Երևանցի 650 ծնող զորամասերում հանդիպել է ժամկետային զինծառայող որդիների հետ
Օգոստոսի 9-ին երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների ժամկետային զինծառայողների շուրջ 650 ծնող մեկնել է Արցախի, Սյունիքի և Տավուշի զորամասեր՝ հանդիպելու որդիների հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այս նախաձեռնությունը որքան սպասված, նույնքան էլ անակնկալ էր ծնողների համար:
Վերջինները հնարավորություն են ստացել տեղում անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զինվորական ճաշարանում էլ, ճաշելով զինվորների հետ, համոզվել, որ զինվորների սննդի հարցը ևս կազմակերպված է հավուր պատշաճի:
Ծնողների այցելության առիթով բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ և տոնական համերգներ:
Հանդիսավոր արարողությունների շրջանակում ծառայության մեջ առավել աչքի ընկած ու պարտաճանաչ 67 զինվորի հանձնվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից փոխանցվել են նաև նվերներ:
«Զինծառայողների ծնողների՝ սահմանամերձ գոտիներ այցելությունները կազմակերպվում են արդեն 2-րդ անգամ: Եթե նախորդ այցելությանը ընդգրկվել էր 250 ծնող, ապա այս անգամ ավելի քան 650-ը հնարավորություն ունեցավ տեսակցելու որդիներին: Մենք աշխատանքներ պետք է տանենք այս թիվը ավելացնելու և ծրագիրը ավանդույթ դարձնելու ուղղությամբ»,- այսօր՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, ասել է Տարոն Մարգարյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել