Կարմիր, կարմիր արեւ էր
Հարություն Հարությունյան
Աղոթրանին ծիրանենին ծաղկեց: Գարունը դեռ ճամփին էր, բայց ծառը ծաղկեց: Ծեր աքաղաղի ծուղրուղուի մեջ տագնապ կար: Սովորական աքլորականչ չէր: Հաբեթը ծանր վեր կացավ անկողնուց, պատուհանից նայեց կարմրած երկնքին եւ աչքից չվրիպեց նոր նոր հարսնացած ճյուղերը:
-Թուուու, էլի խաբվեց,- ասաց ու ծանր քայլերով դուրս եկավ բակ:
-Մարդ էլ էսքան միամիտ լինի, հենց արեւի մի շշկլված շող է տեսնում, անմիջապես հավատում՝ բացվում է:
-Ում հետ ե՞ս խոսում,- կինն էր,- քունդ էլի փախա՞վ:
-Ում հետ եմ, ում հետ,- քթի տակ փնթփնթաց Հաբեթը,- մեր աղջկա հետ եմ խոսում , նորից բռնեց ու հարսնացավ, հեսա գլխին սեւ ամպեր են կախվելու,- ասաց ու շարժվեց գոմի կողմը: Այգու անդորրը խախտեց դռան ճռոցը: Արեւի հետ այգին արթնացավ: Աքաղաղը նորից կանչեց: Ազատ էր, բայց ձայնը խռպոտ, նույն՝ տագնապով:
-Է~, մրոտ, մրոտ,- դու ավելի խելոք ես քան էս ծառը: Քո նախնիների տեսածն ու զգացածը գեներով է քեզ փոխանցվել, դրա համար էլ զգում ես վտանգը: Էս միամիտը,-գլխով դեպի ծառը թեքվելով, շարունակեց Հաբեթը,- մեզ պես, միշտ խաբվել է: Մենք էլ հո քեզ պես վանեցի չենք, որ բնազդով զգանք գլխներիս գալիքը:
Մրոտը, որ կարծես հասկացավ Հաբեթին, քոքոզ մոտեցավ ցեղակից վառեկներից մեկին:
-Ջո~ւ, ջու ջու ջու,- Վարդիշաղն էր, հավերին էր կերակրում:
-Կամ մի երկու հատ էլ աքլոր բեր կամ...
-Մտքիցդ հանի, ես մրոտին չեմ մորթի,- խենթ խենթ կնոջ կողմը նայեց Հաբեթը:
-Մեղք ա, մենակ ա մնացել էսքան վառեկների հետ: Վրան միս, էլ չկա, իչքան ուժ ունի սրանց վրա է ծախսում:
-Ինքն իր հարեմը, քեզ ի՞նչ:
-Պահքն անցնի մատաղ ունեմ անելու, խոստացել եմ:
-Մրոտը մատաղացու չի, գնա քեզ համար աքլոր ճարի: Համ ասում ես վրան միս չի մնացել, համ էլ աչք ես դրել, որ մատաղ անե՞ս:
-Խոստացել եմ
-Ում համար ,խոստացել ես, նրան էլ դիմի:
-Անսիրտ ես, անսիրտ,- քթի տակ փնթփնթաց Վարդիշաղը,- մարդ էլ սենց չոր սիրտ լինի: Իմ բալեքը ընդեղ, ռըսին քոծություն են անում իսկ դու...
-Ես ի՞նչ, -կտրեց Հաբեթը
-Դու... մի աքլորն ի՞նչ է, որ ափսոսում ես Աստծուն մատաղ անել:
-Դու, քո Աստված: Գնա հետը լեզու գտիր: Իրենց քոծության ես չեմ ուղարկել: Ինչ ես էի ուտում , նույնն էլ թող իրենք ուտեին ու սթրվեին տեղները,- ասաց Հաբեթն ու շոյեց ծիրանենում բունը:
Շունը՝ Բողարը, որ մարմինը ձիգ էր տվել արեւաշողին, hաչաց: Հաչոցն էլ շնավարի չէր, ոռնոց ու կաղկանձ իրար խառնված ձայն էր:
-Սրան ի՞նչ եղավ,- դժգոհեց Հաբեթն ու մոտեցավ շանը:
-Հը՞, քեզ ինչ եղավ, չլինի դու էլ անտառը կարոտեցիր: Գնա, դու էլ գնա, մնացել ես , որ ի՞նչ... հսկելու բան էլ չկա: Դու էլ անգործությունից ես ծերացել:
Բողարը փոխեց դիրքը եւ պոչն աջ ու ձախ շարժեց: Տերն էր հետը զրուցում, միշտ այդպես էր: Հաբեթը շոյեց Բողարի գլուխը եւ ծանր քայլերով շարժվեց տան կողմ: Արեւը խաղ էր մտել: Մեկ ծակում էր, մեկ էլ թաքնվում ամպերի ետեւում:
Կարմիր, կարմիր արեւ էր:
Հաբեթը մոտեցավ սեղանին: Խաշիլն արդեն պատրաստ էր: Փորձեց ուտել: Կուլ չեր գնում, համն էլ տարօրինակ էր: Բերանում դառնություն կար: Հետ հրեց ափսեն, վեր կացավ եւ վառեց արդեն հինգերորդ սիգարետը: «Մեկ ժամում հինգ սիգարետ, շատ չէ՞» մտածեց, բայց վառեց: Ծուխը կլլեց ծարավ թոքերի մեջ բայց, զգաց, ծարավը չհագեցավ: «Չի օգնում, թույլ է», նորից մտածեց ու բարկությունը ասեց կարկուտի նման թափեց կնոջ գլխին:
-Էս ի՞նչ ես առել: Քեզ ասել էի «պրիմա» կբերես, էս օյինբազութունը ինչի ես առել:
-Մեղկ ես, հերիք է մախորկա ծխես, առողջությանդ տիրություն արա:, ասաց կինը եւ որպես արդարացում օրինակ բերեց աշխարհից հեռացած հարեւանին:
-Գարուշը դրանից գնաց: Ուզում ե՞ս Գարուշի օրն ընկնե՞լ:
-Գարուշը դարդից գնաց,- ասաց,- Գարուշի մինուճարը հերոսացած գնաց...Գարուշը՝ դառնացած իր մինուճարի մոտ գնաց:
-Հա,-չընդիմացավ Վարդիշաղը, -Խեղճ մարդը տղուց հետո մոմի պես հալվեց , վերջացավ:
-Գարուշը դարդից գնաց բայց նրա դարդը հերոսական էր: Իմը ՝ փախստականի դարդ է՝ դասալիքի: Հանձնվեցին չէ՞; Ոչ ոք խալի չէր փռել նրանց ոտքերի տակ եւ չեր սպասում, չէ՞:
-Ի՞նչ հանձնվել, ծրագրով են գնացել: Որ պետք չլինեին, չէին տանի:
-Հանձնվել են, գլխիս լոլո մի կարդա: Ծրագրով Ցելինա էին տանում՝ երեք ամսով...սա ծրագիր չէ, սա առիթից օգտվել ու խաբել տանել է:
-Նորից սկսեցի՞ր, երեխեքը մնային ի՞նչ անեին: Վատ է՞, որ նորմալ ապրում ե՞ն, որ գործ ունեն, որ թոռներդ կրթություն կստանան՝ մարդ կդառնան:
- Ասում են էն հարեւան Մուկիուչի հարսը լավ աղջիկ է,-ասաց Հաբեթն ու խոժոռ նայեց կնոջը:
-Ասում ե՞ն,- զարմացավ Վարդիշաղը,-մոր արգանդը չորանար, դրան չունենար, կամեցողինն էլ հետը: Մուկուչենց տունը քանդեց, հողեմ դրա գլուխը
-Դե, հարեւանի հարս է: Լավն է, ասում են..., ջահելներն են ասում:
- Հա, կասեն: Ջահելների աչքերին փառ կա, կասեն,- ասեց ու խաչակնքեց,- մեղա, մեղա քեզ տեր Աստված:
Հաբեթը պիջակը ուսերին գցած ծանր քայլերով նորից դուրս եկավ:
-Կմրսես, հազիվ էս ոտքի կանգնել,- անհանգստացավ կինը:
-Ոտքերումս դող կա, չքայլելուց է,- ասաց ու թե,- չէ, դարդից է, հիվանդությունն էլ դարդից է, բերանի դառնությունն էլ,ձեռների դողն էլ: Դրանից ազատվելու մի հնար կա:
-Քո դարդը քո թոռներն են, իմն էլ,- հոգոց հանելով ասաց Վարդիշաղը: Օրը կգա, բարին հետը: Ասաց չէ՞, փող կուղարկի, կգնանք:
-Ես չեմ գա, դու, եթե այդքան շատ ես ուզում դռները կկողպես, կգնաս:
-Բա դո՞ւ,- զարմացավ Վարդիշաղը:
-Ես ճամփորդ եմ, մնալու եմ,- ասաց Հաբերթը: Անընդհատ քոչել ենք: Ամեն երրորդ սերունդ գաղթական է: Ժամանակին պապուս էի մեղադրում, որ չեն կռվել ու մեր ունեցած չունեցածը թողել փախել են: Երեւի պապս էլ իմ պես, իր պապուն էր մեղադրում: Ես չեմ ուզում ինձ մեղադրեն: Թող իրենց անոգիության համար մեղադրեն իրենց հորը , որ դասալիք դարձավ ու իրենց փախստական դարձրեց:Թե չէ այնպես է ստացվում թե միշտ պապերն են մեղավոր: Էս է, կամ ստեղ կամ պապական օջախում....Այստեղից ավելի մոտ է: Որքան հեռանանք այնքան կկտրվենք ու անհոգի կդառնանք:
Բողարի կաղկանձը ավելի նյարդայնացնող էր դառնում: Հաբեթը մոտեցավ շոյեց Բողարի մեջքը, հետո թոկն արձակեց,
- Գնա, ազատ ես, դու էլ գնա,- ասաց,- գնա որտեղից եկել ես: Դու կարող ես, քեզ չեն արգելի:
Բողարը ոչինչ չհասկացավ: Գլուխը դեպի արեւը բարձրացրած ծույլ ձգվեց ու գայլի պես ոռնաց: Հաբեթն էլ վերեւ նայեց:
Կարմիր էր: Կարմիր, կարմիր արեւ էր...
Հաբերթը քայլերն ուղղեց հարեւան Գարուշի այգու կողմը: Այգուց մուտք կար: Տարիներ շարունակ այդ ոտքի ճամփան չէր կանաչում: Այդտեղով էին իրար այցելում՝ մի տան պես նստում էին հացի, բաժակ բարձրացնում, հաց թխում եւ օղի թորում, մինչեւ , որ Գարուշը գնաց: Մանկուց լավ ընկերներ էին , նույն երկրացի, նույն գաղթականի թափորից սերված: Գարուշի տղան սահմանային կռիվներում զոհվեց: Հաբեթինը ոչ միայն չկռվեց այլ հավաքեց քոչն ու հեռացավ:Այդ օրը Հաբեթը ինչպես ասում են՝ մեռած էր թաղված չէր ու այդպես՝ գլխիկոր ապրեց:
Կանաչ բռնած արհետով Հաբեթը մտավ հարեւանի բակ ու հարեւանուհուն բարեւելուց, հալ ու քեֆ հարցուփորձ անելուց հետո խնդրեց.
-Սիրտս Գարուշի քաշած հոնի օղուց ուզեց, մնացել ա՞:
Անահիտը մտավ տուն եւ վերադարձավ օղու շիշը ձեռքին: Դրեց սեղանի եւ այն է ուզում էր գնալ հացի ետեւից Հաբեթը կանխեց.
-Պետք չի , նստի, մի բաժակ բան եմ խմելու ,- ասաց ու լցրեց բաժակները:
-Հետս խմի,- ասաց ու խմեց:
Անահիտն էլ խմեց: Հետո լուռ էին: Շունչ չկար, միայն Բողարի կաղկանձն էր լսվում:
Լռությունը խախտեց Հաբեթը:
-Դու կիմանաս Անահիտ, դարդն ի՞նչ գույնի է:
-Դարդը գույն չունի, անգույն է,- ասաց Անահիտը,- գույնի մեջ ժպիտ կա, կյանք կա: Դարդը տանում է, չի ժպտում, չի ապրեցնում: Դարդը դարդ է ավելացնում: Գարուշս դարդից գնաց:
-Չէ,- ասաց Հաբեթը,- դարդը հողի ու արյան գույն ունի: Դարդն էլ հոգի ունի:
Ասաց ու վեր կացավ:
-Գնամ ես, Անահիտ ջան: Լավ մնա, քեզ նայի:
Հաբեթը հևալեն ոտքը շեմից ներս դրեց եւ երկինքը պայթեց: Ձյունախառն դեղին անձրեւ տեղաց, եւ օդը վայրկյանապես սառեց:
-Խաբվեց էլի,- ասաց Հաբեթը եւ հայացքը գցեց այգու միակ ծիրանենուն:
Հետո նստեց շեմին եւ ձայնեց կնոջը:
-Զանգիր, զանգիր դրան, ասա, թող գա ու քեզ տանի: Ասա թող գա, համ էլ ինձ կճամփի: Ես բեռ չեմ դառնա,- ասաց ու նայեց երկնքին:
Բողարի մահաբոթ ոռնոցը ուժգնացավ: Երկինքում արեւի կարմիրը խառնվել էր նամռոթ ամպերին: Հաբեթը ծանր, շատ ծանր շնչեց ու տեսավ՝ բերանից հողե գունդ դուրս եկավ, լուծվեց դեղին անձրեւի մեջ: Մի վերջին անգամ աչքերով փնտրեց, գտավ ու սառեց:
Կարմիր, լերդացած արյան պես արեւ էր ու հողե չարագույժ անձրեւ...:
Ամառ 2013թ., Աշտարակ
Լուսանկարը՝ Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել