Փոխվարչապետն ընդունել է ՀԲ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավարին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարության, ՀՍՆՀ-ի ընթացիկ և առաջիկա տարիների ծրագրերին վերաբերող հարցեր:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել նաև ՀԲ փորձագետներ, արդեն մշակվել է ՀՍՆՀ զարգացման ռազմավարությունը, որն արժանացել է նաև ՀԲ թիմի դրական գնահատականին: Փոխվարչապետը կարևորեց շահագրգիռ նախարարությունների մասնակացությամբ փաստաթղթի քննարկումը, մոտեցումների վերջնական հստակեցումը, որից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարությանը:
Կողմերն անդրադարձան նաև ՀՍՆՀ ընթացիկ ծրագրին: Մասնավորապես տեղեկացվեց, որ դեռևս չի իրականացվել համայնքապետների ուսուցում նախատեսող բաղադրիչը: Փոխվարչապետն առաջարկեց ուսուցումները կազմակերպել առաջիկայում նախատեսվող համաժողովների շրջանակում և ընտրել արդիական թեմաներ, որոնք կարծարծեն նաև տեղական ինքնակառավարման համակարգում նախատեսվող բարեփոխումների ուղղությունները:
Քննարկվեցին նաև Երկրի աջակցության նոր ռազմավարության շրջանակում ՀՍՆՀ ծրագրերի համար հատկացվող միջոցների ծավալներին, ՀՍՆՀ ծրագրերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել