HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Յուրան լիներ մեր տրանսպորտի նախարարը կամ քաղաքապետը, մարդավարի կերթեւեկեինք մեր քաղաքում

Բարև երևանցիներ, մի լավ լուր ունեմ հայտնելու այսօր:

Ես լրագրող չեմ, սա իմ «լրագրողական» առաջին, գուցե շատ անհաջող փորձն է, բայց միևնույնն է՝ որոշեցի ամեն գնով փորձել: Գրելու ցանկությունը միանգամայն ինքնաբուխ էր ու քանի որ խոստացա մի երթուղայինի վարորդի, որ կգրեմ, դրա համար էլ գրում եմ: Մի քանի օր առաջ էր դա, Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի կանգառում սպասում էի մի «հարմար բան» նստելու ու շտապ Մատենադարան հասնելու. ուշանում էի հանդիպումից: Օրը շատ շոգ էր, իսկ երթուղայինների մեջ բոլորս գիտենք՝ խեղդոց է: Կանգառում եռուզեռ էր, սպասողներ շատ կային, մեկը մյուսի հետևից ժամանում էին տարբեր տիպի, գույնի ու, որ ամենակարևորն է, տարբեր՝ գրեթե խլացնելու աստիճանի հասնող ձայնային ազդանշաններ ունեցող ավտոբուսներ ու երթուղայիններ, որոնց վրա հաճախ դրված է «Камаз»-ի համար նախատեսված «воздушний сигнал»-ներ:

Սա այն կանգառն է, որտեղ գրեթե բոլոր վարորդները հայհոյում են միմյանց: Ու չնայած լավ գիտեն, որ հաջորդ կանգառում էլ իրենք են նույնը անելու, ու դիմացը կայանած վարորդը, բնականաբար, չի լսում իրենց հայհոյանքները, միևնույն է՝ էմոցիաները «կիսում են» իրենց կողքին նստած ամեն մի պատահած ուղևորի հետ ու «լիցքաթափվում»՝ բարձրաձայնելով. «Արա, հլը էս ապուշին նայի, հլը էս համբալին տես՝ ոնց եկավ դեմս փակեց», «Վա՜յ քեզ պռավա տվողի հերն անիծեմ», «Արա, հլը էս էշին նայեք, բա սա մարդ ա՞, բա սա անելու բան ա՞, որ սա անում ա» և այլն: Բայց սա՝ լավագույն դեպքում միայն ու երբ կին ուղևորներ կան, իսկ երբ հայելու մեջ նայելուց հետո համոզվում են, որ ոչ մի կին չկա, արդեն լիարժեք են «լիցքաթափվում»՝ ամենաթունդ հայհոյանքները տալով դիմացինին «սխալ կանգնելու», իսկ հետևի վարորդին է՝լ ազդանշան տալու համար:

Համբերեք մի քիչ, ժողովուրդ, ես գիտեմ, որ դուք էլ լավ գիտեք, որ էս ամեն ինչը մեր վարորդների և ուղևորների ամենօրյա արկածներից է, բայց ես հիմա դրա մասին չեմ ուզում ձեզ պատմել, չեմ ուզում նորից բացասական լիցքեր հաղորդել ձեզ ու ծամվածը ծամել, ուզում եմ վերջապես մի լավ, դրական դեպքի մասին պատմել, որն ինձ հետ է պատահել ու տա Աստված, որ ձեզ հետ էլ կատարվի: Դա ինձ զարմացրեց այդ օրը ու մաղթում եմ, որ բոլորդ էլ ինձ նման զարմանաք ու միշտ այդպես զարմացած էլ մնաք:

Ուրեմն էս եռուզեռի մեջ ես էլ իմ երթուղայինին եմ վիզս ծռած սպասում ու մեկ էլ տեսնեմ՝ էդ տասնյակ զիզիբիզի, տգեղ ու անճոռնի երթուղայինների միջից մի հատ «ճերմակ աղավնի» գազել եկավ ու կանգնեց՝ առանց Yerevan City կամ այլ գովազդային մակագրությունների չորս կողմից, որոնք արդեն նյարդայնացնելու աստիճան ազդում են վրաս: Հանգիստ, առանց ձայնային ազդանշանի մոտեցավ ու կանգնեց կանգառի՝ իր համար հատկացված տեղում, ոչ թե հենց խաչմերուկի բերանին: Սիրտս քաշեց, մոտեցա, որ վարորդին հարցնեմ՝ Մատենադարան հասնու՞մ է, քանի որ վահանակին նշված չէր Մատենադարան: Վարորդը մի լուսերես մարդ էր, խցիկն էլ այնքան գեղեցիկ ու մաքուր, որ մոտենալիս մտքումս ասի՝ էրնեկ հենց սա էլ իմ ուզած տեղը գնար, նստելու ազատ տեղ լիներ, նստեի ու մարդավարի տեղ հասնեի: Տենց էլ եղավ, ժպիտով պատասխանեց՝ այո, հասնում է:

Ուրախությունս տասնապատկվեց, երբ դուռը բացեցի որ նստեմ՝ եւ՛ նստելու ազատ տեղ կար, եւ՛ մաքուր ու գեղեցիկ նստարաններ, ռեզինից կառչող հատակ ու, որ ամենակարևորն էր, դասական ցածր, կիրթ երաժշտություն էր հնչում սրահում, այլ ոչ թե պատռված դինամիկներից հնչող «Доля воровская»: Վարորդի սրահն էլ Նոր տարվա տոնական օրերից հնացած, մաշված ու մնացած կապիկներով, թութակներով ու ամենատարբեր զիզիբիզի մանկական խաղալիքներով չէր զարդարված: Այ մարդ, կարծես լրիվ ուրիշ երկրում սխալմամբ մի լրիվ ուրիշ երթուղային նստած լինեի: Ուրախությունից ժպիտը դեմքիցս չէր հեռանում, շուռ եկա ու ամբողջ սրահը տնտղեցի, լավ է՝ մի հինգ հոգի մարդ էր նստած առջևի մասում, ու ամեն ինչ պարզ երևում էր: Ուղևորները երևի մտածեցին, թե ես հոգեկան հիվանդ եմ, որ ուրախությունս չեմ կարողանում զսպել մի ինչ-որ բանից: Հայացքս հանդիպեց մի միջին տարիքի կնոջ հայացքին ու տեսա, որ նա էլ է ժպտում, էլ չդիմացա ու բարձրաձայն ասեցի՝ էս ինչ մաքուր ու հարմար մեքենա է: «Այո, ես էլ էի նույն բանը մտածում, ուղղակի չգիտեի՝ ինչպես արտահայտվել»,- հնչեց պատասխանը: Քանի որ ընդամենը երեք կանգառ պիտի գնայի, միանգամից դիմեցի վարորդին. «Այ ախպեր ջան, էս ինչ մաքուր ու հարմարավետ երթուղային է, մենք էլ մեզ մարդ զգացինք քո մեքենայի մեջ, հիմա էս լավ սպասարկման համար ու՞մ պետք է շնորհակալություն հայտնենք»: Վարորդը շրջվեց ու ժպտալով ասաց՝ երևի ինձ: Հարցրեցի. «Ո՞նց է ստացվում, որ քո մեքենան է միայն մաքուր ու հարմարավետ, իսկ մնացածները մետաղի ջարդոնի ընդունման կետ տանես՝ կարող է նեղանան ու չնդունեն»: Ժպտալով պատասխանեց, թե մեքենան սեփական է, միայն ինքն է վարում, ուրիշ ոչ մեկը, հինգ հազար դոլար է ծախսել մեքենայի վրա: Ասացի՝ այ քո արևն ապրի, ուրեմն հնարավոր է սենց լավ սպասարկել, բայց չեն սպասարկում: «Իհարկե հնարավոր է, եթե ուզեն, հաստատ կանեն»,- ասաց 17 տարվա վարորդը:

Ու մտածում եմ, որ, փաստորեն, եթե մեզ սպասարկող մեքենաները լինեին որոշ լավ մարդկանց սեփականությունը, ու իրենք սրտացավ լինեին, հնարավոր կլիներ ոչ թե մեկ, այլ հարյուրավոր այսպիսի քաղաքակիրթ երթուղայիններ ունենալ մեր քաղաքում: Բայց քիչ հետո հիշեցի վերջերս մամուլը հեղեղած «ծեր ու հալից ընկած պատգամավոր գծատերերի ու սեփականատերերի» մասին կարդացածս հոդվածները ու մտածեցի՝ բա որ էս չունեւոր մարդը և հասարակ վարորդը հինգ հազար դոլար կարողացել է գտնել ու սենց հարմարավետ պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար, էդ «միլիոնատեր սեփականատերերն ու գծատերերն» ինչու՞ չեն իրենց ունեցվածքի օվկիանոսից մի կաթիլ ներդնում էդ բարի գործի մեջ, որ մարդիկ էլ օրհնեն ամեն օր իրենց, այլ ոչ թե անիծեն:

Քիչ անց մեկ ուրիշ ուղևոր նույնպես միացավ մեր խոսակցությանն ու իր հիացմունքն ու շնորհակալությունը չկարողանալով զսպել՝ ժպիտը դեմքին իջավ՝ ասելով, որ միանգամայն համամիտ է: Վարորդը լուռ ու բավարարված, մի քիչ էլ կարմրած՝ ժպտում էր քթի տակ ու քիչ անց ասաց. «Որ բոլորը ձեզ նման մտածեն ու գնահատեն, շատ լավ կլինի, օրվա վերջում ամեն օր նստարաններից լիքը ծամոն եմ պոկում ու մի կերպ մաքրում տեղերը, իսկ հատակին արևածաղկի սերմերի մնացորդներ ու բանանի կեղեւ եմ հավաքում, տգետ մարդիկ են, էլի»: Ես էլ հույս տվեցի, ասացի՝ որ մաքուր է, մարդու ձեռք չի գնա մի փոքրիկ թուղթ անգամ գցի, դու այսպես շարունակի: Նորից ժպտաց վարորդը:

Ասացի՝ եղբայր, անունդ ասա, քո մասին արժի մի հատ լավ հոդված գրել, ներկայացավ որպես Յուրա ու էլի ժպտալով ասաց, որ շատերն են իրեն գովում ու մի քանի լրագրողներ արդեն իսկ գրել են այս եզակի դեպքի մասին, բայց իր օգուտը ո՞րն է:

Իջնելիս ասացի՝ այ քեզ հաստատ արժեր150 դրամ տալ, պատասխանը էլ ավելի զարմացրեց ինձ: Ասաց՝ եղբայր, 150-ի ժամանակ էլ 100-ով եմ քշել: Արագ-արագ բջջայինով մի քանի նկար արեցի, որ կարողանամ գրածս հիմնավորել: Ժպտալով հարցրեց՝ ո՞ր թերթում ես գրելու, պատասխանեցի՝ «Հետքում», եթե տպագրեն, անպայման տեղյակ կպահեմ, որ դու էլ կարդաս:

Դե արի ու այս ամենը տարոններին ու մնացած պարոններին բացատրի, կհասկանա՞ն որ:

Եթե այս մարդը կարողանում է բարձրակարգ սպասարկում իրականացնել և ուղեվարձի գինն էլ նույնը պահել, ի՞նչ հիմքով որոշեցիք ուղեվարձը հիսուն տոկոսով բարձրացնել, բայց սպասարկման որակը մի 100%-ով իջեցնել կամ լավագույն դեպքում թողնել նույնը:

Փոխանակ բարելավեին, մարդավայել մեքենաներ բերեին, հետո գինը բարձրացնեին, խեղճ ժողովրդի վերջին գրոշներն էլ էին ուզում քամել ու հույս տալ, թե «էշ մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես», մի օր էլ նոր, ավելի հարմարավետ երթուղայինով կերթևեկեք: Դե որ ժողովրդին էշի տեղ դրեցիք, էշն էլ չդիմացավ ու մի լավ աքացի տվեց ուղիղ ձեր դեմքին: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «Դե գնացեք որտեղ ձերը կասեք, էնտեղ էլ չմոռանաք հանկարծ, մերն էլ կասեք»:

Ես նորմալ համարեցի Յուրայի այն շեշտադրումը, որ «սա իմ սեփականն է, դրա համար սենց լավ է պահվում»: Ես էլ, օրինակ, իմ բոլոր սեփական իրերին շատ լավ ու զգույշ եմ վերաբերվում, բայց միտքս ինձ հանգիստ չի տալիս, թե ոնց է լինում, որ մեկն իր մի հատ սեփական երթուղայինը կարողանում է մարդավարի սպասարկել, որովհետև դա իր սեփականությունն է ու, բնականաբար, սրտացավ ու գիտակցորեն է մոտենում բոլոր հարցերին, իսկ մեր «իշխանավոր գծատերերը», որ միլիոններ ունեն ու բազմաթիվ այդպիսի սեփական երթուղայիններ, չեն անում, չեն մտածում, առավել ևս՝ ողջ Երևանն է իրենց սեփականությունը, բայց էլի չեն անում, սխալված էլ չեմ լինի, եթե ասեմ, որ ողջ հանրապետությունն է իրենց սեփականությունը, բայց էլի չեն անում, չեն անում ու չեն անում, հո զոռով չի:

Էստեղել մի անեկդոտ հիշեցի. գժերը գժանոցի տնօրենին բողոքում են ու պահանջում, որ լողավազանը ջուր լցնի, որ մեկ-մեկ լողան ու թարմանան: Սա էլ պատասխանում է, որ մինչև լողալ չսովորեք, ջուր չեմ լցնի: Թե առանց ջրի էդ խեղճ գժերը ոնց պիտի լողալ սովորեն, թողնում եմ իմ էս առաջին ու գուցե վերջին հոդվածն ընթերցողներին: Բայց չէ, սպասեք, նաև՝ մեր «չինովնիկներին ու տռզած ու վիզները չինարի ծառի բնի չափ հաստացրած սեփականատերերին»: Երևի սրանք ուզում էին մեզ ասել, որ մինչև 150 դրամի մտքի հետ չհարմարվեք, նոր ու հարմարավետ երթուղայինների մասին մոռացեք, ժողովուրդ, չերազեք նույնիսկ:

Պապիցս մի անգամ մի ուշագրավ պատմություն եմ լսել ու մի կուշտ ծիծաղել: Ասում էր, որ իրենց գյուղում մի շատ անգրագետ ու անկիրթ քահանա է եղել, որը պարտադիր խախտում էր տասը պատվիրանները ու անում ճիշտ հակառակը, մի հարբեցողի մեկն էր: Սրա՝ եկեղեցում հնչեցրած պատարագից ոչ մեկը ոչ մի բառ չէր հասկանում: Մի օր պապս սրան հարցրել է, թե այ տեր հայր, խունկ ծխելու ժամանակ էդ ի՞նչ աղոթքներ ես անում արագ-արագ, ախր բան չենք հասկանում, սա էլ բեղի տակ ծիծաղելով՝ պատասխանել է, թե աղոթքի իմաստը հետևյալն է. «Օգուտ ձեեեեեզ, օգուտ ձեեեեեզ, աշխատեցեք, բերեք տվեք մեեեեեեեեզզզզզզ”: Հիմա որ մեր «իշխանչիկների արկածիկները» լսում եմ ու մամուլում էլ կարդում ամեն օր, ողորմած պապիս եմ հիշում, ականջը կանչի, լավ մարդ էր, բախտն էլ բերեց՝ շուտ մեռավ, «ազատ, անկախ ու ապահով Հայաստանը» չտեսավ: Սրանք էլ են նույն հարբեցող քահանայի օրինակին հետևում ու ամեն օր նույն «աղոթքն» են անում մեր էս հույսը կորցրած ազգաբնակչության գլխին. «Օգուտ ձեեեեեզ, օգուտ ձեեեեզ, աշխատեցեք, բերեք տվեք մեեեեեեեեզզզզզզ»:

Եզրակացությունս. 

Ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե գալուստ սահակյանի (հատուկ եմ փոքրատառ գրել-հեղ.) փոխարեն մեր Յուրան լիներ գծատեր, նա հաստատ ամեն բան կաներ, որ ոչ թե մեկ, այլ տասնյակ այսպիսի մարդավայել երթուղայիններ սպասարկեին լավագույնին արժանի այս ազգին:

Բոլոր ԻՇԽԱՆԱԳԾԱՊԱՏԳԱՄԱՔԱՂԱՔԱՊԵՏԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԱԿՈՒՅՏԵՐԻՆ էլ արժի ուղարկել Յուրայի մոտ՝ կոնսուլտացիաների ու կլոր կամ ձվաձև սեղանի շուրջ քննարկումների, որ գոնե հասկանան, թե ոնց կարելի է էլի նույն գործն անել, էլի նույն պարկերով փողերն աշխատել, որի վրա, իմիջիայլոց, ոչ մեկս աչք չունենք, հանկարծ սխալ չհասկանան, բայց մարդուն, առավել ևս Հային արժանի երթուղային տաքսիներով սպասարկել, որ էս ժողովուդն էլ ամեն նստել իջնելուց օրհնի ձեզ, այլ ոչ թե անիծի, որ կերածներդ էլ հալալ լինի, ոչ թե հարամ, որ հանգիստ ու առանց քնաբերի քնեք, ու որ ձեր թոռներն ու երեխաներն էլ հպարտանան, որ այսպիսի բարձրակարգ ՀԱՅ ՄԵԾԱՏԱՌՈՎ ՀԱՅՐ և ՊԱՊ ՈՒՆԵՆ: Որ հանկարծ հեռախոսը զանգելիս ոչ թե ասեին՝ ասեք տանը չեմ, քանի որ վստահ են՝ հաստատ մի սև գործ են արել օրվա մեջ ու մի «անկիրթ լրագրող» էլ զանգում է որ, «քիթը խոթի դրա մեջ» ու անիծի, հենց ինքը վերցնի լսափողը՝ վստահ լինելով, որ հաստատ սա մի սոված-ծարավ թոշակառու կամ հաշմանդամ կլինի ու զանգում է, որ իրեն օրհնի իրենց մասին մտածելու ու հոգ տանելու համար: Էնպես լինի, որ թոռներն ու որդիները հպարտանան, որ իրենց հայրերն ու պապերը գնացելեն «աշխատանքի», ոչ թե ազգային ժողովում նստած որոշել, թե էլ ոնց կարելի է ազգին ծնկի բերել ու մուրացկան դարձնել, ոչ թե հիմա ինչ գույնի գծեր քաշել փողոցներում, այլ ինչ մի լավ բան կարելի է անել հարազատ ժողովրդի մատից մի փուշ հանելու համար:

Այ մարդ, գոնե թանգարանի համար բա ձեր մեջ մի հատ ՄԱՐԴ չկա՞, որ վաղը մեռնեք, քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում հուշարձան կանգնեցնենք, որ մեր թոռն ու ծոռը գան, ծաղկեպսակներ դնեն ու օրհնեն այդ ազգի ՀԵՐՈՍԻՆ ու ազգապաշտպան պատգամավորին, այլ ոչ թե տանենք թաղենք Ֆրանգյուլի հարևանությամբ: Գիտե՞ք ով է Ֆրանգյուլը, լսե՞լ եք նրա մասին: Եթե ոչ, խորհուրդ կտայի անպայման կարդալ այս մեջբերումը նույնությամբ, որը վերցրել եմ Դանիել Երաժշտի ֆենոմենալ հոդվածներից մեկից:

«Խորհրդային տարիներին, ամառվա ամիսներին դպրոցականներին տանում էին այսպես կոչված պիոներական ճամբարներ: Մի քանի անգամ ես եղել եմ Կապան քաղաքի մոտ գտնվող Կարմրաքարի ճամբարում: Մի օր մեր ջոկատավարը, համաձայն ավանդույթի, երեխաներին տարավ անտառ զբոսանքի: Երբ հասանք Արծվանիկ գյուղի մոտ, ջոկատավարը մի փշածածկ թմբի մոտ շարք կանգնեցրեց և հորդորեց հետևել իրեն: Նա մոտեցավ թմբին և ... թքեց: Երեխաները հետևեցին նրա օրինակին, հետո հավաքվեցին մի ծառի տակ: Ջոկատավարը բացատրեց, որ այդ թմբի տակ, ինչպես ինքը բարբառով ասաց, «սատկում է շուն Ֆրանգյլուը»` հայ ժողովրդի թշնամին: Հետո իմացանք, որ Դավիթ-Բեկի ազատագրական պայքարի ժամանակ Ֆրանգյուլը անցել էր թշնամիների կողմը, մեծ վնաս պատճառել իր հայրենակիցներին: Ջոկատավարի այդօրինակ վերաբերմունքը այժմ էլ փոխանցվում է սերնդեսերունդ:

Ես պատկերացնում եմ, որ եթե Յուրան լիներ մեր տրանսպորտի նախարարը, լիներ սեփականատեր, նույն սրտացավությամբ ու հոգատարությամբ վերաբերվեր մեր հանրության համար այսքան կարևոր հարցին, տրանսպորտի գինը ոչ թե կաճեր, այլ կնվազեր կամ գոնե նույնը կմնար: Մի բան հաստատ է, որ արնագույն ներկված կանգառներ չէինք ունենա, որը նշանակում է՝«չկանգնես, արա, կանգնեցիր՝ արյունդ կքաշշշշեմ»:

Եվ վերջում ուզում եմ մի մեջբերում էլ անել Դանիել Երաժշտի նույնանուն  հոդվածից, որն ինձ վրա ցնցող տպավորություն է թողել, երբեք չեմ մոռանում ու սրտանց ցավակցում եմ մեր անկուշտ ու բռի, գեղցի ու անմակարդակ իշխանիկներին:

 ...Խժռում են իմ ժողովրդին իբրև կերակուր ու հաց... Սաղմոս 13

Մեծ բանաստեղծ Հայնրիխ Հայնեն այսպես է ներկայացրել իր մոր խոստովանանքը. «Հղիության ժամանակ մի այգում ծառի վրա տեսել է խնձոր, բայց չի ցանկացել պոկել այն, որ իր զավակը գող չդառնա: Ամբողջ կյանքիս ընթացքում գեղեցիկ խնձորների նկատմամբ գաղտնի տենչանք եմ ունեցել, սակայն կապված ուրիշի սեփականության հանդեպ հարգանքով և գողության հանդեպ զզվանքով»: Հարց է ծագում` Հայաստանը կողոպտողների, հայաթափ անողների մայրերը հղի ժամանակ ի՞նչ են կերել, որ իրենց զավակներն այսօր ուտում են մեր կյանքը, փչացնում, փոշիացնում այդքան թանկ գնով ձեռք բերված նյութական և հոգևոր արժեքները: Ինչպե՞ս է դրանց հաջողվել սողոսկել իշխանության, տնտեսության, կառավարման և այլ ոլորտներ: Ինչպե՞ս են զավթել հասարակական կյանքը տնօրինելու իրավունքը, ժողովրդին զրկել աշխատելու, հետևապես և ապրելու իրավունքից: 

Հազար ներեղություն ժողովուրդ, չկարողացա խոստումս պահել, պարզվում է՝ սա վերջինը չէր, այլ նախավերջինը կամ գուցե նախարարավերջինը, չգիտեմ, քանի որ քիչ առաջ մի թարմ հոդված կարդացի aravot.am-ում մեր պառավ գծատերերից մեկի մասին, սիրտս լցվեց ու չեմ կարող մի մեջբերում էլ դրանից չանել, «ծաղկաքաղ» եմ էլի անում, ժողովուրդ, երևի ինձ էլ կհասկանաք, այնքան է սիրտս լցվել, որ էլ հնարավոր չի էդ բիձու կերածները, արածներն ու ասածները մարսել:

Օրեր առաջ անդրադառնալով «Առավոտի» հարցին, թե ձեր սերը ժողովրդի հանդեպ ինչպե՞ս է արտահայտվում, ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Քո՞ ինչ գործ: Հիմա կարո՞ղ է իմ անձնական երեւույթների մեջ մտնես… » եւ այլն: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: Այ քեզ բռի բիձաաաա, այ քեզ պատգամավորակույտ…. Եվ այս ամենը Ամիրյանից մինչև Մատենադարան ընկած ճանապարհին կատարվեց… 

Գագիկ Բունիաթյան 

Մեկնաբանություններ (9)

aram
You may call me insane but I have to drive in Hayastan because of my living conditions. Three years ago as I was driving and complaining about the unruly drivers and the honking in the streets of Yerevan my visiting niece calmed me down by informing me that in Lebanon not only they honk at you but also simultaneously give you the mid-finger.
Գագիկ
Aram Jan honestly specking I did not get neither your or your niece point. Are you mean to say that what we have here in Yerevan is far better then in Lebanon? I am sure it is far better then Kolkata as well but so what, why do we have to compare ourselves to some third world country? Why we can not be compared to Singapore where one can hardly ever hear any honking on the street? And that country is only 30 years old but one of the best in the world because there is almost no corruption. And by the way article was mainly not for honking but quality of the service. Thanks for commenting any ways.
Hay
Հարգելի Գագիկ Ձեր անգլերեն գրելու ժամանկը դեռ չի եկել՝ լավ կանեք առայժմ միայն կարդաք: Հայերի հետ խոսելիս հայերնը անփոխարինելի է: With best regards, Hay
Elia
Hargeli Gagik . hodva&@ Shat lavner. U dipuk....isk es husovem. Vor sa verjin. Hodva&@. Chiiiii
Գագիկ
Հարգելի Hay շնորհակալություն ձեր թանկարժեք խորհրդի համար, կաշխատեմ անպայման հետևել: Ուղակի որ aram-ը Հայ լինելով հանդերձ անգլերենով էր գրել, մտածեցի երևի արտասահմանում է ապրում ու Հայերենին լավ չի տիրապետում դե ես ել իմ հնարավորությունների սահմաններում որոշեցի իրեն այդ լեզվով պատասխանել ու հուսով եմ որ եթե aram-ը կարդացելա արդեն, ուրեմն հաստատ գոնե միտքը հասկացած կլինի, իսկ եթե ոչ ես չեմ ամաչում դրանից քնի որ չեմ կարծում որ ես որևե տեղ ակնարկելեյի որ ես անգլերենի մեծ գիտակ եմ որ հիմա ել վատ զգամ ինձ: Կարդա նաև շարունակությունը ներքևում...
Գագիկ
Հարգելի Hay եթե կարելիյա ու թույլ կտաս մի քանի հարց էլ ես կտամ քեզ? 1. Չես կարծում որ դու նախ և առաջ քո այդ ոսկի խորհուրդը պետք է տայիր aram-ին, քանի որ ինքն է առաջինը գրել իր մեկնաբանությունը անգլերենով, իսկ ես պարզապես փորձել եմ իմ հնարավորությունների սահմաններում անել հնարավորինս որ իր համար հարմար լիներ? Բայց անպայման կհետևեմ քո խորհրդին ու շատ կկարդամ, քանի որ կարդալ շատ եմ սիրում: 2. Եթե Հայերի հետ Հայերենը այդքան անփոխարինելի ես համարում ու դու էլ Հայի հետ ես խոսում բա եդ ինչու էս քո անունը անգլերենով գրել որ, Հայ ավելի սիրուն չէր լինի քանց թե Hay-ը կամ ել վերջում գրածդ With best regards-ը որնա, ու ինչ իմաստ ուներ կարելի է իմանալ? Երևի ուզումես ասել որ դու շատ ավելի լավ ես տիրապետում անգլերենին քաց թե ես, թե ոնց? Բայց ես չեմ էլ մրցում քո հետ ու չեմ էլ ակնարկել որ ես անգլերենի գիտակ եմ, էլ դրա իմաստը որն էր որ? 3. Հետաքրքիրա դու հոդվածն էլ ես կարդացել, թե մենակ իմ անգրագետ պատասխանը aram-ի մեկնաբանությանը? Գիտես ինչի համար եմ հարցնում, քանի որ հոդվածի մեջ հաստատ ես Հայ լինելով հանդերձ լիքը սխալներ էլ թույլ տված կլինեմ ու հաստատ դրա համար ել արժի ինձ ամոթանք տալ մի հատ լավ, չնայած որ հենց սկզբում գրել եմ, որ սա իմ առաջին և գուցե և վերջին փորձն էր: 4. Քեզ չի թվում որ հոդվածի իմաստը շատ ավելի կարևոր էր քան իմ թերի անգլերենով պատասխանը? Ամենալավագույն ցանկություններով և բարեմաղթանքներով, Գագիկ
Գագիկ
Elia ջան տա Աստված որ սա վերջին հոդվածը լինի, քանի որ հոդված գրելու բուռն ցանկությունս առաջանումա երբ որ սիրտս չափից ավելա լցվում ու երբ որ տեսնում եմ թե ոնց են մեր ներքին թշնամիները իմ ազգին ավանակի տեղ դնում ու անկուշտ բորենիների նման ծվեն-ծվեն անում ու արտաքսում երկրից: Սաղ կախվածա գալուստի կապույտ գալստուկի երկարությունից… Տեսնենք եթե իրավիճակը լավանա ուրեմն էլ հաստատ կարիք չի լինի նմանատիպ հոդվածներ գրել գրելուցել միայն լավ բաների մասին գրենք ու հույս ունեմ դեռ որ մի օր հանկարծ գալուստիկներին երազում կհայտնվի, Նժդեհը կամ Անդրանիկը ու կասի ԱՐԱ ԲԱ ՍԱ ԱՆԵԼՈՒ ԲԱՆԱ ՈՐ ԴՈՒՔ ԵՔ ԱՆՈՒՄՄՄՄՄՄՄ? Բա ես սարքեմ դուք քանդեքքքք? Ու առավոտ վեր կենան ու որոշեն որ բավականա ինչքան մեր գրպանների մասին մտածեցինք հիմա ել մի քիչ մտածենք էս կործանման ու բնաջնջման եզրին կանգնած ազգի մասին, որ Ադրբեջանցիք էլ մեզ չքննադատեն ու չծաղրեն…
Հայ
Գագիկ ես քեզ վիրավորելու միտք չեմ ունեցել: Իսկ գրածդ մեր այսօրվա գրողների միության «անդամներից» շատերի գրածներից շատ ավելի լավն է: Շարունակիր քեզ մոտ դա ստացվում է: Հաջողություն:
Գագիկ
Հայ-ին Շնորհակալություն, ուրախ եմ որ իրար հասկացանք, կարևորը են չի թե ով է ճիշտ այլ ինչն է ճիշտ... Հարգանքներս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter