HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանի եւ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության միջև կնքված պայմանգրի հիման վրա ընդունված կարգերը հակասում են գործող օրենսդրությանը

Տեղեկանք

Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող իրավական ակտերի վերաբերյալ)

Սույնով անդրադառնում ենք Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. «Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» հ. 563-Ն որոշման (այսուհետ՝ Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշում) հիմնավորվածությանը: Սույն որոշման հիման վրա, մայրաքաղաքի փողոցների կարմիր գծանշումներով հատվածներում, որոնք այսուհետ առանձնացված վճարովի ավտոկայանատեղիներ են, սկսել են գործել սահմանված դրույքաչափեր: Ի դեպ, ինչն էլ հասցրել է հարուցել հազարավոր վարորդների դժգոհությունը, նրանցից շատերն արդեն իսկ, անկախ իրենց կամքից, հասցրել են նույնիսկ տուգանվել 5000 դրամի չափով: Մեր և բազմաթիվ կազմակերպությունների կարծիքով Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման և իրականացման հետ կապված իրավական ակտերն ու Երեւանի քաղաքապետարանի ու ծառայությունը մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության միջև կնքված պայմանգրի հիման վրա ընդունված կարգերը հակասում են ՀՀ գործող օրենսդրությանը:

1) «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը սահմանում է համայնքի ավագանին: Երևանի ավագանին 25.12.2012թ. հ. 563-Ն որոշման 4-րդ կետով սահմանել է ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը` վճարողներն ավտոկայանատեղի տուրքը վճարում են անկանխիկ ձևով Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին` հետևյալ եղանակներով`1) բանկային և (կամ) վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով, 2) էլեկտրոնային եղանակով, 3) վճարմամբ:

Սակայն կարճ հաղորդագրության ( վճարման) միջոցով տեղական տուրք վճարելու ձևն անհասկանալի ու անընդունելի է բազմաթիվ վարորդների համար, քանի որ նրանցից շատերը չեն օգտվում ծառայությունից, հիմնականում կանխավճարային բաժանորդներ են և հաճախ իրենց գումարը չի բավականացնում նույնիսկ զանգեր կատարելու համար, կամ իրենց մեծ մասն առհասարակ չի տիրապետում -ի ծառայությունից օգտվելու ձևին: Չպետք է մոռանալ, որ այդ վարորդների թվում կարող են լինել տաքսու և ավագ սերնդի վարորդներ, ովքեր բացարձակ չեն տիրապետում տեխնիկական միջոցներից օգտվելու ցանկացած ձևին: Ի դեպ, հարկ է նշել, որ ԶԼՄ-ներով վճարովի ավտոկայանատեղիներից` ի թիվս այլ վարորդների, իրենց բողոքն են արտահայտել տաքսու վարորդները: Նախ, որ իրենք իրենց ավտոմեքենաները կայանելու կոնկրետ տարածք չունեն կամ կայանելու համար Երևանի քաղաքապետարանը շատ սակավաթիվ տարածքներ է հատկացրել տաքսիների կայանման համար, ժամանակ ու հնարավորություն չունեն ծառայությունից օգտվելու համար:

2). «Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված, 6-րդ կետի համաձայն ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր: Սակայն հաղորդագրության միջոցով տուրքը վճարելու դեպքում, անդորրագրի մասին խոսելն ավելորդ է: «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Beeline-ի բաժանորդները կարող են գնալ համապատասխանաբար ՄոբիԴրամ-ի եւ ԻԴրամի մասնաճյուղեր եւ ստանալ իրենց անդորրագրերը: Հարցին, թե Օրանժ Արմենիա-ի բաժանորդներն ինչպե՞ս կարող են ստանալ անդորրագրեր, ընկերության տնօրենը պատասխանել է, որ նրանք դեռեւս անդորրագիր ստանալու հնարավորություն չունեն, ներկայումս քայլեր են տարվում Օրանժի բաժանորդներին ևս անդորրագիր տրամադրելու խնդրի լուծման ուղղությամբ: Հարց է առաջանում, թե ինչու վարորդը պետք է ավելորդ ժամանակ ու ծախս կատարի այդ անդորրագիրը ձեռք բերելու համար, կրկին օգտվելու ավտոկայանատեղի ծառայությունից (ՄոբիԴրամ-ի եւ ԻԴրամի մասնաճյուղեր հաճախելու համար), որի ժամանակ էլ հերթերն անխուսափելի են լինելու:

3).Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշման 6-րդ կետի համաձայն` ավտոկայանատեղի տուրքը վճարվում է միայն ընթացիկ տարվա համար և ընթացքում, ընդ որում`ընթացիկ տարվա տարեկան տուրքը վճարվում է տվյալ տարվա ընթացքում և համարվում է վճարված վճարման պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Երևանի ավագանու 25.12.2012թ. «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքերի 2013թ. դրույքաչափերը սահմանելու մասին» հ. 557-Ն որոշմամբ սահմանված է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղի տուրքերի 2013թ. հետևյալ դրույքաչափերը` 1) Յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ, ընդ որում` ա. մեկ ժամվա համար ավտոկայանատեղում տուրքը հաշվարկվում և վճարվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 5 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 5 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար. բ. ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 24.00-ից մինչև 09.00-ն կայանելու դեպքում ավտոկայանատեղի տուրք չի գանձվում, 2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ, 3) մեկ շաբաթվա համար` 1000 դրամ, 4) մեկ ամսվա համար` 2000 դրամ, 5) մեկ տարվա համար` (մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 դրամ, 6) հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական տուրքը գանձվում է. ա. յուրաքանչյուր ժամի համար` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափի եռապատիկը.բ. յուրաքանչյուր օրվա համար` սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափի եռապատիկը:

Ինչպես բազմաթիվ վարորդներ, այնպես էլ ԶԼՄ-ներով հայտարարել են, որ բանկային և էլեկտրոնային տարբերակներով շատերը վճարել են մեկ տարվա համար ավտոկայանատեղի սահմանված դրույքաչափը (12000 դրամ), մինչդեռ պարզվել է, որ նրանք վճարել են ոչ թե մեկ տարվա, այլ հինգ ամսվա համար: Ի դեպ, ոչ Երևանի ավագանու, ոչ ծառայություն մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության կողմից վարորդները պատշաճ ձևով ու ժամկետներում չեն տեղեկացվել սույն վճարման կարգի մասին, նույնիսկ սոցիալական գովազդում այդ մասին չի հիշատակվում, որ ընթացիկ տարվա համար վճարման ձևը ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից հետո:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի համաձայն` «Իրավական ակտերով սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով: Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը: Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին»

Ճիշտ է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդիրն արդեն իսկ սահմանել է ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվող տուրքի առավելագույն դրույքաչափերը, որոնք ավելի բարձր են, քան Երևանի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերը, սակայն սա թույլ է տալիս ենթադրելու, որ Երևանի ավագանու կողմից 2013թ. սահմանված դրույքաչափերը մեխանիկորեն կբարձրանան 2014թ., 2015թ. ...: Երևանի ավագանին հանրությանը կարող է «լռեցնել» հենց այս օրենքով՝ մեղքը բարդելով օրենսդրի վրա: Սակայն, ըստ իս, և Երևանի քաղաքապետը, և Երևանի ավագանին պետք է օրենսդրական համապատասխան առաջարկությամբ դիմեն ՀՀ կառավարությանը և խնդրեն, որպեսզի վերանայվի հիշյալ հակասոցիալական օրենքն ամբողջությամբ և ներառվի նրանում այնպիսի դրույթներ, որոնք դուրս են մնացել տվյալ օրենքից և կպաշտպանեն մարդու և քաղաքացու սոցիալական իրավունքները:

4). «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով օրենսդիրը ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը սահմանելու համար Երևանի ավագանուն լայն հնարավորություններ է տվել: Բացի այդ՝ նախատեսել է դրույքաչափերի սահմանման և վճարման տարբեր ձևեր, ըստ որի՝ նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի տուրքի միասնական դրույքաչափ, իսկ ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ օրերի եւ օրվա ժամերի, ըստ ամսվա եւ տարվա:

Սակայն ինչպես տեսնում ենք Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշմամբ ավտոկայանատեղի տեղական տուրքի դրույքաչափերը սահմանված են բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների և ավտոկայանատեղիների համար, առանց տարբերակման մոտեցման: Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշումը չի բխում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներից: Ըստ որի՝ Երևանի ավագանին պետք է սահմաներ տեղական տուրքի դրույքաչափեր՝ ըստ կայանատեղերի, ըստ տրանսպորտային միջոցի տեսակների համար: Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ սույն օրենքով օրենսդիրը հստակ չի նախատեսել ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը ըստ րոպեների սահմանման հնարավորություն, որն էլ հանգեցրել է բազմաթիվ վարորդների դժգոհությունը:

Ինչու պետք է վարորդը, կայանելով 5-15 կամ 15-30 րոպե, վճարի ոչ թե համարժեք րոպեավճարի դիմաց, այլ՝ ժամավճարի (մեկ ժամվա համար սահմանված գումարի չափը): Ենթադրվում է, որ վճարման չափը պետք է համապատասխանաբար նվազեցվի: Նույն նվազեցումը պետք է կատարվի նաև մեկ ամսվա և մեկ տարվա համար սահմանված դրույքաչափերի դեպքում: Օրինակ՝ եթե մեկ ժամվա կայանման համար սահմանված դրույքաչափը 100 դրամ է, ապա 30 րոպե կայանելու դեպքում պետք է գանձվի 50 դրամ: Այստեղից եզրակացնում ենք, որ այս համակարգի կիրառումը ի սկզբանե նպատակ է հետապնդել որոշ մասնավոր անձանց հարստացնել, այլ ոչ թե լուծել առկա հիմնախնդիրը: 

Չնայած, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ: Ելնելով սույն օրենքի պահանջի բառացի և տառացի մեկնաբանությունից փաստորեն Երևանի ավագանու 25.12.12թ. հ. 563-Ն որոշումը հակասում է օրենքին, համաձայն որի վարորդներից ապօրինի պահանջվում է վճարել ժամավճար՝ անկախ կայանված րոպեների դիմաց:

5).Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման այս նոր կարգը մեծ դժգոհության ալիք է առաջացրել նաև այն վարորդների մոտ, ովքեր այլևս չեն կարող իրենց ավտոմեքենաները կայանել իրենց բնակության վայրի շենքի առջև կամ կայանելուց էլ պարտավորվում են արդեն վճարել: Ինչ վերաբերում է ժամը 24.00-ից մինչև 09.00-ը ընկած ժամանակահատվածում անվճար կայանելուն, ապա սա ևս ոչ ողջամիտ ժամկետ է: Ընդունենք այդ օրը քաղաքացին չի ցանկանում տանից դուրս գալ, հիվանդ է կամ այդ օրը ոչ աշխատանքային օր է, ուստի ժամը 09.00-ից նա պարտավորվում է իր ավտոմեքենան հեռացնել կայանատեղից կամ վճարել դրա համար: Այսինքն ստացվում է, որ միտումնավոր այնպիսի որոշում է ընդունվել, որպեսզի բոլոր վարորդները պարտավորված լինեն օգտվել ընթացիկ տարվա համար վճարման ձևից, անկախ նրանից նրանք քանի անգամ կօգտվեն ավտոկայանատեղիներից:

6).Վարորդների արդարացի դժգոհությունը կայանում է նաև նրանում, որ ոչ Երևանի քաղաքապետարանի, ոչ ծառայություն մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության կողմից որևէ լուրջ և ըստ էության ծառայություն չի մատուցվում վարորդների համար, միայն հնարավոր և անհնար փողոցների հատվածները կարմիր գույնով գետնանշելը և տեսախցիկներ տեղադրելը դա ծառայության մատուցում չի կարող համարվել: Այն թույլ է տալիս վարորդներին ասելու, որ իրենցից գումար շորթելու նոր ձև է մշակվել: Կարմիր գույնով գծանշվել են նույնիսկ այնպիսի հատվածներ, որտեղ վտանգավոր է ավտոմեքենա կայանելը: Օրինակ` Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձի հատվածում, այն դեպքում, երբ այդ մասով երթևեկում են նաև տրոլեյբուսներ, ավտոբուսներ և երթուղային տաքսիներ: Հետաքրքիր է, թե այդ հատվածն ինչու և ինչի հիման վրա ավտոկայանատեղիի վերածվեց, նույն հաջողությամբ էլ կարելի էր դրան զուգահեռ հատվածը վերածել ավտոկայանատեղիի, եթե այդպես է: Զարմանալի է, որ այս կարևոր գործընթացում, որպես պետական լիազոր մարմին, չի ներգրավվել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը և բացակայում է նրա մասնագիտական եզրակացությունը՝ ճանապարհային անխափան երթեկության վերաբերյալ:

7).Ավելին, վարորդներն արդեն արձանագրել են, որ Երևանի ոչ բոլոր կայանատեղիներում կան վճարման կարգի ու ձևի մասին տեղեկատվական ցուցանակներ և կարմիր գծանշումներ: Մայրաքաղաքում շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը ծավալել այպես կոչված «պարկովշիկները», ովքեր արդեն «համարձակվել են» վարորդներից 100 դրամի փոխարեն գանձել 200 դրամ, այդ մասին մեծ վահանակներ փակցրել սյուների վրա (օրինակ՝ «Ռոսիա» տոնավաճառի, «Արմենիա» բժշկական կենտրոնի և նման այլ հաստատությունների դիմաց): Իսկ Երևանի Բաղրամյան պողոտայի, Թումանյան փողոցի և մի շարք փողոցներում կարմիր գծանշումներ դեռևս արված չեն, հարց է ծագում՝ դրանք անվճար կայանատեղիներ են, թե այլևս կայանելն արգելում է:

8).Տեղեկատվական ցուցանակների վրա շրջանակի մեջ վերցրած 10, 15, 20 թվերը վարորդներին ոչինչ չեն հուշում, ոմանք ենթադրում են, որ դրանք րոպեններն են, իսկ ոմանք էլ՝ յուրովի մեկնաբանություններ են անում:

9).Այս վճարման ընդունված ձևն առաջին հերթին հարվածում է փոքր ու միջին բիզնեսին (խանութներ, առևտրի այլ օբյեկտներ), որոնց աշխատակիցներից շատերն աշխատանքի են գալիս իրենց սեփական ավտոմեքենաներով և/կամ առաքումներ են իրականացնում, նրանք ստիպված են լինելու օրը 500 դրամ կամ տարեկան 12.000 դրամ միանվագ վճարել ավտոկայանատեղիի համար, ինչը արհեստականորեն կհանգեցնի այդ ծառայությունների և սպասարկման (առաքման) գների անհիմն բարձրացման:

10).Ինչպես օրենքով, Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. հ. 563 որոշմամբ, այնպես էլ պաշտոնապես հայտարարվել է, որ մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների նկատմամբ իրականացվելու է շուրջօրյա հսկողություն տեսախցիկների եւ շրջիկ ավտոմեքենաների միջոցով, իսկ ավտոկայանատեղի տուրք չվճարած վարորդների հանդեպ կիրառվելու է տույժ` 5000 դրամի չափով: Իսկ ծառայություն մատուցող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը գրանցելու է խախտումները եւ Երեւանի քաղաքապետարանին փոխանցելու է խախտում կատարած ավտոմեքենաների տվյալները, որի հիման վրա քաղաքապետարանը տուգանք է կիրառելու: Հարկ է նկատել, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի  2-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ կետի համաձայն վարչական (լիազոր) մարմինը ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայությունն է: 

Հարց է ծագում թե որ օրենքի հիման վրա է Երևանի ավագանին ՀՀ ճանապարհային ոստիկանությանն օրենքով վերապահված լիազորությունը փոխանցել Երեւանի քաղաքապետարանին և այս մասնավոր ընկերությանը, միևնույն ժամանակ խախտելով մարդու և քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Ավելորդ չէ հիշատակել ՀՀ սահմանդրության 23-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:

Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը տիրապետում է ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի վերաբերյալ անհատական տվյալների, ունի նկարահանող սարքերի ձայնագրությունները: Հարց է ծագում, արդյո՞ք ապահովված կամ երաշխավորված են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՀՀ օրենսդրությամբ անհատական տվյալների պահպանությունը պատշաճ իրականացնելու և խախտումները կանխարգելելու ուղղությամբ: Ըստ էության խոսքը էլեկտրոնային տոտալ հսկողության մասին է, ինչպես դա նկատել է լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր նյութում («КГБ –ի գործակալի նման այսուհետ բոլորիս տեսանկարահանելու են. ինչ իրավունքով» www.nyut.am):

11). Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563 որոշմամբ սահմանված ձևի 10-րդ կետի 2-րդ ենթակետի, «բ» կետով տուգանքի վերաբերյալ արձանագրություն կազմելու համար շրջիկ կարգավարը Երևանի քաղաքապետին է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը: Սակայն, և սույն օրենքում, և այլ իրավական ակտերում չկա դրույթ, որը կհանդիսանա մասնավոր ընկերության և շրջիկի կարգավարի տվյալ գործառույթի իրավական հիմքը: Բացի այդ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 219.1-րդ հոդվածի, վճարովի կայանատեղիում կայանած և տուրքը չվճարած վարորդին պետք է տուգանի տեղական ինքնակառավարման մարմինը (սույն դեպքում Երևանի քաղաքապետարանը): Բայց, և օրենքով, և Երևանի ավագանու վիճելի որոշման համաձայն, խախտման, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություններ կազմելը, դրանք ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջն ուղարկելը վերապահված է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը: Փաստորեն մասնավոր ընկերությանը տրվել է ՀՀ սահմանդրությամբ ու օրենքներով պետական, տեղական մարմիններին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությանը վերապահված լիազորություններն ու գործառույթները, որը ոչ միայն հակաօրինական է, այլ նաև աբսուրդ:

12. Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է մի քանի կազմակերպությունների, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության գործունեությունը հիմնված է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքների, Երեւան քաղաքի ավագանու վերը նշված որոշումների և Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա: Սակայն անհասկանալի է, թե Երևանի քաղաքապետարանը, լինելով հանրային սուբյեկտ, ինչու չի հրապարակում այդ պայմանագիրը, այն էլ այն դեպքում, երբ այդ պայմանագրում շոշափվում են երրորդ անձանց շահերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի համաձայն`

1. Հօգուտ երրորդ անձի է համարվում այն պայմանագիրը, որում կողմերը սահմանել են, որ պարտապանը պարտավոր է պարտավորությունը կատարել ոչ թե հօգուտ պարտատիրոջ, այլ` պայմանագրում նշված կամ չնշված երրորդ անձի, որն իրավունք ունի պարտապանից պահանջել իր օգտին կատարելու պարտավորությունը:

2. Երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկությունը պարտապանին հայտնելու պահից կողմերն առանց երրորդ անձի համաձայնության չեն կարող լուծել կամ փոփոխել իրենց կնքած պայմանագիրը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

3. Պարտապանն իրավունք ունի երրորդ անձի պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք նա կարող էր ներկայացնել պարտատիրոջ դեմ:

4. Այն դեպքում, երբ երրորդ անձը հրաժարվում է պայմանագրով իրեն տրամադրված իրավունքից, պարտատերը կարող է օգտվել այդ իրավունքից, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին և պայմանագրին:

Եթե ընդունենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության միջև կնքված պայմանագրով «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը ծառայություն չի մատուցում երրորդ անձանց, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար: Օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում պարտավորությունը կարող է կողմերից մեկի կամ երկուսի նկատմամբ իրավունքներ ստեղծել երրորդ անձանց համար:

Հետևաբար, նման ծառայություն մատուցելու վերաբերյալ կնքված պայմանագիրը պետք  է լինի հրապարակային: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի համաձայն`

1. Հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):

2. Հրապարակային պայմանագիրը կնքելու դեպքում առևտրային կազմակերպությունն իրավունք չունի որևէ անձի նախապատվություն տալ այլ անձի հանդեպ:

3. Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գինը, ինչպես նաև հրապարակային պայմանագրի այլ պայմանները բոլոր սպառողների համար սահմանվում են միանման:

4. Սպառողին ապրանքներ տրամադրելու, նրա համար աշխատանքներ կատարելու և նրան ծառայություններ մատուցելու հնարավորության դեպքում առևտրային կազմակերպությունը չի կարող հրաժարվել հրապարակային պայմանագիր կնքելուց:

Առևտրային կազմակերպության կողմից հրապարակային պայմանագիրը կնքելուց անհիմն կերպով խուսափելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված կանոնները:

5. Օրենքով նախատեսված դեպքերում կառավարությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող են հրատարակել հրապարակային պայմանագիր կնքելու և կատարելու վերաբերյալ կողմերի համար պարտադիր կանոններ (օրինակելի պայմանագրեր և այլն):

6. Հրապարակային պայմանագրի` սույն հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանող պայմաններն առոչինչ են:

Երևանի քաղաքապետարանի և ծառայություն մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության միջև կնքված պայմանագրում պետք է ամրագրված լինի սույն պայամանագրի գործողության ժամկետը, առարկան, Երևանի քաղաքապետարանի և այդ ընկերության (պայմանագրի կողմերի) իրավունքների ու պարտականությունների, լիազորությունների, գործառույթների ու պատասխանատվության շրջանակը` երրորդ անձանց նկատմամբ, սույն պարագայում` վարորդների: Բայց ինչպես տեսնում ենք «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը որևէ պարտավորություն և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց առջև, նրանց ավտոմեքենաների վնասման դեպքում ընկերությունը պատասխանատու չէ: Վարորդի համար չկա որևէ երաշխիք, որ ինքն իր ավտոմեքենան կայանելու է անվտանգ գոտում: Եթե այդպես է, ապա այդ ծավալի գործառույթներ կարող է իրականացնել և ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, և Երևանի քաղաքապետարանը` առանց միջնորդավորված ընկերության:

13). «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Ինչպես նկատել են մի քանի մասնագետներ ցանկացած տեսակի վճարի ձևավորման հիմքում պետք է ընկած լինի ինքնարժեքի հաշվարկը, սակայն վերոնշյալ օրենքում և Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշամամբ պարզ չէ, թե ինչ սկզբունքով և ինչ հիմնավորմամբ են սահմանվել այդ տեղական տուրքի դրույքաչափերը: Որպես ինքնարժեքի հաշվարկման արդյունք՝ անհրաժեշտ է վերանայել նաև վերոնշյալ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված տեղական տուրքի առավելագույն դրույքաչափերը, որը չունի որևէ տնտեսական, սոցիալական և իրավական հիմնավորում:

14). «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով և սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Սակայն ավտոկայանատեղիների համար պետական տուրքի վճարումից ստացված հասույթի 70 տոկոսը փոխանցվում է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությանը, իսկ միայն 30 տոկոսը՝ Երևան քաղաքի բյուջե:

15). Հարց է ծագում, թե ինչու ավտոկայանատեղիների համար գանձվող տեղական տուրքի ամբողջ գումարը չի փոխանցվում քաղաքային բյուջե, այլ նպատակահարմար է գտնվել այդ հասույթը գանձել մասնավոր ընկերության միջոցով (միջնորդավորված) և դրա հետ մեկտեղ էլ՝ 70 տոկոսը թողնել այդ ընկերությանը: Արդյոք հաշվի է առնվել այն հանգամանքը, որ եթե այս ընկերությունը ճանաչվի սնանկ կամ անվճարունակ, ապա Երևանի քաղաքապետարանը ինչ պարտավորություններ ունի շահագրգիռ հանրության առջև: Քանի որ մենք ունենք փորձ, երբ հանրային տարածքի ձեռք բերող և կառուցապատող ընկերությունները մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը, լուծարվում կամ սնանկ են ճանաչվում, իսկ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին որևէ պատասխանատվություն չի կրում դրա համար, արդյունքում տուժում են շահագրգիռ հանրությունը:

16). Միևնույն ժամանակ էլ, հասկանալի չէ, թե հանրային տարածքներն ամբողջությամբ ինչու պետք է դառնան վճարովի կամ կիրառվի տեղական տուքր գանձելու այս ձևաչափը: Եթե կարելի է այն ներառել վարորդների կողմից իրենց ավտոտրանսպորտային միջոցների համար վճարվող գույքահարկի գումարի մեջ և այլընտրանքային անվճար ավտոկայանատեղեր ստեղծել հատուկ խմբի վարորդների համար (հաշմանդամություն ունեցող, հղի, մանկահասակ ուղևորներ տեղափոխող և այլն): Ինչպես «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն է նկատել վճարովի ավտոկայանատեղիներում չեն սահմանվել հատուկ տեղեր հաշմանդամություն ունեցող վարորդների համար: «Ամբողջ առաջադեմ աշխարհում ընդունված է, որ փարքինգի որոշակի տոկոս հատկացվում է հաշմանդամություն ունեցող վարորդների կամ մեքենա ունեցող հաշմանդամ անձանց համար: Դա իսկապես կարևոր է սայլակ օգտագործող մարդկանց համար, քանի որ, եթե վարորդը, որը չունի տեղաշարժվելու խնդիր, կարող է հեռու կանգնեցնել ու մի քանի մետր այս կամ այն կողմ գնալ իր ցանկալի տեղը հասնելու համար, ապա սայլակով մարդու համար դա ավելի բարդ է: Քանի որ հիմա վճարովի կայանատեղեր են ստեղծվել, սա զարմացնում է մեզ, որ ոչ մի տեղ գծանշված չէ սայլակով մարդկանց համար: Նաև պետք է հաշվի առնել, որ սայլակով հաշմանդամի համար մի քիչ ավելի շատ է տեղ պետք, քան մյուս մեքենաների համար, որպեսզի կարողանան սայլակով տեղափոխվել, այսինքն՝ ոչ միայն մեքենայի համար է տեղ պետք, այլ նաև սայլակի լայնությամբ ևս որոշակի տարածք է հարկավոր: Այստեղ ոչ մի ներդրում պետք չէ, գումարներ ծախսելու անհրաժեշտություն չկա, ընդամենը գծանշել է պետք, որ այս տեղը այս մարդկանց համար է: Եթե կա կայանատեղի, որը 11 մեքենա է տեղավորում, ուրեմն դրանից գոնե մեկը հաշմանդամի համար նախատեսված պետք է լինի ու միշտ ազատ լինի: Պատկերացրեք՝ հաշմանդամ վարորդ, իսկ այդպիսինները քիչ չեն ու չկա կայանելու տեղ, իսկ մեր քարուքանդ փողոցներով շատ դժվար է տեղաշարժվել սայլակով», - ասում է Ա. Ալավերդյանը:

 Այսպիսով. Եթե վերը թվարկված հարցերը դեռևս օրենսդրորեն կարգավորված չեն, ապա դեռևս վաղ է Երևանում վճարովի ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման նոր ձև սահմանել ու հապճեպ կիրառել: Հետևապես, մեր կարծիքով ներկա վիճակում Երևանի քաղաքապետարանի ու մասնավոր ընկերության գործառույթները դիտվում են ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող և ապօրինի:

 «Ա. Դ. Սախարովի անվ. Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

13.08.2013թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter