Մարզերի կառավարման համակարգը` կառավարության նիստում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրում փոփոխություններ կատարելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզերում պետական կառավարման համակարգի բարեփոխման իրականացմամբ: Նախագծով նախատեսվում է կանոնակարգել մարզի խորհրդի նիստի գործունեության արդյունավետ իրականացումը, ընդլայնել և հստակեցնել նիստի քննարկմանը ներկայացվող հարցերն ու նիստի անցկացման հաճախականությունը: Նախատեսվում է նաև մարզի խորհրդի նիստը դարձնել թափանցիկ և հրապարակային, քանի որ նիստի ժամանակ կազմվելու է արձանագրություն, որը տեղադրվելու է մարզպետարանի ինտերնետային կայքում: Բացի այդ, մարզի խորհրդի նիստին կարող են մասնակցել մարզում գործող հասարակական կառույցների անդամները և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:
Մարզի խորհրդի դերակատարումը մեծացնելու նպատակով նախատեսվել է այդ կառույցում պարտադիր քննարկել մի շարք հարցեր: Նախատեսվում է, որ մարզպետը մարզխորհրդի քննարկմանը պետք է ներկայացնի մարզային զարգացման ծրագրերի հիման վրա տարվա աշխատանքային պլանի կազմման և մոնիտորինգի ու գնահատման արդյունքները, ՀՀ վերահսկիչ պալատի և վերահսկողական գործառույթ իրականացնող պետական այլ մարմինների կողմից մարզում իրականացված ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերը, ՀՀ պետբյուջեով մարզի տարածքում իրականացվելիք ծրագրերը, ՀՀ պետբյուջեով և այլ միջոցներով մարզին վերաբերող ծրագրերի կատարման ընթացքը, համայնքի ղեկավարի վարքագծի վերաբերյալ իրավապահ մարմիններից ստացված միջնորդագրերը, մարզի տարածքում իրականացված վարչական և ֆինանսական հսկողության արդյունքները:
Սոցիալական-տնտեսական առաջնահերթ խնդիրների լուծման համար վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ՀՀ մարզպետարաններին տրամադրվող գումարների օգտագործման վերաբերյալ տեղեկությունը կայքերում տեղադրել նույն, միասնական ձևաչափով, որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի այդ տեղեկությունից օգտվելը և վերահսկելը: Վարչապետն իր խոսքում ամենահաջողված ծրագրերից է համարել անապահով ընտանիքների երեխաների հանգիստն ամառային ճամբարներում կազմակերպելու նախաձեռնությունը: «Քանի որ մենք այժմ ձևավորում ենք 2014թ. պետբյուջեն, պետք է մյուս տարի 1500-ով ավելացնել երեխաների թիվը»- եզրափակել է վարչապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել