HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաբկիր վարչական շրջանում բարեկարգվել ու վերակառուցվել է մի քանի բակ

Մայրաքաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրով, մասնավորապես, բակային տարածքներում իրականացվող բարեկարգման և կանաչապատման համալիր աշխատանքներին տեղում հետևելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Արաբկիր վարչական շրջանում էր:

Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող 1, 8 շենքերի բակային տարածքն այս տարվա ծրագրով վարչական շրջանում արդեն վերակառուցված տասնյակ բակերից մեկն է: Տարիներ շարունակ անխնամ թողնված տարածքն այլևս երեխաների և մեծերի համար առանձնացված և համապատասխան կահավորումով ապահոված հանգստի գոտի է: Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի և բնակիչների հետ շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին: Հիմնովին բարեկարգվել է նաև հարակից ֆուտբոլի խաղադաշտը:

Քաղաքապետի շրջայցի հաջորդ հասցեն Ադոնցի 9 շենքի բակն էր: Այստեղ ևս նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտված են, և տարածքը հանձնվել է բնակիչների տնօրինմանը: Նախատեսված աշխատանքների շրջանակում կառուցվել են սալապատ ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ, աղբամաններ: Նկարազարդումների շնորհիվ յուրօրինակ ձևավորում են ստացել նաև հարակից ավտոտնակների և այլ շինությունների պատերը:

Բարեկարգման ծրագրով ամբողջությամբ նոր տեսք է ստացել նաև Կոմիտաս 46 շենքի բակը, որի միանգամից երկու հատվածում հատուկ մանուկների համար ձևավորվել են գունագեղ ատրակցիոններով խաղահրապարկներ:

Խաչատրյան 23 և Օրբելի 8 շենքերի բակերում Տարոն Մարգարյանին առաջինը դիմավորել են տասնյակ երեխաներ և ուղեկցել բակեր: Այս բակային տարածքներն առանձնանում են հատկապես մեծածավալ նկարազարդումներով: Ինչպես երեխաներն են նշել, մի քանի շաբաթվա ընթացքում իրենց բակերը կերպարանափոխվել և հիշեցնում են հեքիաթի գրքերի պատկերազարդումները:

Տարոն Մարգարյանն ասել է, որ Երևանում կա շուրջ 5000 բազմաբնակարան շենք, որոնց հարակից բակային տարածքների մի մասը այս տարիների ընթացքում արդեն իսկ բարեկարգվել է, կառուցվել են նաև խաղահրապարակներ, պուրակներ ու հանգստի այլ գոտիներ:

«Հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերով շարունակելու ենք բակերի բարեկարգումը, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում Երևանի բոլոր բակերը լինեն միանման բարեկարգ ու խնամված: Անշուշտ, անելիքներ դեռ կան: Կան նաև տարածքներ, որոնք երկար տարիներ զբաղեցված են եղել մեր քաղաքացիների կողմից և ծառայել են որպես ավտոտնակներ կամ բոստաններ: Շատերը այսօր կամովին հանձնում են դրանք, որպեսզի բարեկարգվի և ծառայի բնակչությանը, ինչի համար իսկապես շնորհակալ ենք և կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին դառնալ այս գործընթացի մասնակիցն ու իրենց ներդրումն ունենալ քաղաքային նշանակության ծրագրերի կյանքի կոչման հարցում»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Կոմիտաս 27 հասցում ընթացող բակի բարեկարգման աշխատանքներին: Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Տարածքն ապահովվելու է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. կահավորվելու է զրուցարաններով, նստարաններով, մանկական խաղերով և մարզագույքով: Տարածքում անցկացվել է նաև ոռոգման նոր ցանց, և աշնանը կկազմակերպվի ծառատունկ: Ընդհանուր առմամբ, Արաբկիր վարչական շրջանում բակերի բարեկարգման ծրագրով կառուցվելու է ավելի քան 60 բակ:

Արաբկիրի Փափազյան փողոցի 21/2 և 23/1 շենքերի բակում Տարոն Մարգարյանը հետևել է նաև մայրաքաղաքում իրենց հանգիստ անցկացնող երեխաների համար կազմակերպված ճամբարային առօրյային: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter