HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կշարունակի օժանդակել Աֆղանստանում խաղաղության հաստատմանը

Երեկ Բեռլինում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը` շարունակելու օժանդակել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Էդվարդ Նալբանդյանը նաև շնորհակալություն հայտնեց Գերմանիայի իշխանություններին Աֆղանստանում հայկական զորախմբի տեղակայման և ծառայությանն առնչվող հարցերում արդյունավետ համագործակցության համար:

Բեռլինում Էդվարդ Նալբանդյանը նաև հանդիպում ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձան հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիներին, քննարկեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Երկուստեք նշվեց, որ երկու երկրի միջև հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով զարգանում է փոխգործակցությունը, ստեղծվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, համագործակցությունը՝ մշակութային և կրթական ոլորտներում:

Քրիստոֆ Հոյսգենի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Ավստրալիայի արտգործնախարար Քևին Ռուդի հետ էր: ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ` նախարարները մանրամասն քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter