HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գերեվարված զինվորի հարազատները բավարարված չեն ԿԽՄԿ երևանյան գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից (ֆոտո)

Ադրբեջանում գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներն ու հորեղբոր որդին այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակում հանդիպեցին ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակ Դրագանա Ռանկովիչին, ով առավոտյան հանդիպում էր ունեցել պաշտպանության նախարարությունում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 22-ամյա շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հատել էր ղարաբաղաադրբեջանական սահմանը և հայտնվել Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում:

Դուրս գալով ԿԽՄԿ գրասենյակից` Հակոբի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը, լրագրողներին ասաց, որ իրենք բավարարված չեն Դրագանա Ռանկովիչի հետ հանդիպումից: «Մենք կոնկրետ ոչ մի բան չենք իմացել: Ուղղակի ինչ երեկ են ասել, նույնը էսօր են ասել, «ուղղակի պիտի սպասեք», վերջ»,- ասաց Արման Ինջիղուլյանը:

Զինծառայողի հարազատները հանդիպման ժամանակ փորձել են տեղեկանալ, թե ինչու մինչև հիմա ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները չեն տեսակցել Հակոբի հետ ու տեղեկություն չունեն: Դրագանա Ռանկովիչը պատասխանել է, որ դա պրոցեդուրա է, որն ամբողջ աշխարհում Կարմիր խաչը հարգում է, և իրենք ուղղակի սպասում են, որ Ադրբեջանի իշխանությունները թույլատրեն տեսակցել Հակոբին:

«Մենք հարցրինք` երբ է հնարավոր, իրենք մեզ ոչ մի բան ստույգ չեն պատասխանել, «ուղղակի պետք է սպասել»: Իրենք ասեցին, որ «մենք ձեզ էլ ենք հասկանում, բայց պիտի սպասեք, ուրիշ ոչ մի բան չենք կարող ավելացնել»»,- Դրագանա Ռանկովիչի հետ հանդիպման մանրամասները պատմեց Արման Ինջիղուլյանը:

ԿԽՄԿ երևանյան գրասենյակում Հակոբի հարազատներին ասել են, որ Կարմիր խաչի գլխամասային Ժնևի գրասենյակում տեղյակ են միջադեպից, բայց միևնույն է` Հակոբի հարազատները բաց նամակով դիմելու են Ժնևի գրասենյակին:

«Ամեն հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք, որ մեր զինվորը, մեր երեխեն շուտ հասնի մեզ: Էս պահին ուղղակի ես կոնկրետ մեր քայլերի մասին չեմ կարող ասել, բայց ամեն ինչ անելու ենք: Ամեն ինչի պատրաստ ենք»,- ասաց Արման Ինջիղուլյանը: Նա շնորհակալությամբ նշեց, որ պաշտպանության նախարարությունից ամեն օր զանգահարում են իրենց ու նորություն լինելու դեպքում հայտնում:

Հակոբը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից է: Այսօր ԿԽՄԿ երևանյան գրասենյակի առջև հավաքվել էին նաև զինծառայողի մյուս հարազատներն ու մի քանի համագյուղացի: Բարեկամները «Հետքին» ասացին, որ ամբողջ գյուղն էր ուզում գալ ԿԽՄԿ գրասենյակ, բայց իրենք չեն ցանկացել:

Հակոբը զորակոչվել է 1 տարի 2 ամիս առաջ, ծառայում էր Ասկերանի զորամասում: Մոր` Գայանե Ինջիղուլյանի խոսքով` Հակոբը 3 տարի սովորել է Գևորգյան ճեմարանում, ցանկացել է ուսումը շարունակել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում, բայց զորակոչվել է բանակ, կռվարար չի եղել, երբեք չի դժգոհել զինծառայությունից ու զորամասից: Ծնողներն օգոստոսի 5-ին ծանրոց են ուղարկել Հակոբին, օգոստոսի 6-ի առավոտյան Հակոբը զանգահարել է եղբորը, ասել, որ ստացել է ծանրոցը, և ամեն ինչ լավ է:

Զինծառայողի հայրը` Գևորգ Ինջիղուլյանն, ասաց, որ որդին շնորհակալագիր է ստացել բանակից, մի անգամ 10 օրով արձակուրդ է եկել տուն, 2-րդ անգամ չի ցանկացել արձակուրդ գալ, քանի որ արձակուրդը ընդամենը 5 օրով էր, իսկ զորամասից տուն ճանապարհը` երկար:

Ուստի, բարեկամները պնդում են, որ երեկ համացանցում հայտնված և ադրբեջանական հեռուստաընկերությանը տված «հարցազրույցում» Հակոբի խոսքերը նրա վրա ադրբեջանցիների գործադրած ճնշման հետևանք են: Հակոբի մայրը նկատել է, որ «հարցազրույցի» ժամանակ տղան նստած տեղում անհանգիստ շարժումներ էր անում:

«Ուղղակի էս «հարցազրույցը» շոու էր` ուղղված ոչ թե կոնկրետ զինվորին, այլ ուղղված երևի մեզ ու մեր հանրապետությանը»,- ասաց Արման Ինջիղուլյանը:

Նրան այսօր ԿԽՄԿ-ում ասել են, որ գերու հետ հարցազրույց անցկացնելը խստիվ արգելվում է, և հավելել, որ դրա առթիվ ԿԽՄԿ-ի ձեռնարկելիք քայերը գաղտնի են:

Այսօր Արման Ինջիղուլյանի հետ հեռախոսազրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ընդգծել է, որ «հարցազրույցում» Հակոբն ասում է, որ «ստիպված» գնացել է ջուր բերելու, ոչ թե որ «ստիպված» հատել է սահմանը: Լարիսա Ալավերդյանը ևս զբաղվում է խնդրով, նամակ է ուղարկելու ԿԽՄԿ Ժնևի գրասենյակին և իրավասու այլ կազմակերպությունների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter