Ֆինանսների նախարարությունը սկսել է հրապարակել գնումների բոլոր պայմանագրերը
Օգոստոսի 14-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մասնակցեց ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և «Գնումների աջակցման կենտրոնի» նախաձեռնած, գնումների գործընթացի կազմակերպմանն ու ընթացակարգերին նվիրված քննարկմանը:
Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց երկու կազմակերպությունների համագործակցությունը և հատկապես համատեղ ջանքերով ստեղծված՝ գնումների մասին օգտակար և ուսուցողական ձեռնարկը: Նախարարն ընդգծեց, որ գնումների ոլորտի բարեփոխումները ֆինանսների նախարարության առաջնահերթություններից են:
Դավիթ Սարգսյանի խոսքով՝ այսօր գործում է գնումների ապակենտրոնացված համակարգ, երբ ֆինանսների նախարարությունը և գնումների աջակցման կենտրոնը կարգավորում են ոլորտը, իսկ գնումներն իրականացնում են պետական մարմիններն ու նրանց մասնագետները: Այս պարագայում մեթոդական ձեռնարկը բանախոսը կարևոր գործիք համարեց թե այդ մասնագետների, թե բիզնեսի՝ հատկապես փոքր ու միջին, ներկայացուցիչների ձեռքում:
Դավիթ Սարգսյանը խոսեց նաև գնումների համակարգի թափանցիկության և գործընթացում հասարակության ներգրավվածության մասին՝ նշելով, որ պետությունն ավելի ու ավելի է ընդլայնում հասարակությանը տրամադրվող տեղեկությունների շրջանակը: Պաշտոնական կայքէջերում այսօր կարելի է գտնել գնումների մրցույթներում հաղթողների մասին տեղեկություններ, մեկ անձանցից գնումների պայմանագրերը, բյուջեի ինտերակտիվ ծախսերը և այլն:
«Ներկայում յուրաքանչյուր օր, ինտերակտիվ բյուջեի շնորհիվ, կարելի է հետևել կատարված բոլոր ծախսերին, բյուջեից բոլոր փոխանցումներին: Այսօր մենք գնում ենք մեկ քայլ առաջ, և արդեն իսկ կայքում մի քանի օր է՝ սկսել ենք տեղադրել բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են այդ փոխանցումների հիմքում: Մինչդեռ նախկինում տեղադրվում էին միայն մեկ անձի միջոցով կատարված գնումների պայմանագրերը: Սա ևս մեկ լրացուցիչ խթան կհանդիսանա մեր վերլուծաբանների համար՝ հետևելու պետության գործունեությանն այս ոլորտում»,- ասաց Դավիթ Սարգսյանը: Այս մասին հայտնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել