HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը ամառային ուսումնական փուլի մեկնարկը դիմավորել է սահմանային զորամասում

Զինված ուժերի զորամասերում օգոստոսի 5-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ամառային ուսումնական փուլը: Ինչպես հայտնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաև նոր ուսումնական փուլի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղելու նպատակով  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:  

Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` նախարարը նշեց, որ իր համար պատիվ է ուսումնական փուլը դիմավորել սահմանի պաշտպանությունն ապահովող զորամասերից մեկում: «Հակառակորդի հնարավոր ագրեսիային հակազդող միակ միջոցը հայկական ԶՈՒ-երի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է: Յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացման: Իսկ դա անվերջ գործընթաց է, որի հանրագումարն ու վերջնական գնահատականը ձևավորվում է` ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական մարտական պատրաստության աստիճանից և գիտելիքներից»,- ասել է Ս. Օհանյանը:

Նախարարն անդրադարձել է նաև ՊՆ կողմից մշակված «ՎԱՀԱԳՆ» վարժությունների համալիր համակարգին, որը նախարարի համոզմամբ` թույլ կտա զարգացնել զինծառաողների վարպետությունը, լինել առավել արագ, անձնուրաց և նպատակասլաց:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է զորամասի սպաների համար կառուցվող հանգստի և ժամանցի գոտու շինհրապարակում: Կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից կառուցվող շինությունը  ապահովված է լինելու լողավազանով, թենիսի և բիլիարդի սեղաններով:

Նախարարը ներկա է գտնվել նաև գումարտակներից մեկի համար կառուցված զորանոցի, ճաշարանի և կաթսայատան բացման հանդիսավոր արարողությանը: Դիմելով զինանձնակազմին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ ՊՆ-ն իր հնարավորությունների ներածին չափով անում է ամեն հնարավորը զինվորների և սպաների կենցաղային պայմանները բարելավելու համար: Նախարարը նկատել է նաև, որ մեր բանակը հանդիսանում է տարածաշրջանի միակ հաղթանակած բանակը: Զորանոցի բացումը ազդարարող կարմիր ժապավենը համատեղ կտրել են գումարտակի լավագույն զինվորը, սերժանտն ու սպան:

Շրջելով զորանոցի և ճաշարանի տարածքով` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և ուսումանական պայմանները: Սեյրան Օհանյանը եղել է նաև զորամասի մարտական հենակետերում, հանդիպել ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա սահմանագոտու  պահպանությունն իրականացնող զինվորներին, հետաքրքրվեց նրանց կենցաղային պայմաններով: Բարձր գնահատելով զինծառայողների ծառայողական պարտականությունների իմացությունը՝ նախարարը նրանցից մեկին՝ Կոլյա Սարդարյանին պարգևատրել է ԶՈՒ զինանշանը պատկերող ժամացույցով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային շրջայցի երկրորդ օրը մեկնարկել է թիկունքային զորամասերից մեկում, որտեղ Ս. Օհանյանը զինվորների հետ միասին նախաճաշել զորամասի ճաշարանում: Նախարարը հետաքրքրվել է զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Այդուհետ նախարարը շրջել է ճաշարանի տարածքով, ծանոթացել դրա պայմաններին:

Հանդիսավոր միտինգին դիմելով զորամասի զինանձնակազմին՝ նախարարը նշել է, որ մենք պատմության ամբողջ ընթացքում ստիպված ենք եղել անընդմեջ ուշադրություն դարձնել ռազմարվեստին:  Որպես արդյունք՝ որտեղ էլ որ հայտնվել է հայը, նա մշտապես հանդես է եկել որպես առաջնակարգ մարտիկ և ստրատեգ: Սեյրան Օհանյանը պատվիրել է գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ դրանից է կախված առկա փխրուն խաղաղության հարատևությունը:

Աշխատանքային շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը եղել է Վահան գյուղում, որտեղ հանդիպել է գյուղացիներին, նրանց հետ ծաղիկներ դրել Մեծ հայրենական պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter