HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ Հրայր Թովմասյանին

Հարգելի պարոն նախարար,

Ցավով պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետի կողմից ղեկավարվող կառույցի աշխատակազմը «փայլում է» իր ոչ պրոֆեսիոնալիզմով ու անպատասխանատվության զգացումով, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը, ինչի արդյունքում էլ մենք հաճախ ունենում ենք սոցիալական ընդվզումներ:

Չնայած, այս հարցում իր մեղքի բաժինն ունի նաև ՀՀ արդարադատության նախարարությունը, քանի որ Երևանի քաղաքապետի և Երևանի ավագանու նորմատիվ բնույթ կրող որոշումների նախագծերն, ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջների, պարտադիր պետական իրավական փորձաքննությանն են անցնում ՀՀ արդարադատության նախարարությունում, այնուհետև պետական գրանցում ստանում և պաշտոնապես հրապարակվում:

Զարմանալի է, որ այն հակասություններն ու թերությունները, որոնք առկա են «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում և դրանից բխող իրավական բոլոր ակտերում, այդ թվում նաև` Երևան քաղաքի ավագանու, ՀՀ արդարադատության նախարարությունը չի նկատել և պատշաճ հսկողություն չի իրականացրել («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդված):

Ինչպե՞ս կարող է Երևանի քաղաքապետարանն ու Երևան քաղաքի ավագանին, առանց հանրային քննարկման, սոցիալ-տնտեսական, իրավական համապարփակ վերլուծության, դրանց ընդունման արդյունքում հնարավոր փոփոխության կամ ազդեցության գնահատման, հապճեպ որոշումներ ընդունել և կիրառել:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, հասարակության բուռն արձագանքի ու բողոքի ակցիաների հիման վրա, Երևանի քաղաքապետը ստիպված եղավ կասեցնել իր և Երևանի ավագանու կողմից ընդունված երկու իրավական ակտերի գործողությունները:

Ինչպես պետական կառույցներն, այնպես էլ Երևանի քաղաքապետարանը բացարձակ չի կիրառում և պահպանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի, 27.1-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» հ. 296-Ն որոշման պահանջները:

Փորձը ցույց է տալիս, որ Երևանի քաղաքապետարանը ցանկացած տեսակի իրավական ակտ ընդունելուց առաջ չի ապահովում շահագրգիռ հանրության մասնակցությունն այդ ակտերի ընդունման գործընթացում, չի անցկացնում հանրային քննարկումներ, որոնց նպատակը պետք է լինի նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նախապես իրազեկումը, նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը:

Սրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում տուն-տնավարի ընդունել իմպերատիվ բնույթ կրող որոշումներ և պարտադրել բնակչությանը կատարել դրանց պահանջները: Գործնականում հանրության կարծիքը լսելի է դառնում միայն բողոքների ակցիաների ճնշման ազդեցության ներքո, ինչն, ըստ իս, անընդունելի է իրեն իրավական և ժողովրդավարական հռչակած և համարող պետության համար:

Մեր ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող իրավական բոլոր ակտերը, այդ թվում նաև` Երևանի ավագանու, որևէ նպատակ չեն հետապնդում, բացի գումար շորթելու հնարավորությունից:

Այսպիսով, ելնելով վերը շարադրվածից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ օրենքն ու իրավական ակտերն ընդունվել են ՀՀ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ` խնդրում ենք Ձեզ, օգտվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածով Ձեզ տրված իրավունքներից, դիմել օրենքի խախտմամբ իրավական ակտն ընդունած կամ կիրառող մարմին կամ համապատասխան լիազորություններով օժտված դրա վերադասին` առաջարկելով վերացնել օրենքի խախտումները:

Առդիր՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկանքը (9 թերթ):

«Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

Գործադիր տնօրեն` Լեւոն Ներսիսյան

Մեկնաբանություններ (1)

NAREK
Հոդվածի հետ ամբողջությամբ համամիտ եմ ուղակի Լևոն Ներսիսյանը հաշվի չի առել թե ով է գրպանելու գումարի 70 % -ը,,Ինչը կխանգարեր որ այս աշխատանքները թողնեին քաղաքապետարանի վրա և ստացված եկամուտները ծախսվեր տրանսպորտի բարելավման կամ քաղաքին վերաբերվող այլ ոլորտներում,,,Խոսելուց բոլորը ամպագոռգոռ մտքեր են արտահայտում պետության կամ պետականության մասին...Երբ գալիս է թալանի պահը ամեն ինչ մոռանում են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter