիկումն է: «Լոկոմոտիվների տեխնիկական շահագործում առարկան եմ դասավանդում: Կադրեր եմ պատրաստում երկաթուղու համար: Բավական շատ դիմորդներ ունենք: Երկաթուղայինների հին սերունդը մի ընտանիք է, նոր սերունդն էլ շարունակում է հնի ավանդույթները: Գյումրին միայն արհեստների ու արվեստի դարբնոց չէ, Գյումրին նաեւ երկաթուղայինների դարբնոց է»,- հպարտությամբ նկատեց Լյուքսեն Մուրադյանն, ով հետո պիտի պարզվեր, որ զրուցակցիս՝ Ալեքսանդր Պետրոսյանի վարպետի՝ Մամիկոն Մուրադյանի տղան է:
Երկաթուղայինի օրվա եւ Հայաստանի երկաթուղու 115-ամյակի առթիվ Գյումրիում բացվեց երկաթուղային տեխնիկայի բացօթյա թանգարան: Լոկոմոտիվային դեպոյում բացվեց նաեւ հուշաքար՝ նվիրված երկրաշարժի ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակին: Միջոցառման պաշտոնական եւ համերգային մասն անցկացվեց կայարանամերձ հրապարակում: Տոնի առթիվ ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին հուշանվերներով եւ պատվոգրերով:
Մեկնաբանել