Երբ խոսում է ցասումը
Մի՞թե Հայաստանում պետք է ապրեն միայն խաբեբաները
Այսօր բազմաթիվ անգամներ է խոսվում դատական համակարգի բարեփոխումների մասին: Երկրի նախագահը 2012թ. օգօստոսի 31-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում հանդիպում է ունեցել ՀՀ բարձրագույն դատական ատյանի և դատական իշխանության ներկայացուցիչների հետ և բարձրացրել է շատ ցավոտ հարցեր: ՀՀ քաղաքացիները, ովքեր այս կամ այն հարցը իրավական ճանապարհով լուծելու ակնկալիքով դիմում են դատարաններ, ցավոք սրտի հանդիպում են անարդարության, օրենքի կոպիտ ոտնահարումների, օրենքի ուղղակի և չարամիտ խախտումների, որի պատճառով կորցնում են իրենց վստահությունը այդ համակարգի նկատմամբ:
Ես՝ մշակույթի վաստակաշատ գործիչս, անբասիր իմ աշխատանքով ապրել և շարունակում եմ ապրել իմ հայրենիքում: Առաջին անգամ բախվեցի արդարադատության համակարգին և խորը հիասթափություն ապրեցի: Որդուս և ամուսնուս 1/2 ժառանգության մասով պատկանող բնակարանը խլեցին բառիս բուն իմաստով: Չցանկանալով ձանձրացնել քեզ, սիրելի ընթերցող, այս սպառնալիքներով լի պատմության աներևակայելի խաբեբայության տարատեսակ ձևերով, որոնք անկասկած մի հիանալի նախադեպ կարող են դառնալ դատական համակարգի համար, ավելացնեմ միայն, որ ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Ատլանտիս տուր 4+1» ընկերության աշխատակցի (նախկին հարսիս)՝ մեզ համար անհայտ և անհասկանալի մոտ 46 մլն դրամ պարտքը փաթաթվեց մեր և ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների («Ֆան Տուր», «Սփեյս Թրեվըլ», «Ֆորտունա», «Դոն Տուր», «Լաս Լայն», «Աէրոսթար» և «ՎորոնեԺ Պոլյոտ») «վզին», ցավոք, իրական հանցագործը մնաց ստվերում: Հանցագործը հանցագործ, սակայն հիրավի արդարադատության համակարգը հովանավորեց այս հանցագործին, ուրեմն համակարգի ամեն մի աշխատակից յուրովի հանցագործ է, ովքեր պաշտպանում են մեկը մյուսին, և դեմ ես առնում մի ամրակուռ պատի՝ դիմելով դատարան:
Լավ, մինչև ե՞րբ պետք է կեղծիքը ու կեղտը ճահճի պես իրենց մեջ ձգեն անմեղ ժողովրդի անբասիր զավակներին, քանի՞ տարի է անհրաժեշտ, որ բարեփոխվի այս համակարգը: Ինչո՞ւ պետք է խաթարվեր ընտանիքիս անդորրը, երբ «Ատլանտիս տուր 4+1» ՍՊԸ-ն ուղղակի պարտավոր էր դիմել դատարան և իր աշխատակցին մեղադրել, այլ ոչ թե դրդեր վերջինիս հանցագործության, թե ինչ գնով էլ լինի փակել պարտքը: Արդյունքում տուժեցին իմ ընտանիքը, բազմաթիվ անհատ ՀՀ քաղաքացիներ, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններ: Տնազուրկ եղան որդիս և 7 տարեկան թոռնիկս՝ զրկվելով ընդամենը 54քմ տարածքով բնակարանից, իսկ խլողները իրենց թանկարժեք ավտոմեքենաներով ու բազում օֆիսներով տեսնես խղճի խայթ չե՞ն զգում իրենց արարքի համար, որ զրկել են մարդուն ընդամենը գլխին ծածկ ունենալու հնարավորությունից, զրկել են իր իսկ դառը քրտինքով վաստակած միակ ունեցածից:
Երկու անգամ քաղաքացիական հայցով դիմել ենք դատարան, և հայցերս մերժվել են: Իմ խորը հիասթափությունը և ցասումն եմ արտահայտում Նորք-Մարաշ և Կենտրոն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ Էդիկ Ավետիսյանի և Ա. Սուքոյանի նկատմամբ, որոնք, մեկը մյուսին կրկնելով, դատավորի տված երդումը մոռացած, խիղճը գրպանները դրած ու ամուր փակած, կայացրին անխիղճ մի վճիռ, կարծես ժողովրդի թշնամի լինեն և ոչ թե դարավոր: Էլ չեմ ասում, որ վճիռը գրվել է բազմաթիվ սխալներով, անհիմն մեկնաբանություններով: Դատավորները դիտավորյալ չէին հրավիրում պատասխանող կողմին, որպեսզի չբացահայտվեր ճշմարտությունը: Ավաղ, նույն վճիռը, ժողովրդի լեզվով ասած, «քոփի-փեյսթ» արեցին վերաքննիչ և վճռաբեկ դատարանները:
Ուզում եմ մեջբերել անգլիացի փիլիսոփա Ֆ. Բեկոնի հետևյալ մտքերը. «Անարդարացի մեկ դատավճիռը առաջ է բերում ավելի շատ դժբախտություններ, քան անհատ մարդկանց կատարած շատ հանցագործություններ. վերջինները փչացնում են միայն առվակները, միայն առանձին շիթեր այն դեպքում, երբ անարդարացի դատավորը փչացնում է բուն ակունքը՝ հավատը»:
Ստիպված դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին, գուցե քրեական գործի շրջանակներում հնարավոր լինի բերման ենթարկել «Ատլանտիս տուր 4+1» ՍՊԸ-ի մեղավորներին: Խորին շնորհակալությունս եմ հայտնում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսյանին, ով արձագանքեց նամակիս և կայացրած որոշմանը նպաստեց, որ ինձ ու որդուս հրավիրեցին գլխավոր դատախազի տեղակալի մոտ: Ի զարմանս ինձ, հավաքված դատախազները լսեցին մեզ, և ներկայացված փաստաթղթերի ու մեր բացատրագրերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Սրտիս մի անկյունում փայփայում եմ դեռևս չհանգած արդարության զգացումը, որ մի օր տան իրական տերերը բացելու են իրենց տան դուռը, իսկ տան պատերը դիմավորելու են իսկական տերերին:
Ցավում եմ իմ հայրեինքը լքող ամեն մի քաղաքացու համար, իսկ ի՞նչ անեն, երբ այլ ելք չունեն: Մի՞թե Հայաստանում պետք է ապրեն միայն խաբեբաները, իսկ արժանավորները տառապեն կարոտախտից:
ՀՀ քաղաքացի Գոհար Մարգարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել