HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավանի աղի հանքի անվտանգությունն ապահովում է «Հատուկ լեռնափրկարար ծառայությունը»

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այց է կատարել Ավանի աղի կոմբինատ, որտեղ ծառայություն է իրականացնում ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲ ընկերության Ավանի ջոկատը։

Կոմբինատի խորհրդի նախագահի և տնօրենի ուղեկցությամբ Ա. Երիցյանը շրջել է հանքուղիներում, ծանոթացել տեղում ծառայություն իրականացնող լեռնափրկարար ջոկատին, ջոկատի աշխատանքային պայմաններին ու տեխնիկական զինվածությանը։

Աղի հանքի տարածքում հանքի աշխատանքային ժամերին հերթապահում է լեռնափրկարար ջոկատի անձնակազմը։ Նախքան հանքափորների մուտքը հանք լեռնափրկարարներն էքսպրես և լաբորատոր անալիզների միջոցով ստուգում են օդում վտանգավոր գազերի առկայությունը և նրանց տոկոսային համապատասխանելիությունը թույլատրելի չափերին, որից հետո հանքափորներին թույլատրվում է աշխատել։

Նման ստուգում իրականացվում է նաև պայթեցման աշխատանքներից հետո, քանի որ ստորգետնյա խոռոչներում կարող են կուտակվել վտանգավոր գազեր, որոնք պայթեցման հետևանքով կարող են լցվել հանքախորշ։

Լեռնափրկարարներն ապահովված են շնչադիմակներով և ինքնափրկիչ սարքերով, որոնք նախատեսված են թունավոր գազերով աղտոտված ստորգետնյա տարածքներ մուտք գործելու և տուժածներին անվտանգ տարածք տեղափոխելու համար։

Ջոկատը հետևում է հանքի վթարային ելքերի ու հանքուղիների վիճակին' հանքափորներին տեղյակ պահելով պայթեցումների հետևանքով թուլացած հանքաքարի բեկորների առկայության մասին, որոնք կարող են վայր ընկնել ու վնասվածքներ պատճառել տեղում աշխատող մարդկանց։

Լեռնափրկարարներն ապահովում են նաև աղի հանքի տարածքում տեղակայված, առողջապահության նախարարության անձավաբուժական կենտրոնի անձնակազմի, հիվանդների ու հաճախորդների անվտանգությունը, ինչպես նաև պարբերաբար ստուգում օդի բաղադրությունն ու օդափոխման համակարգի արդյունավետությունը:

Շրջայցից հետո Ա. Երիցյանը հանձնարարեց առաջարկ ներկայացնել լեռնափրկարարների ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու և աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter