Ավազակային հարձակման իմիտացիա՝ խաղատանը
Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել խաղատան աշխատակից, 1981 թ. ծնված Մինաս Վ.-ն և հայտնել, որ Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող խաղատանը կատարվել է ավազակային հարձակում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 13-ին Մինաս Վ.-ն զանգահարել է խաղատան տնօրենին և հայտնել, որ դիմակավորված անձը խաղասրահի հետնամասի դռան զանգը տալուց հետո, երբ ինքը բացել է դուռը, խաղասրահի մուտքի մոտ զենքի սպառնալիքի տակ պահանջել է գումար և ստանալով մոտ 168.000 դրամ՝ հեռացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում Մինաս Վ.-ն խոստովանել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ ինքը, նախօրոք փչացնելով խաղասրահում տեղադրված տեսախցիկների ձայնագրման սարքավորումը, յուրացրել է վերը նշված գումարը՝ իր անձնական կարիքները հոգալու համար և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ստեղծել է ավազակային հարձակման իմիտացիա:
«Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել